Արծվիկ Մինասյան. «Հայաստան է ներկրվում սերմնահեղուկ»։ Սուրեն Քրմոյան. «Կոնկրետ տեղեկություն տվեք՝ ստուգենք»

24/03/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օրեր առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն` անդրադառնալով «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» գործող օրենքին, հայտարարել էր, թե այն չի կարգավորում արտերկրից սեռաբջիջների ներմուծման կարգը:

«Չկարգավորված արհեստական բեղմնավորումը կարող է ազգային վտանգ ներկայացնել»,- չորեքշաբթի օրն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր Ա. Մինասյանը: Ի պատասխան, ԱԺ-ում ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշել էր, թե հանրապետությունում փոխնակ մայրության եւ արհեստական բեղմնավորման նախադեպեր կան, որոնք օրենսդրական բարդություններ չեն առաջացրել: Վերջինս ընդգծել է, թե այդ ոլորտը կարգավորվում է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով: Ա. Մինասյանն էլ հավելել էր. «Որոշ տեղեկությունների համաձայն` Հայաստան է ներկրվում սերմնահեղուկ` արհեստական բեղմնավորման նպատակով»: Այս հայտարարությունից հետո սկսեցին լուրեր շրջանառվել այն մասին, որ սերմնահեղուկի ներկրումը լուրջ վտանգ է սպառնում մեր ազգային անվտանգությանը: Բանն այն է, որ համաձայն շրջանառվող տեղեկությունների` հրեաներն այդ իմաստով աշխատում են թույլ զարգացած երկրների հետ: Այլ կերպ ասած` նրանք հրեական «ծագման» մեծ քանակությամբ սերմնահեղուկն «իրացնում» են սոցիալ-տնտեսական ճգնաժամ ունեցող պետություններում: Բնականաբար` շրջանառելով խոշոր ֆինանսական ռեսուրսներ, փոխարենը նրանք սուռոգատ` օտար մայրերից ստանում են հրեական մարդկային ռեսուրս: Այսինքն` թույլ զարգացած երկրները ստանում են մեծ փողեր` սուռոգատ մայրերի միջոցով հրեաների համար երեխա «արտադրելու» դիմաց: Հրեաները խոշոր ներդրում են կատարում աղքատ ազգաբնակչություն ունեցող պետությունների մայրերի վրա` իրենց դեմոգրաֆիական խնդիրը լուծելու հեռանկարով: Մինչդեռ, այս պարագայում տուժում է այն պետությունը, որի վերարտադրողական առողջությունն օգտագործվում է, եւ ոչ ոք երաշխիք չունի, որ սուռոգատ մայրերի վերարտադրողական առողջության կենսունակությունը դրանից չի տուժում: Հիշեցնենք, որ սուռոգատ մայրերից ծնված երեխան կրում է ոչ թե նման մոր գենոտիպը, այլ` կենսաբանական ծնողների` ձվաբջջի եւ սերմնահեղուկի դոնորների գենետիկ կոդը: Առողջապահության նախարարության Աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը հավաստիացնում է, որ սերմնահեղուկ ներկրելու համար նախ նախարարությունը պետք է թույլտվություն տա, մինչդեռ նման հայտ ներկայացնող չի եղել: Ընդ որում` գոյություն ունի Կառավարության որոշում, համաձայն որի` մարդկանց եւ կենդանական ծագման սերմնահեղուկ եւ բուժման կամ կանխարգելման նպատակների համար նախատեսված այլ նյութեր կարող են ներկրվել լիազոր մարմնի թույլտվությամբ: «Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները կիրառվում են անպտղության բուժման կամ դրա հետեւանքների լուծման համար: Այդ պրոցեսը կանոնակարգվում է օրենքով, եւ հետեւյալ դեպքերում` սուռոգատ մայրություն, երբ ամուսնական զույգը երեխա չի կարողանում ունենալ, այսինքն` կինը չի կարողանում կրել պտուղը, հետեւաբար տղամարդու եւ կնոջ օրգաններից ստացված սաղմը ներարկվում է փոխնակ մոր արգանդում: Մյուս տարբերակն էլ` արհեստական բեղմնավորման ճանապարհն է: Ներկրել, պահել, այն ինչ ասվում է` աբսուրդ է»,- վստահեցնում է Ս. Քրմոյանը` հավելելով, որ դա այն անհատական հարցն է, որի որոշումը կայացնում են ամուսինները: Նա պաշտոնապես հայտարարում է, որ նախարարությանը որեւէ մեկը չի դիմել` որպես բեռ` նմանատիպ, մարդկային ծագման նյութեր ներմուծելու թույլտվություն ստանալու համար: Մինչդեռ ԱՆ Աշխատակազմի ղեկավարը չի բացառում, որ, օրինակ` մարդիկ իրենց վերարտադրողական խնդիրները լուծելու համար դրսի որեւէ կլինիկայում սաղմը պատրաստեն` ձվաբջիջը եւ սերմնահեղուկը միացնեն եւ հատուկ կոնտեյներով տեղափոխեն Հայաստանում ներարկելու: Այսինքն` այս երեւույթը տեսականորեն հնարավոր է, բայց այն, որ կարող է մեծաքանակ սերմնահեղուկ ներկրվել` նա բացառում է: «Էս թեմայի շուրջ ծավալված խոսակցությունները ոչ միայն անհիմն են, այլ նաեւ` անլուրջ: Ասում են, լսել ենք, մեծ փողեր կան, եւ այլն: Առողջապահության նախարարությունը սովորաբար ավելի պրոֆեսիոնալ ձեւով է հարցերը ներկայացնում. Պաշտոնապես կրկին հայտարարում եմ` մեզ նախ` չեն դիմել, երկրորդն էլ` Հայաստանում վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների այդ քանակի կիրառում չկա: Կարող է տարվա ընթացքում մեկ կամ երկու տասնյակ հաջողված արդյունքներով դեպքեր լինեն»,- վստահեցնում է Ս. Քրմոյանը` հավելելով, որ կոնկրետ տվյալների տիրապետելու դեպքում միայն իրենք կարող են ուսումնասիրություն կատարել: Ինչեւէ, ներկայիս շրջանառվող տեղեկությունները Ս. Քրմոյանը որակում է անլուրջ` համարելով, որ դրանք շատ վերացական են, քանի որ փաստեր չկան: Վերջինս խնդրում է. «Եթե մեր հարգարժան պատգամավորը, կոնկրետ որեւէ անձ կամ կազմակերպություն ահազանգ կամ փաստ ունի` թող տեղեկացնի, որ լսել ենք` էսինչ տեղում էսինչ բանն են անում: Մենք էլ ստուգենք, տեսնենք` արդյո՞ք օրենքի շրջանակներում է կատարվել»:

Այնուամենայնիվ, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում նյութերի ներկրման սահմանափակումներ չկան: Սակայն, ըստ Ս. Քրմոյանի` եթե անգամ ներկրվի, գործնականում դա չի կարող օգտագործվել, քանի դեռ ԱՆ-ի թույլտվությունը չկա: Առանձին դեպքերում, մարդիկ կարող են իրենց սաղմը պատրաստել օտարերկրյա պետության բուժհաստատությունում, այնուհետեւ իրենց հետ հատուկ պայմաններով բերել Հայաստանի բուժհաստատություն` բեղմնավորվելու համար. «Ի տարբերություն այլ ոլորտների, եթե բժշկական հաստատությունը որեւէ գործողություն է կատարում` այդ պրոցեսը գրառում է: Օրենքով կանոնակարգված է, թե ով կարող է լինել ձվաբջջի կամ սերմնահեղուկի դոնոր: Եկեք խոսեք կոնկրետ դեպքերի մասին` մենք էլ խոսենք` օրինակա՞ն է, թե՞ ոչ: Իսկ որպես բեռ ներկրելը բացառում եմ, որովհետեւ միանշանակ է` նախարարությունը որեւէ դիմում չի ստացել, եւ չի ներկրվել: Վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառումը հատուկ լիցենզիա է պահանջում»: Մենք նաեւ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ երաշխիք կա, որ այդ լիցենզիան ունեցող եւ վերոնշյալ գործունեությունն իրականացնող բուժհաստատությունները մեծ քանակությամբ սերմնահեղուկ չեն ներկրում, մանավանդ, որ օրենքի մեջ սահմանափակում չկա: Ի դեպ, աչքի անցկացնելով լիցենզիա ստացած բուժհաստատությունների գրանցամատյանը` համոզվեցինք, որ դրանք մոտ 6-7-ն են: Առաջիկայում մենք գրավոր կդիմենք ԱՆ նախարարություն` խնդրելով մեզ տրամադրել այդ ցանկը, որն էլ կհրապարակենք: Բուժհաստատությունների անունները կամ դրանց ղեկավարների ով լինելն արդեն իսկ ինչ-որ բան հուշում է: «Այդ բուժհաստատությունները նման գործունեության համար հատուկ լիցենզիա են ստանում, եւ չեմ կարծում, որ ապօրինի գործունեություն իրականացնելով` ռիսկի տակ կդնեն իրենց լիցենզիաները: Մենք վախենում ենք մի բանից, բայց չգիտենք` ինչի՞ց: ԱՆ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստակամ ենք հստակ ձեւակերպված խնդիրն ունենալու, ինչ-որ մի ելակետային տվյալ տրամադրելու դեպքում` ստուգել»,- ասում է Ս. Քրմոյանը:

Ինչեւէ, ստացվում է, որ օրենքը չի արգելում վերարտադրողական օժանդակ նյութերի ներկրումը կամ արտահանումը: Նյութերի կիրառումը վերահսկվում է բուժհաստատություններում, քանի որ նրանք են պատասխանատու վերջնական արդյունքների համար: Այնպես որ` պատգամավորի հնչեցրած հարցադրումը միանգամայն արդարացված է եւ օրենքն ինքնին ռիսկ է պարունակում: Ի դեպ, ամբողջ զրույցի ընթացքում Ս. Քրմոյանը ոչ թե հերքում էր մեծաքանակ սերմնահեղուկի ներկրման վերաբերյալ լուրերը, այլ կոնկրետ տեղեկություն կամ փաստ էր պահանջում: Առաջիկայում մենք կփորձենք զրուցել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ, ով, կարծում ենք` անհիմն հայտարարություն ԱԺ ամբիոնից չէր հնչեցնի:

Հ.Գ.
Վերջին ժամանակներս հեռուստաեթերի վազող տողով մշտապես հետեւյալ բովանդակությամբ հայտարարություններ են հեռարձակվում. «Պահանջվում են սուռոգատ մայրեր»: