«Մեզ խանգարում է 2000 թվականից ՀՀ-ում քաղաքական վատ ավանդույթ դարձած մի երեւույթ, երբ կան կուսակցություններ, որոնք կառավարության, կոալիցիայի անդամ են ֆորմալ, եւ մինչեւ 2003թ.` ոչ ֆորմալ առումով, բայց իրենց գործելաոճում պարբերաբար փորձում են այս նույն դրսեւորումներն ունենալ, ինչը վերջերս ունեցել է ԲՀԿ-ն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՆ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով ԲՀԿ համագումարում այդ կուսակցության ղեկավարների կողմից հնչեցված քննադատությունները: «ՀՀԿ-ն այդ վիճակում ՕԵԿ է տեսել, ՀՅԴ է տեսել, մեզ համար ծանոթ է այդ գործելաոճը: Ցավում եմ, որ ԲՀԿ-ն բացառություն չեղավ եւ չկարողացավ զերծ մնալ այդ գայթակղությունից: Իրականում, որպեսզի ավելի ռեալ հասկանանք կառավարման համակարգում եւ կառավարությունում մեր կոալիցիոն գործընկերների դերակատարությունը, ընդամենը պետք է շեշտենք, որ պետական բյուջեի մոտ 35 տոկոսը տնօրինվում է կամ գտնվում է ԲՀԿ-ի 4 նախարարությունների պատասխանատվության ներքո: Խնդրում եմ, այդ դեպքում մատնանշենք բոլոր խնդիրները, եւ իրենք էլ զրույցի բռնվեն հասարակության հետ այնպես, ինչպես անում է ՀՀԿ-ն»,- ասել է նա: Մինչեւ ԲՀԿ-ին անդամակցելը Վարդան Օսկանյանը հայտարարել էր, թե ԲՀԿ-ն այդ խնդիրների համար պատասխանատու է այնքանով, որքանով մաս է կազմում կառավարությանը: Նման հայտարարություններ հնչել են նաեւ ԲՀԿ այլ անդամների կողմից: Դրանց ակնարկն այն է, որ ավելի առանցքային պաշտոնները` նախագահ, ԱԺ նախագահ, վարչապետ, ուժային կառույցներ, հարկային-մաքսային ոլորտներ, ՀՀԿ-ի կամ Ս.Սարգսյանի համակարգման ոլորտում են: Այս դիտարկմանն ի պատասխան` Աշոտյանը նշել է. «Եթե որեւէ մի քաղաքական ուժ փաստում է իշխանության ներսում իր քաղաքական թուլությունը, ապա հաջորդ քայլն էլ հասունացած է լինում` այդ դեպքում պետք է լքել քաղաքական պատասխանատվության նավը, նկատի ունեմ կոալիցիան: Եթե չես լքում, ապա ակնհայտ է, որ ստորագրված բոլոր հուշագրերը, սկսած կոալիցիոն մայր հուշագրից` այլ հայտարարություններով վերջացրած, չեն ենթադրում հատվածական, ոլորտային պատասխանատվություն: Եվ երրորդը` դիցուք, հատվածական պատասխանատուներ են, փայլո՞ւմ է ամեն ինչ այդ ոլորտներում: Այդ ոլորտներում ամեն ինչ արդեն արե՞լ են, փոխե՞լ են եւ հիմա ուզում են նաեւ ա՞յլ ոլորտների մեջ փոփոխություններ մտցնել»: