Կնոջ սպանությունն ամենևին էլ որդու պարտքերի պատճառով չէր

24/03/2012

Մարտի 21-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղում դաժանորեն սպանված Չինար Ուդոյանին, ըստ news.am-ի` ամենեւին էլ որդու պարտքերի պատճառով չեն դաժանորեն սպանել: Սպանությունը եղել է ավազակային հարձակման նպատակով: Իսկ դիակի վրա թողած գրությունը, թե` «Էս քո տղու համար, ինքը տարավ մեր փողերը, ես էլ խլեցի քո կյանքը: Հաջորդը մարդդ ա»` մարդասպանի կողմից արվել է գործի ընթացքը շեղելու համար: Այս մասին կայքի թղթակցի հետ զրույցում ասել է Ոստիկանության Արտաշատի բաժնի պետ` Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ում գլխավորությամբ 1 օրում օպերատիվ կերպով բացահայտվել է սպանությունը: Վերջինիս փոխանցմամբ` սպանություն կատարած անձը կալանավորված է: Նա նույն գյուղի բնակիչ, Չ. Ուդոյանի հարեւան 23-ամյա Գեւորգ Անդրանիկի Սարգսյանն է: «Նա այդ գրությունը տանն էր նախապատրաստել, քանի որ տեղյակ էր, որ սպանվածի որդու հետ կապված Ոստիկանությունում գումարային խնդիրների շուրջ գործ է քննվում, հետեւաբար, այդ գրությունը դրել էր, որպեսզի քննության ուղղությունը շեղեր, ինչը նշանակում է, որ սպանության պատճառն ամենեւին էլ պարտքերը չեն եղել: Շահադիտական նպատակներով, մասնավորապես` ավազակային հարձակման նպատակով է մտել նրանց տուն»,- նշել է Ա. Հովհաննիսյանը: Նրա խոսքով, սպանված կնոջ գողացված հեռախոսը հայտնաբերվել է Գեւորգ Սարգսյանի մոտ: Ներկա պահին աշխատանքներ են տարվում` պարզելու համար, թե մարդասպանն ուրիշ ինչ է տարել այնտեղից: Ըստ ձերբակալվածի խոստովանության, սպանության ժամանակ կինը ճանաչել է Գեւորգին եւ խնդրել, որ այդ բանը չանի, սակայն Գեւորգը դանակահարելուց հետո, վստահ լինելու համար` նաեւ դանակով կտրել է նրա վիզը: Ավելի վաղ կայքին հաջողվել էր պարզել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղում մարտի 21-ին, ժամը 19:00-ի սահմաններում հայտնաբերված կնոջ դիակը` Չինար Ուդոյանինն է. վերջինս ազգությամբ եզդի է: Այս մասին տեղեկացրել էր Ջրաշենի գյուղապետ Արտյոմ Ղազարյանը` հավելելով, որ դիակի վրա եղել է գրություն, որտեղ ասվում է, որ դա վրեժխնդրություն է: Գյուղապետը նշել էր, որ մանրամասների չի տիրապետում, քանի որ ոստիկանները դեռ աշխատում են, սակայն պատմել է, որ սպանվածն ունի 5 երեխա` 3 դուստր եւ 2 որդի, որոնք ապրում են Ռուսաստանում եւ Գերմանիայում: Նա Ջրաշենում ապրել է իր ամուսնու հետ, որտեղ զբաղվել են անասնապահությամբ: Գյուղապետի խոսքով, նրա ամուսինը կրթված մարդ է եւ եզդի համայնքի անդամ ու պարբերաբար գալիս է Երեւան աշխատանքի: Գյուղապետի փոխանցմամբ, նրանք անապահով ընտանիք չեն եղել, եւ նրանց ունեցած պարտքերի մասին էլ գյուղում տեղեկություններ չեն եղել:

Իսկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից Արմեն Մալխասյանը news.am-ին փոխանցել էր, որ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի` սպանության` 104 հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (սպանություն առանձնակի դաժանությամբ):