Թամամյանը դատապարտվեց չորս տարվա ազատազրկման

24/03/2012

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ չորս տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանին: Նա մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 308 հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով` պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական դիրքը իր ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար` շահադիտական կամ այլ շահագրգռվածությունից ելնելով, եւ պաշտոնական լիազորությունները չարաշահելը, որը անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ: Գործով անցնող մյուս երկու մեղադրյալները` Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ Արմեն Պողոսյանը եւ Ոստիկանության հատկապես կարեւոր գործերով նախկին ավագ քննիչ Վահան Խանզադյանը, դատապարտվեցին պայմանական ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով եւ դատարանի դահլիճից ազատ արձակվեցին: Թամամյանի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, թե դատավճիռն արդարացի չէր: Փաստաբանն իր պաշտպանական ճառում միջնորդել էր դատարանին Թամամյանին պայմանական պատիժ նշանակել մեկ տարի փորձաշրջանով: Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք Թամամյանը կբողոքարկի դատավճիռը, թե՞ ոչ, ապա Գեւորգյանն ասել է, թե դա կախված է իր պաշտպանյալի որոշումից, եւ նրա հետ խորհրդակցելուց հետո կորոշեն այդ հարցը:

Հիշեցնենք, որ երեք մեղադրյալներն էլ ավելի վաղ ընդունել էին իրենց ներկայացված մեղադրանքը եւ դատարանին խնդրել իրենց նկատմամբ արագացված դատական կարգ կիրառել: