«Ես հիշում եմ մեր կովին եւ երբեք չեմ մոռանա»

24/03/2012 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանի բոլոր կուսակցությունները միաբերան պնդում են` ՄԱՐԴ. ահա՛ մեր երկրի գլխավոր կապիտալը: Մարդը ծնվում է ազատ եւ ունի իրավունք զարգանալու եւ բարգավաճելու: Մարդու համար պետք է ստեղծվեն հնարավորություններ, որ նա աշխատի եւ կարողանա պահել իր ընտանիքը: Այդ դեպքում նա «երբեք եւ երբեք չի լքի իր հայրենիքը»: Հայաստանյան իրականությունն ու դեմոգրաֆիկ պատկերը ցույց են տալիս, որ այս խոսքերի թիկունքին չկա ոչինչ` երկար ծափահարություններից բացի: Մարդու (ավելի ստույգ` ընտրողի) հանդեպ կուսակցականների նման մտահոգության մոտիվը հիշեցնում է Անդրեյ Պլատոնովի «Կովը» պատմվածքը: Գյուղացի մի դպրոցական շարադրություն է գրում իրենց կովի մասին. «Կովը մեզ տվեց ամեն ինչ, այսինքն` կաթ, իր որդուն, միսը, կաշին, փորոտիքը եւ ոսկորները: Նա բարի էր: Ես հիշում եմ մեր կովին եւ երբեք չեմ մոռանա»:

Եվ, ահա, մարդուն մարդուց պաշտպանելու առաքելությամբ դեպի խորհրդարան են ձգվում քաղաքական կուսակցություններն ու գործիչները: Ընդ որում, մի զլացեք, կարդացեք բոլորի հարցազրույցները, նրանք գնում են ինչ-որ բան փոխելու: Չի եղել նախադեպ, երբ մեկը նրանցից հրապարակայնորեն նկատի, թե իր արժանիքներն այնքան էլ շատ չեն` խորհրդարանում տեղ զբաղեցնելու համար:

Երկրի քաղաքական էլիտան կազմող մարդիկ` առանձին վերցրած, իրենց տանը, կուսակցությունում, խնջույքի սեղանի շուրջ, կարծես լրիվ ադեկվատ են: Մարդկայնորեն կարելի էր հասկանալ անգամ ՕԵԿ-ի 15-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ կուսակցության համամասնական ցուցակի անդամների անվարժ քոչարին: Սակայն մի ամբողջ երկրի արժեքային համակարգի ձեւավորման վրա նրանց ունեցած ազդեցության չափը վտանգավոր մեծ է: Եթե կուսակցության ղեկավարը կարող է ասել, որ ինքն իր նախարարներին լրացուցիչ վարձատրում է, որպեսզի նրանք աչքը պետության գանձարանի վրա չտնկեն, սա խնդիր է: Եթե երկրի նախագահը չի նկատում իր երկրում տեղի ունեցող խորքային փոփոխությունները, որոնք արտագաղթի պատճառ են, սա եւս խնդիր է:

Եվ հիմա` խորհրդարանական ընտրություններից հինգ պակաս, այս եւ մյուս բոլոր կուսակցությունները հանրությանն են ներկայացրել իրենց համամասնական ցուցակները եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրումները: Ամեն դեպքում, հաջորդ գումարման խորհրդարանը խոստանում է լինել ավելի ներկայացուցչական եւ քաղաքական մարմին` ի տարբերություն գործող խորհրդարանի:

Հետաքրքիր է, որ ընդդիմադիր կուսակցությունները` «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, որոշ ընտրատարածքներում թեկնածուներ են դրել միմյանց դեմ: Այսինքն` նախապես անգամ չեն էլ քննարկել համատեղ գործունեության ռազմավարությունը: Իսկ կարող էին, եթե պատերազմ էին հայտարարել ընտրակեղծիքներին:

Ամենասկանդալայինը թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ-ը ներկայացնող Նիկոլ Փաշինյանի եւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի համատեղ ներկայությունն է:

Ընդդիմություն համարվող կուսակցություններից եւ ոչ մեկը թեկնածու չի առաջադրել թիվ 28 ընտրատարածքում, թեեւ ի սկզբանե հայտարարում էին, թե անխտիր բոլոր ընտրատեղամասերում պետք է թեկնածու առաջադրեն: Իսկ թիվ 28-ը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտրատարածքն է, ուր առաջադրվել է անկուսակցական Արմեն Ավդալյանը:

Ընդդիմությունը թեկնածու չունի նաեւ թիվ 35 ընտրատարածքում, ուր ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն ու անկուսակցական Հայկ Սուլթանյանն են:

Որքան շատերի համար անակնկալ էր «Ժառանգության» ցուցակը, նույնքան տարօրինակ է ՀՅԴ-ինը. ամենաակտիվ եւ գրագետ աշխատող պատգամավորներից մեկը` Լիլիթ Գալստյանը, ում ներկայությունը շատերին կստիպեր քվեարկել այս կուսակցության օգտին, ցուցակի «ոչ անցողիկ» համարվող 20-րդ հորիզոնականում է:

Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը եւս անթերի չէ: Տեղ-տեղ հիշեցնում է Շինդլերի (փրկվածների) ցուցակը: Ոմանց ներկայությունը ցուցակում, ստիպում է ՀՀԿ-ի նոր կարգախոսը` «Հավատանք, որ փոխենք», ուրախ ինտերպրետացիաների ենթարկել: Ցուցակի 16-րդ հորիզոնականը զբաղեցնող երգչուհի Շուշան Պետրոսյանը, ում խորհրդարան է տանում «սրտացավությունը», իր` մշակույթի նախարար նշանակվելու մասին լուրերը անհեթեթություն չի համարում: «Կարծում եմ` կհրաժարվեմ»,- համեստորեն առարկում է երգչուհին:

Կարելի է սրամտել, զվարճանալ: Ինչը եւ կարվի առաջիկա չորս եւ ավելի տարիներին: Թեեւ այս ամենը վաղուց արդեն ծիծաղելի չէ: