«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունը ապրիլի 13-ին կազմակերպում է ժողովրդական երգի եւ ասմունքի համերգ-երեկո, որից ստացված ողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայում քաղցկեղից բուժվող Էլեն Դիլանյանի ֆոնդին:
Համերգը տեղի կունենա ապրիլի 13-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Տոմսերի արժեքն է 1000, 2000 եւ 3000 դրամ: «Այս միջոցառումը հերթական մարտահրավերն է բոլորիս համար. մեզ հերթական անգամ հնարավորություն է ընձեռվում հաճելի երեկո անցկացնել` վայելելով սիրված արտիստների կատարումները, եւ մեր լուման ներդնել փոքրիկ Էլենի բուժման գործում: Հանուն 6-ամյա աղջնակի կյանքի ելույթ են ունենալու Լեյլա Սարիբեկյանը, Սեւակ Ամրոյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Արսեն Գրիգորյանը` Մրրոն, Ալլա Լեւոնյանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Աիդա Սարգսյանը, Գուրգեն Դաբաղյանը, Ազատ Գասպարյանը, Արուս Գուլանյանը, Ասատուր Ասլանյանը, Լուսինե Միրզախանյանը, Մանիկ Գրիգորյանը եւ ուրիշներ»: Տոմսեր ձեռք բերելու համար զանգահարել (055) 119-027 եւ (094) 952-099 հեռախոսահամարներով:
Փոքրիկ Էլենի մոտ 2010թ. մարտին քաղցկեղ է ախտորոշվել` նեյրոբլաստոմա: Երեխայի ընտանիքը ստիպված տեղափոխվել է Իսրայել, որպեսզի աղջիկը պատշաճ բուժում ստանա, այժմ էլ Գերմանիայում են կիրառվում բուժման նորարարական մեթոդներ, որոնք պետք է հանգեցնեն Էլենի ամբողջական վերականգնմանը: Գերմանական կլինիկայի կողմից պատրաստված նոր ծախսերի նախահաշիվը մոտ 170.000 եվրո է, որը չվճարելու դեպքում բուժումը կդադարեցվի:
Էլեն Դիլանյանին աջակցել ցանկացողների համար ներկայացնում ենք դրամի փոխանցման համարը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ (HSBC Bank Armenia), դրամային հաշվեհամար` 002-042125-020, դոլարային հաշվեհամար` 002-042125-120: