Խորդենու հանդարտեցնող բուրմունքը
Խորդենի բուրումնավետը (pelargonia) պատկանում է խորդենազգիների ընտանիքին (geraniacea), ցեղն ընդգրկում է մոտ 250 տեսակներ։ Դրանց մի մասը վաղուց ի վեր մշակվում է սենյակային պայմաններում` ուրախացնելով աչքը ձեւերի եւ գույների բազմազանությամբ։
Ցողունը եւ տերեւը պարունակում են մեծ քանակությամբ եթերային յուղեր, որոնցից դեռեւս միջնադարյան Եվրոպայում ստացվում էր եթերային յուղ։ Տերեւի բազմաբույր հոտը ունի կիտրոնին, դաղձին, վարդին բնորոշ երանգներ։
Բոլոր մասերը պարունակում են դաբաղանյութեր, տերեւը` նաեւ ասկորբինաթթու։
Բնության մեջ աճող անտառային (G. sylvaticum) մարգագետնային (G.pratense), այլ տեսակները մեղրատու են։
Տերեւը շատ երկրներում օգտագործվում է սննդի մեջ։ Խորդենին ունի բարենպաստ ազդեցություն մարդու օրգանիզմի վրա` բրոնխային ասթմայի, խպիպի, դեպրեսիայի, բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, լյարդի եւ լեղապարկի հիվանդությունների դեպքում։ Խորդենին չեզոքացնում է բացասական էներգիան, ապահովում ներդաշնակ, հանդուրժողական մթնոլորտ բնակարանում։
Էներգետիկ հատկությունների շնորհիվ խորդենին վաղուց ի վեր համարվում է ծաղիկ-հուռութ, այն խաղաղություն է բերում եւ հեռացնում դժբախտությունը։
Կարեւոր է իմանալ, որ հագուստը կատարում է «էներգահաղորդչի» դեր արտաքին աշխարհի եւ մարդու մարմնի միջեւ։ Արհեստական մանրաթելից պատրաստված հագուստը խոչընդոտում է էներգիայի փոխանակմանը։ Խորդենին ախտահանում է բնակարանի օդը, ունի հակամանրէ, հականեխիչ, հակաբորբոքային, հանգստացնող, հակադեպրեսանտ հատկություն։
Հեշտ է աճեցնել սենյակային պայմաններում։ Բազմանում է սերմերով, տերեւներով, ճյուղիկով։ Լուսասեր է, գարուն-աշուն ժամանակաշրջանում ճիշտ է հանել պատշգամբ։ Պահանջկոտ չէ խնամքի հանդեպ, ունի խոնավությունը պահպանելու հատկություն։ Դժվար է հարմարվում այլ ծաղկամանի մեջ տեղափոխմանը։
Մենք կնկարագրենք սենյակային պելարգոնիայի բուժիչ հատկությունները եւ խորդենուց ստացվող եթերային յուղի բուժիչ հատկությունները։
Խորդենու եթերային յուղը խորհուրդ է տրվում մոտ երեք տասնյակ հիվանդությունների դեպքում։ Կարծում ենք, որ այդ ցանկը կհետաքրքրի ընթերցողին։
Հերպես, պարոդոնտոզ, ստոմատիտ, գլխացավ, լարինգիտ, անգինա, հորմոնալ խանգարումներ, լուծ, դաշտանադադարի շրջան, միգրեն, նեւրալգիա, նեւրիտ, այրվածք, այտուց, մրսածություն, հիպերտոնիա եւ հիպոտոնիա, ականջի ցավ, սեռական խնդիրներ, սթրես եւ տագնապի զգացում, շաքարի բարձր մակարդակ արյան մեջ, սրտի գործունեության հետ առնչվող առողջական խնդիրներ, տհաճ հոտ բերանում, էկզեմա, մաշկային հիվանդություններ` այդ թվում նաեւ սնկային ցելյուլիտ, մազերի թեփոտում, ճարպոտ եւ չոր զգայուն մաշկի խնամք։
Եթերային յուղը հակացուցված է հղիներին, այն չի կարելի երկարատեւ օգտագործել։
Յուղամզվածք
Երկու ճ/գ մանրացրած ծաղիկը եւ տերեւը (1։1) 3 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա 500 մլ զտված արեւածաղկի յուղի մեջ։ Մեկ շաբաթ թրմեք մութ տեղում, տեղափոխեք արեւոտ տեղ, 40-50 օր հետո քամեք եւ զտեք։
Յուղը նախատեսված է արտաքին օգտագործման համար արթրիտի, ռեւմատիզմի, փսորիազի, քոսի դեպքում։
Խորդենու տերեւների վրա կան փոքրիկ գեղձեր, որոնք լցված են եթերային յուղով, ստաֆիլոկոկի եւ այլ վնասակար բակտերիաները վերանում են ոչ միայն տերեւի հետ հպման, այլեւ դրանից որոշ հեռավորության վրա։ Տերեւի հպումը մարմնի հետ օգնում է նեւրալգիայի, մկանային ցավերի, օստեոխոնդրոզի դեպքում։
– Քնելուց առաջ տերեւը դրեք ցավոտ մասին, ծածկեք վուշե լաթով եւ ամրացրեք։
Ատամի ցավի դեպքում` տերեւը դրեք լնդի վրա։ Տերեւը նվազեցնում է ցավը, բորբոքային ընթացքը։
Երիկամների բորբոքում. Մանրացրեք, տրորեք տերեւը, լցրեք ապակե թափանցիկ տարայի մեջ, ավելացրեք բժշկական սպիրտ` 2։1 ծավալային հարաբերությամբ, կիպ ծածկեք կափարիչով։ Երկու շաբաթից ավելացրեք ձիթապտղի յուղ (1։1), թրմեք եւս 14 օր, քամեք։ Կիպ փակված տարայում պահպանման առավելագույն ժամկետը 3 ամիս է։ Օգտագործեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ` սնվելուց 15 րոպե առաջ։ Պետք է յուղը 3-5 րոպե պահեք լեզվի տակ։
Վարակամերժ. Տնից դուր գալուց առաջ եւ հետո մի քանի րոպե քթանցքների մեջ դրեք տրորած տերեւը։
Անգինա, մրսածություն, ստոմատիտ. 1 ճ/գ մանրացրած տերեւը 2 ժամ թրմեք 400 մլ եռջրում, կատարեք քիթ-կոկորդի լվացումներ։ Թուրմը վերացնում է բերանի խոռոչի մանրէներն եւ տհաճ հոտը։
Բուժիչ ոգեթուրմ. Մանրացրեք տերեւը, լցրեք այնքան սպիրտ, որ ծածկի (1։1), տասը օր թրմեք փակ տարայում, քամեք։
– Օգտագործեք որպես օծանելիք,
– Ավելացրեք 3-5 կաթիլ ջրի մեջ եւ ցայեք մազերը։
– Ոգեթուրմը կարելի է խմել` 1-ական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ, որպես կանխարգելիչ միջոց։
Հիպերտոնիա. Մեկ ճ/գ չոր մանրացրած տերեւը թրմեք 200 մլ եռջրում մինչեւ հովանալը։ Քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4-5 անգամ` սնվելուց առաջ։ Ամրացրեք զարկերակի վրա տերեւը։ Շնչեք տերեւի բուրմունքը։
Արցունքակալող աչքեր. Դրեք թրջոցներ վերը նշված թուրմով։
Քոր. Խմեք 100-ական մլ թուրմ` օրը 3 անգամ։
Միզաքարային հիվանդություն. Թարմ տերեւին ավելացրեք 1։3 ծավալային հարաբերությամբ տաք ջուր, թրմեք 1 ժամ։ Քամեք։ Խմեք 30-40-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Զգուշացում։ Ներքին օգտագործման դեպքում խորդենու պատրաստուկները խոչընդոտում են երկաթի եւ այլ օգտակար տարրերի յուրացմանը։
Խորդենին խստորեն հակացուցված է երեխաներին։