Չեն գնահատում

24/03/2012

ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը երեկ հրաժարվել է ՕԵԿ մամլո խոսնակի պարտականություններից, եւ հնարավոր է, որ առաջիկա օրերին լքի նաեւ կուսակցությունը` պատճառաբանությամբ, թե ինքն ՕԵԿ ղեկավարության կողմից գնահատված չի եղել ըստ արժանվույն: «Պատճառը հասկանալի է: Քանի որ որպես մամուլի պատասխանատու` կուսակցության կողմից գնահատված չեմ ըստ արժանվույն, ես դադարեցնում եմ իմ անդամությունը կուսակցությանը: Ես այդ եզրակացությանն եմ եկել ՕԵԿ համամասնական ցուցակում ինձ հատկացված տեղից»,- ասել է Ս. Աբրահամյանը: Հավելենք, որ վերջինս ՕԵԿ ցուցակում զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը: «Ես հասկացել եմ, որ մամուլի խոսնակի դերն ու արածը չի գնահատվում: Սա ռազմավարական նշանակություն ունեցող պաշտոն է, բայց չի գնահատվում, դրա համար էլ որոշեցի հրաժարվել»,- ասել է Աբրահամյանը:

Ի դեպ, երեկ ՕԵԿ-ից տեղեկացրին, որ Աբրահամյանի փոխարեն ՕԵԿ մամուլի նոր խոսնակ է նշանակվել Հարություն Ամիրյանը: