Բանկային ավանդների շուկայում զարմանալի բաներ են կատարվում։ Առեւտրային բանկերը մեկը մյուսի ետեւից բարձրացնում են ավանդների տոկոսադրույքները։ Այդ երեւույթին մեր նախկին հրապարակումներից մեկում հպանցիկ անդրադարձել ենք, սակայն կրկին հիշեցինք դրա մասին, քանի որ երեւույթը շարունակվում է։
Ավանդների տոկոսադրույքի բարձրացումը զարմանալի չէր լինի, եթե դրան զուգահեռ` բարձրանային նաեւ վարկերի տոկոսադրույքները։ Սակայն վարկերի ոլորտում հակառակն է` տոկոսադրույքներն իջնում են։ Առաջին հայացքից` ոչ մի վատ բան չի կատարվում, հատկապես՝ ավանդատուների համար։ Սակայն ավելի խորը դիտարկելու դեպքում մի տեսակ անվստահություն է առաջանում։ Երկարաժամկետ գրագետ ներդրողի համար բարձր տոկոսները մտավախություն կարող են առաջացնել ներդրման ապահովության տեսակետից: Բացի այդ, ռեսուրսի ներգրավման թանկացումը ենթադրում է տեղաբաշխման տոկոսի, այսինքն` բիզնես վարկերի տոկոսադրույքների բարձրացում, ինչը ընդունելի չէ` հաշվի առնելով ներքին շուկայի վիճակը:
Ավանդների պարագայում, ֆիքսված տոկոսադրույքի չափից բացի, դեր է խաղում մեկ այլ գործոն՝ գումարը ժամկետից շուտ վերցնելու պայմանները։ Ավանդը ցպահանջ հաշվից տարբերվում է նրանով, որ տոկոսադրույքը բարձր է, սակայն կոնկրետ ժամանակահատվածում ավանդատուն գումարը ետ ստանալ չի կարող։ Ավելի ճիշտ՝ կարող է վերցնել, սակայն տոկոսադրույք չի հաշվարկվի։ Կստացվի, որ ավանդատուն հենց այնպես՝ առանց օգուտի, մի քանի ամսով գումար է տրամադրել բանկին։ Իսկ սա ետ է պահում այն մարդկանց, ովքեր փողի մեծ ավելցուկ չունեն եւ վստահ չեն, որ իրենք վաղը-մյուս օր գումարի կարիք չեն ունենալու։
Բանկերը սա շատ լավ հասկանում են։ Այդ պատճառով էլո բացի տոկոսադրույքի բարձրացումից, առեւտրային բանկերը ավանդատուներին գրավում են մեկ այլ նորությամբ՝ ավանդը ժամկետից շուտ վերցնելու պարագայում ավանդատուի օգտին հաշվարկվում են որոշակի տոկոսներ։
Օրինակ՝ երեկ հերթական ակցիան է կազմակերպել «Կոնվերս Բանկը»։ «Արեւ» կոչվող ավանդային ակցիայի շրջանակներում (որն ուժի մեջ է մինչեւ մայիսի 31-ը) բանկը ավանդներն ընդունվում է ՀՀ դրամով` 1 տարի ժամկետով, տարեկան 12% տոկոսադրույքով եւ 200,000 ՀՀ դրամ նվազագույն գումարով: Ընդ որում, ավանդը պայմանագրով հաստատված ժամկետից շուտ` ներդրման պահից 3 ամիս հետո պահանջելու դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ 6% տոկոսադրույքով, իսկ 6 ամիս հետո պահանջելու դեպքում` 8% տոկոսադրույքով:
Մոտ 1 ամիս առաջ նմանատիպ ակցիայով հանդես էր եկել Զարգացման հայկական բանկը։ ԶՀԲ-ն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է մինչեւ մայիսի 31-ը ժամկետային նոր խնայողական ավանդ «Մաքսիմում»։ Ավանդը ընդունվում է 2 տարի ժամկետով, ՀՀ դրամով` 14%, ԱՄՆ դոլարով` 10%, Եվրոյով` 8% տարեկան տոկոսադրույքով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 500.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ, իսկ առավելագույնը` 50.000.000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ: Եթե ավանդի գումարի նվազեցումն իրականացվում է պայմանագրի կնքման օրվանից 6 ամիս հետո, եւ նվազեցվող գումարը չի գերազանցում ավանդի գումարի 50%-ը, ապա տոկոսագումարի հաշվարկն իրականացվում է ՀՀ դրամի դիմաց` 12%, ԱՄՆ դոլարի` 9% եւ Եվրոյի` 7% տարեկան տոկոսադրույքներով:
Ավելի վաղ էլ՝ նախորդ տարվա վերջին, ավանդային ակցիա էր արել «Անելիք Բանկը»՝ ավանդատուներին առաջարկելով «Վստահելի» կոչվող ավանդատեսակը (տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով ավանդների դեպքում` 12.3%)։ Բանկը հատուկ շեշտել է, որ «Վստահելի» ավանդատեսակով ավանդ ներդրած ավանդատուները հնարավորություն ունեն ցանկացած պահի, ցանկացած գումարով ավելացնել կամ հետ վերցնել ավանդը կամ նրա մի մասը, նույնիսկ պայմանագրում նշված ժամկետից շուտ` համապատասխան ամսվա տոկոսների պահպանմամբ:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ այս մրցակցությունը շարունակություն է ունենալու։ Եվ այս պրոցեսի շարունակվելուն զուգահեռ, որքան էլ աբսուրդային հնչի, ժամկետային ավանդի եւ ցպահանջ հաշվի տարբերությունը վերանում է։
Նշենք, որ բանկերի այն մասը, ովքեր միջոցների ներգրավման խնդիրը չեն լուծում տոկոսադրույքի բարձրացման միջոցով, ակնհայտորեն դժգոհում են այս վիճակից։ Ոմանք դա անում են բացահայտ, ոմանք՝ մասնավոր զրույցներում։ Արտահայտվողներից մեկն, օրինակ, «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահ Արմեն Նալջյանն է։ Վերջերս տված հարցազրույցներից մեկում նա ցավոտ խնդիր է անվանել արտասահմանյան կապիտալով ստեղծվող բանկերի դեմպինգային գործելաոճը։ «Այլ բանկերից հաճախորդ ներգրավելու համար առաջարկվում են բարձր ավանդային եւ ցածր վարկային տոկոսադրույքներ, որը չի տեղավորվում ամենապարզ տնտեսագիտական հաշվարկի մեջ: Համոզվելու համար բավական է վերլուծել որոշ բանկերի տոկոսային եկամուտների եւ ծախսերի ցուցանիշները: Մենք կողմնակից ենք ազնիվ մրցակցության, քանզի ցանկացած դեմպինգ ունի իր ներքին շեմը, եւ խաթարված շուկան որոշակի ժամանակ անց սկսելու է հակառակ գործընթացը` վնասելով բոլորին»,- ասել էր Ա. Նալջյանը։
Հետաքրքիրն այն է, որ բանկային համակարգը համարվում է Հայաստանի տնտեսական դաշտի ամենակայացած եւ կուռ համակարգը, գոյություն ունի Բանկերի միություն, հետեւաբար նաեւ՝ խաղի ընդունված կանոններ, սակայն դեմպինգի դեմ ոչինչ չեն կարողանում անել։
Դժվար է ասել, թե այս ամենը որքան կշարունակվի եւ ինչ հետեւանքներ կունենա։ Ամեն դեպքում, ավանդատուները դրանից ոչինչ չեն կորցնում։ Առայժմ չեն կորցնում։ Իսկ ո՞վ է կորցնում՝ բանկե՞րը, որոնք բարձր տոկոսով ավանդ են ընդունում եւ ցածր տոկոսով վարկեր տալիս։ Նման բան մտածելն անգամ միամտություն է։ Այնպես որ, ավանդատուները ճիշտ կանեն չափից դուրս չոգեւորվեն՝ հիշելով, թե անվճար պանիրը (տվյալ դեպքում՝ տոկոսային եկամուտը) որտեղ է լինում։