«Քաղաքական ենթատեքստը պարզ է բոլոր «խաղացողների համար»,- ասում է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը

24/03/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

– Այս օրերին ԵՄԱ-ն մոնիտորինգ է իրականացնում ԶԼՄ-ների շրջանում նախընտրական փուլի լուսաբանման ուղղությամբ: Նախ` ո՞րն է այդ մշտադիտարկման նպատակը:

– Դա ընդհանրապես ԵՄԱ-ի ավանդույթ դարձած գործառույթն է: Դեռեւս 1996թ. կա՛մ միայնակ, կա՛մ գործընկերների հետ մշտադիտարկում ենք իրականացրել բոլոր նախընտրական արշավներին` համապետական եւ որոշ տեղական իշխանությունների, եւ բնականաբար, երբ մոտենում էր համապետական ընտրությունների նոր շրջանը` խորհրդարանական, ապա նախագահական, ուզում էինք լավ նախատրաստվել եւ հնարավորություններ գտնել նման նոր հետազոտություն իրականացնելու համար: Այդ նպատակով նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին մեր նախաձեռնությամբ, առանց որեւիցե աջակցության, իրականացրեցինք մոնիտորինգի նախապատրաստական փուլը, եւ մեկ ամսվա ընթացքում դիտում էինք 7 հեռուստատեսության եւ մեկ ռադիոընկերության հաղորդումները:

– Ինչո՞ւ տպագիր մամուլը չեք ընդգրկել:

– Վերջին տարիներին տպագիր մամուլը չենք ընդգրկում այն հիմնական պատճառով, որ տպագիր կամ առցանց լրատվամիջոցները լուսաբանման հատուկ պարտավորություններ` ո՛չ օրենքով, ո՛չ պրոֆեսիոնալ նորմերով, չունեն, մինչդեռ հեռարձակվող լրատվամիջոցները` օգտագործելով հանրային ռեսուրս հանդիսացող հաճախականություն, պարտավոր են ընտրությունները լուսաբանել որոշ կանոններով: Եվ այդ կանոնների նպատակն է (որը նաեւ մեր մշտադիտարկման նպատակն էր)` պատկերացում ստեղծել` ինչքանով է հավասար հնարավորություն տրվում բոլոր քաղաքական ուժերին` իրականացնել իրենց քարոզչությունը, նախընտրական գործընթացները, եւ երկրորդը` հասկանալ, թե ինչքանով է հայաստանյան եթերից ստացած լուսաբանումը հնարավորություն տալիս ընտրողներին իրազեկ եւ գիտակից ընտրություն կատարել: Այդ պատճառով ուսումնասիրում ենք կուսակցություններին տրվող եթերային ժամանակի ծավալը, անդրադառնալու հաճախականությունը, ինչպեսեւ այն, թե արդյո՞ք այդ նյութերում կան գնահատականներ համապատասխան կուսակցությունների վերաբերյալ: Դա հնարավորություն է տալիս հասկանալու, թե կարեւոր ինստիտուտ համարվող ԶԼՄ-ներն ինչպես են նպաստում ժողովրդավարական եւ արդար ընտրություններին, ինչն ընտրությունները գնահատելու կարեւոր ցուցիչ է: Մարտի 1-ից մենք սկսել ենք մշտական մոնիտորինգ, որը կընթանա մինչեւ ընտրությունները: Ի դեպ, մենք կարողացել ենք ստանալ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ Եվրամիության աջակցությունը:

– Իսկ ի՞նչ փոփոխություններ կառանձնացնեք նախորդ նախընտրական փուլի համեմատ, այսինքն` 2007թ.:

– Երկու հիմնական տարբերություն ենք տեսնում: Նախ` ընդհանուր քաղաքական ենթատեքստը պարզ է բոլոր «խաղացողների» համար, եւ այդ իմաստով լուսաբանումն ավելի հանգիստ է ընթանում` բացառելով նախորդ մի քանի օրերի ցուցակների հետ պայմանավորված աժիոտաժը: Նախորդ ընտրությունների ժամանակ հարաբերությունները կարեւորվում էին կուսակցությունների մեջ, իսկ այսօր կարեւորում է այն, թե ինչ է կատարվում կուսակցությունների ներսում: Դա բացատրելի է, քանի որ 2007թ. խորհրդարանական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունն անսպասելի ակտիվությամբ պայքարի մեջ մտավ, որը, կարծես, համատեքստը, այսպես ասած` «խառնեց»` լարվածություն եւ սրություն հաղորդելով ամբողջ նախընտրական գործընթացին: Եթե պատկերը համեմատենք 2008թ. նախագահական ընտրություններին, ապա այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի` քաղաքականություն վերադարձն իրավիճակը սրեց: Այս անգամ այդպիսի բաներ չկային, եւ այդ պատճառով լուսաբանումն ավելի հանգիստ է: Իսկ երկրորդ հանգամանքն այն է, որ երբեք այդքան չէր կարեւորվում ընտրությունների մասին ամբողջական կարծիքը` եւ՛ միջազգային կառույցների, եւ՛ հայաստանյան հանրության կողմից, ինչպես նաեւ այս օրերին անցկացվող մշտադիտարկումը, որոնք առավել մեծ պատասխանատվության զգացում են հաղորդել հեռարձակողներին: Նախորդ տարիների համեմատ` այս տարի լուսաբանումն ավելի քաղաքակիրթ ձեւով է իրականացվում:

– Արդյո՞ք այդ հանգստությունը պայմանավորված է, այսպես ասած` դերերի բաշխմամբ եւ ներքին պայմանավորվածություններով: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ` ժողովուրդը սիրում է գնալ հաղթողների ետեւից: Իսկ տվյալ պարագայում նշյալ ենթատեքստը խիստ հասկանալի է:

– Թերեւս կհամաձայնեմ, որ երբեւէ այդպիսի մեծ ցանկություն խաղի կանոնների եւ միգուցե նաեւ ընտրությունների վերջնական արդյունքի վերաբերյալ պայմանավորվածության հասնելու հարցում` չի եղել: Այսինքն` նախապես երկխոսությունն ընդդիմության հետ եւ այլն: Այդ բոլոր քայլերը միտված էին պայմանավորվածությունների ձեռքբերմամբ, տեղերի բաշխմամբ, որպեսզի ընտրությունները լավ տպավորություն թողնեին արտաքին աշխարհի վրա: Կարծում եմ` այդ միտումն այդքան էլ չստացվեց: Իսկ ստեղծված հանդարտ մթնոլորտի մասին խոսելիս` կրկին կառաձնացնեմ վերոգրյալ երկու հանգամանքները, այլ ոչ թե պայմանավորված լինելը: Իսկ թե արդյո՞ք քաղաքացիները կգնան ենթադրյալ հաղթողի ետեւից, կարծում եմ` դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ ականատես ենք նորագույն պատմության այնպիսի իրավիճակների, երբ, կարծես, ամեն բան պարզ էր, սոցիոլոգները նույնիսկ հստակ ասում էին տոկոսները, այնինչ երկու շաբաթվա ընթացքում ամեն ինչ փոխվեց: Դրա դասական օրինակը 1996թ. նախագահական ընտրություններն էին: Չեմ բացառում, որ նույնը կարող է տեղի ունենալ այսօր, եւ դա ոչ թե ընտրողների` պոտենցիալ հաղթողի հետեւից գնալու, այլ ընտրությունների արդյունքների նկատմամբ ընտրողների ապատիայի եւ հետաքրքրության բացակայության պատճառով, որը կանխատեսված հաղթողին հաջողություն է բերում: Եթե մարդիկ ուզում են իրենց քաղաքական կամքն արտահայտել նաեւ ընտրությունների միջոցով, ապա չեմ կարծում, թե նրանք ուղղակի գնում են ուժեղի հետեւից:

– Իսկ արդյո՞ք ուզում են: Անտարբերություն չե՞ք նկատում ընտրազանգվածի մոտ:

– Եթե համեմատենք 2007-2008թթ. ընտրությունների հետ, ապա այս վերջին ամիսներին` անտարբերությունն ավելի ուժեղ է արտահայտված: Բայց դա նորություն կամ անակնկալ չէ, քանի որ 1999թ. խորհրդարանական ընտրություններին բնակչությունն ուներ նման տպավորություն, ըստ որի` ամեն բան նախապես կանխորոշված էր, եւ որ իրենց ձայնից ոչինչ կախված չէ:

– Այսինքն` փուլերը կրկնվո՞ւմ են:

– Այո՛, դա կախված է այն հանգամանքից, թե արդյոք ընտրություններից առաջ լուրջ այլընտրանք ի հայտ գալի՞ս է: Այս անգամ այդ լուրջ այլընտրանքի առկայությունը շատ քիչ է զգացվում, բայց նորից կրկնեմ, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, եւ միգուցե իրավիճակը փոխվի:

– Իսկ Ձեր նշած «լուրջ այլընտրանքը» կարո՞ղ են լինել այն լրագրողները, ովքեր առաջադրել են իրենց թեկնածությունները:

– Դրանից էական որեւէ փոփոխություն չեմ ակնկալում, թեեւ լրագրողները, մանավանդ քաղաքական գործընթացները լուսաբանող լրագրողները, ունենալով համապատասխան փորձ, փոքր-ինչ կբարձրացնեն խորհրդարանի ընդհանուր որակը: Իսկ քանի որ լրագրողները հնարավորություն ունեն խորհրդարան մտնել կուսակցության համամասնական ցուցակներով, ապա տվյալ պարագայում իրենք նախապես պետք է պահեն իրենց այնպես, ինչպես կուսակցությունն է թելադրում: Ի դեպ, նշեմ, որ լրագրողների` ԱԺ ընտրությունների ցուցակներում հայտնվելը եւս նորություն չէ մեզ համար: 1995թ. խորհրդարանական ընտրություններին 12 լրագրող կար:

– Իսկ երբեւէ կուսակցական երգչուհի ունեցե՞լ ենք ԱԺ-ում:

– (Ժպտում է.- Մ.Մ.): Դա եւս նորություն չէ: Նախադեպեր ունեցել ենք: Ժամանակային առումով ամենամոտ նախադեպը Երեւանի ավագանու ընտրություններն էին, երբ ՀՀԿ ցանկում բազմաթիվ մտավորականներ էին ընդգրկվել:

– Պարոն Նավասարդյան, ինչպե՞ս կորակեք մերօրյա լրատվական դաշտը:

– Եթե խոսքը հեռուստատեսության մասին է, ապա միանշանակ, իշխանական շրջանակների կողմից վերահսկվելի լրատվամիջոց է: Այդ վերահսկողության պատճառով հեռուստաեթերում գերիշխում են զվարճալի տեսակի նյութերը, եւ քիչ անդրադարձ կա իրական խնդիրներին, ամենահետաքրքիր լուրերին: Եթե փորձենք ներկայացնել տոկոսային հարաբերությամբ, ապա Հայաստանում եւ Հայաստանից դուրս տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունների ընդամենը մեկ երրորդն է տրվում հեռուստաեթերով: Որպես տեղեկատվության աղբյուր` հեռարձակվող լրատվամիջոցներն իրենց դիրքերը զիջում են ամեն ամիս, եւ առաջին հերթին զիջում են առցանց լրատվամիջոցներին, որոնք հեռուստաընկերություններից շատ են, չեն վերահսկվում իշխող ուժերի կողմից, եւ բացի դա, անկախ նախաձեռնություններ կան, որոնք փորձում են պրոֆեսիոնալ եւ բազմազան ձեւով արտացոլել երկիրն ու աշխարհը: Տվյալ դեպքում հեռուստաընկերություններն ունեն լուրջ մրցակից, որը տեղեկատվական պահանջները բավարարելու միտումը շարունակելու դեպքում` միանշանակ առաջ կանցնի հեռուստաընկերություններից:

– Բայց այսօր սոցիալական ցանցերը դարձել են տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրներից մեկը, որոնք, կարծես, լուրջ մարտահրավեր են ԶԼՄ-ներին:

– Այսօր սոցիալական ցանցերը եւ առցանց լրատվամիջոցները հանդիսանում են լուրջ տեղեկատվության աղբյուր: Դրանք չեն հաղթել հեռուստատեսությանն այն պատճառով, որ առայժմ բնակչության քիչ տոկոսը հնարավորություն ունի օգտվել այդ տեղեկատվության աղբյուրներից: Քանի որ այդ տոկոսն աճում է, ապա պարզ է, որ մարդը նորություն իմանալու համար կօգտվի ինտերնետից, այլ ոչ թե հեռուստաընկերության լրատվական թողարկումներից: Լրատվամիջոցների մյուս տեսակը տպագիր մամուլն է, որտեղ քարոզչությունը դոմինանտ դեր է կատարում: Այսինքն` իրենք ավելի շատ հետաքրքրվում են քաղաքականությամբ ու նորություններով, քան` հեռուստատեսությունները, եւ միգուցե ավելի պակաս, քան առցանց լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերը: Քանի որ տպագիր մամուլը տնտեսական առումով լրատվամիջոցների շուկայի ամենաթույլ օղակն է, ապա եւ՛ քաղաքական ուժերի ազդեցությունը, եւ՛ լրագրության հեշտ ճանապարհին բամբասանքների հետեւից գնալու գայթակղությունն ավելի ուժեղ է արտահայտված: Չնայած դրան, ի տարբերություն հեռարձակողների, տպագիր մամուլն ունի առավելություն` բազմազան է, քանի որ տարբեր քաղաքական ուժեր, այդ թվում` ոչ իշխանական ուժեր, հնարավորություն ունեն իրենց խոսքն ասել: Եթե հեռուստատեսությունը իշխանական քաղաքական շրջանակների մենաշնորհն է, ապա այդ մենաշնորհը չկա տպագիր լրատվամիջոցներում:

– Ի վերջո, ՀՀ իշխանությունները տարբեր ամբիոններից հայտարարում են, թե Հայաստանը ժողովրդավար, լեգիտիմ երկիր է դարձել, մինչդեռ փաստացի վերահսկողության երեւույթը տարածում են հեռուստատեսություններում: Ինչո՞ւ: Ինչի՞ց են վախենում:

– Գիտեք` Հայաստանում քաղաքական կայունությունը թվացյալ է ցանկացած պահի: Հաշվի առնելով բնակչության բազմաթիվ խնդիրները, որոնցից առաջնահերթը տնտեսական խնդիրն է` բնակչության 35 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակի վրա: Այդ առումով Հայաստանում պոտենցիալ բողոքային էլեկտորատը մեծամասնություն է կազմում, որը քաղաքականապես ակտիվացնելու դեպքում շատ դժվար կլինի իշխանափոխությունից խուսափել: Ակտիվացման հիմնական միջոցն առայժմ մնում է հեռուստատեսությունը, քանի որ այդ բողոքային էլեկտորատը քիչ հնարավորություն ունի ինտերնետից օգտվելու, եւ որի տեղեկատվություն ստանալու հիմնական աղբյուրը մնում է հեռուստատեսությունը: Դա է պատճառը, որ իշխանությունները հեռուստաեթերում խուսափում են նույնիսկ փոքր անցք թողնել այլընտրանքային բովանդակության համար: Միեւնույն ժամանակ այս ընտրությունների պարագայում իշխանությունները գիտակցում են, որ եթե մեր հեռուստաեթերում լինի այն, ինչ 2008թ. էր, ապա միջազգային կառույցների բացասական արձագանքի տեղիք կտա: Ցավոք, ավելի շատ կողմնորոշում կա` բավարարել միջազգային կառույցներին, քան սեփական հասարակությանը: Եվ որպեսզի բացասական վերաբերմունք կամ արձագանք չլինի, պետք է պաշտպանել խաղի կանոնները նույնիսկ վերահսկվող հեռուստաեթերով: