– Որքանո՞վ է համապատասխանում եվրոպական ու ժողովրդավարության արժեքներին ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսի ուղերձը, թե «ես համոզված եմ, որ մի քանի շաբաթ հետո Դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններին»:
– Ես կարող եմ կռահել, որ ԵԺԿ նախագահը հայտնում էր իր ցանկությունը, կանխատեսումն ու համոզվածությունը: Ես ուրախ եմ, որ Հայաստանում եվրոպական քաղաքական արժեքներն այնքան արագ տարածվեցին, որ հիմա որոշ քաղաքական ուժերում հայտնվել են մարդիկ, որոնք եվրոպացիներից ավելի եվրոպացի են փորձում իրենց ձեւացնել: Իրականում դա նշանակում է, որ շատ մակերեսային են մարսել եվրոպական քաղաքական արժեհամակարգը: Լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ իբր թե ԵԺԿ-ում Մարտենսի հրաժարականն են պահանջում: ԵԺԿ-ի միջազգային քարտուղարը Երեւանում է, արդեն կարդացել էր: Ժպտաց եւ ասաց, որ տարօրինակ բաներ չի մեկնաբանում: Ինչ վերաբերում է Բրյուսել իմ ու վարչապետի գաղտնի այցին, ախր երեւակայությունն էլ գոնե պետք է այնպիսին լինի, որ առաջին իսկ փաստով հակառակը չապացուցվի: Դժվար չէ ֆիքսել աշխատանքով պայմանավորված վարչապետի կամ իմ` այդ օրերին այստեղ լինելու փաստը:
– Ամեն դեպքում, արդյո՞ք այդ ուղերձը չի նշանակում` միջամտել ՀՀ ընտրական, ներքաղաքական գործընթացներին: Կամ` ՀՀԿ-ի հաղթանակի համար արդեն դրսից համաձայնություն բերել:
– Ես շատ ուրախ եմ, որ եվրոպական քաղաքական այն մեծ ընտանիքը, որին անդամագրվել ենք, այնքան մեծ վստահություն ունի նախագահի գլխավորությամբ ՀՀ գործող իշխանությունների, ՀՀԿ-ի նկատմամբ, որ նման բարձր գնահատական է տալիս եւ նման կանխատեսում անում: Մնացած բոլորը չարակամություն են, եւ կներեք` խորը մանթրաժ:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարի ժամանակ հայտարարեց, թե «մարդիկ բարի նախանձով են լցվել այն ամեն լավի, գեղեցիկի նկատմամբ, որ տեսել են դրսում: Նաեւ ցավ են ապրել, որ նույնը չկա ՀՀ-ում: Իսկ ի՞նչն է մեզ խանգարում փոխել»: Մեկ շաբաթ հետո գրեթե նույն բանն այլ ձեւակերպումով հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը` ասելով. «ինչպե՞ս է ստացվում, որ հայը` արտագաղթելով օտար երկիր, կարողանում է մեկ-երկու տարում ոտքի կանգնել, աշխատանք գտնել, աշխատատեղեր ստեղծել, մեր երկրում չի կարողանում այդ ամենն իրականացնել»:
– Ես վստահ եմ, որ ՀՀ-ում չկա նախագահի քաղաքական տրամագծին մոտեցող գեթ մեկ քաղաքական գործիչ: Նախագահի բազմաթիվ ուժեղ կողմերից մեկն էլ այն է, որ շատ անկեղծ է անգամ իր ամենակարեւոր եւ պաշտոնական խոսքի ժամանակ: Նրա սկսած յուրահատուկ երկխոսությունն իր արձագանքը գտնում է հասարակության կողմից: Եվ հասարակությունը տեսնում է մի ղեկավարի, որը ՀՀ շարքային քաղաքացու նման ապրում է նույն խնդիրներով եւ ցավում է նույն նյարդով: Իսկ մեզ շատ բան է խանգարում: Մեզ խանգարում է 2000 թվականից Հայաստանում քաղաքական վատ ավանդույթ դարձած մի երեւույթ, երբ կան կուսակցություններ, որոնք կառավարության, կոալիցիայի անդամ են ֆորմալ, եւ մինչեւ 2003թ.` ոչ ֆորմալ առումով, բայց իրենց գործելաոճում պարբերաբար փորձում են այս նույն դրսեւորումներն ունենալ, ինչը վերջերս ունեցել է ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն այդ վիճակում ՕԵԿ է տեսել, ՀՅԴ է տեսել, մեզ համար ծանոթ է այդ գործելաոճը: Պարզապես այստեղ գործելաոճերի տարբերություն կա: Այն, ինչ ասում ենք մենք` հանրապետականներս, ասում ենք ուղիղ: Չենք ստեղծագործում կեղծանուններով, ուրիշի անունով կամ անանուն, եւ այդ հոդվածները կամ ակնարկները չենք ուղարկում տարբեր լրատվամիջոցներին: Չենք փսփսում կամ բարձրաձայնում կուլուարներում, որպեսզի ինչ-որ մի լրագրող լսի եւ այդ ապատեղեկատվությունը հրապարակի: Ես Facebook-ի իմ էջում ուղիղ եմ ասում: Եվ, իհարկե, դա ուժի նշան է, ուժեղը կարող է իրեն ուղիղ խոսք թույլ տալ:
– Ավելի քան մեկ տարի է, ինչ անընդհատ լարվածություն կա ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: Իրավիճակ էր ստեղծվում, որ թվում էր, թե ԲՀԿ-ն դուրս է գալիս կոալիցիայից: Եվ տպավորությունը միայն այն չէր, որ ԲՀԿ-ն կոալիցիայից դուրս չի գալիս: Նաեւ տպավորություն կար, որ ԲՀԿ-ին դա թույլ չի տալիս Ս.Սարգսյանը: Հակառակ դեպքում` ՀՀԿ-ի հիմնական մրցակից համարվող ԲՀԿ-ն միգուցե բացահայտ քաղաքական դաշտ բերի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
– Յուրաքանչյուր քաղաքական ուժ, սեփական ներկուսակցական շահից բացի, պետք է ունենա պետական անսասան արժեքների առանցք: Խոսեք, օրինակ, գալիք ընտրությունների մասին: ՀՀԿ-ն կարծես թե բոլորի մեջ միակ քաղաքական ուժն է, որն այս փուլում պատասխանատու է ընտրությունների ոչ միայն սեփական արդյունքի, այլ ընդհանուր պրոցեսի համար: Մնացած բոլոր ուժերը պետության համար այդ գերկարեւոր խնդիրը, որ ընտրությունները պետք է անցնեն իրականում ազատ, թափանցիկ, բարձր մակարդակով, թողել են միայն մեզ վրա: Այստեղից առաջանում է սկզբունքային մոտեցումների տարբերություն: Մենք ոչ միայն հետաքրքրված ենք մեր սեփական ձայներով, հետաքրքրված ենք պետության շահով` կապված լավ ընտրություններ կազմակերպելու հետ: Երկրորդը`ոչ ոք ոչ մեկին չի բռնել ու չի պահել: Եթե մեր գործընկերները հաճախ պնդում են, որ իրենց խոսքը գործ է, այդ դեպքում պատկերացրեք, թե ինչ առեղծվածային ուժ պետք է ունենան իրենց ստորագրությունները:
– Համագումարի ժամանակ ԲՀԿ նորաթուխ անդամ Վ.Օսկանյանը հայտարարեց, թե «Հայաստանից գնում են անարդարությունների պատճառով, կորցրել են հույսն ու հավատը երկրի ապագայի նկատմամբ եւ չեն կարողանում հանապազօրյա հացը վաստակել»:
– Միշտ անլուրջ եմ ընդունել բոլոր այն քաղաքական գործիչներին, որոնց մտածելակերպը կախված է, թե այս պահին իրենց հենման կետը որ աթոռի վրա է գտնվում:
– Ձեր խոսքից կարելի է եզրակացնել, որ եթե պարոն Օսկանյանը նորից արտգործնախարարի կամ այլ պաշտոն զբաղեցնի, ոչ թե արտագաղթի, այլ ներգաղթի մասին կհայտարարի:
– Նմանօրինակ գործելաոճ նա արդեն դրսեւորում է, իհարկե` հակառակ հերթականությամբ:
– Ասում եք` հատվածական պատասխանատվություն, բայց, երբ խոսքը գնում է անկախ Հայաստանի 20-ամյա պատմության քաղաքական ու տնտեսական արատների` ընտրակեղծիքների, թալանի ու մենաշնորհների մասին, Ձեր կուսակիցները հայտարարում են, որ դրանց հիմքերը գտնվում են նախկին իշխանության մեջ: Այսինքն` երկար տարիներ իշխանության եկած ուժը խուսափում է ամբողջական պատասխանատվությունից:
– Երբեք ՀՀԿ նախագահի եւ մեր կուսակիցների կողմից նման արտահայտություն դուք չեք կարող մեջբերել: Երբեւէ լսե՞լ եք, որ ես հրապարակավ քննադատեմ ժամանակին ՕԵԿ-ի կամ ՀՅԴ-ի վարած քաղաքականությունը կրթության ոլորտում: Մենք ընդամենն ասում ենք` ժողովուրդ, քաղաքական վերնախավ, մենք շաղախված ենք միեւնույն ժամանակով: Եվ մեր անցյալն է ընդհանուր, եւ մեր ներկան ու ապագան:
– Նորից կրկնեմ Ս.Սարգսյանի խոսքը` ի՞նչն է խանգարում, որ փոխեք:
– Փոխում ենք: Հավատացեք, որ փոխում ենք:
– Փոխեք, որ հավատանք:
– Դա էլ շատ կարեւոր դրույթ է, որոշ սրամտություններ արվեցին: Իհարկե, ուրախացնում է, որ մտավարժանքների ձեւով բոլոր կողմերս կարողանում ենք «ֆորմայի մեջ» մնալ: Եթե փոխենք, էլ հավատալ պետք չէ, եթե փոխենք, ուրեմն պետք է արձանագրեք: Ես կարող եմ նաեւ շարունակել` մենք փոխում ենք, դուք տեսեք: Երկիրն այնքան է փոխվել վերջին 4 տարիներին: Սա միայն մեր դիտարկումը չէ: Այն, ինչ հնարավոր չէր պատկերացնել «զրոյականներին» կամ իննսունականներին, այսօր հնարավոր է:
– Օրինակ` ի՞նչ:
– Արդարության ավելի մեծ զգացում, խոսքի ազատության ավելի բարձր մակարդակ, վստահություն` դեպի սեփական պետությունը:
– Այդ դեպքում ինչո՞ւ են արտագաղթում:
– Պաշտոնական թվերը չեն վկայում մեծ քանակությամբ արտագաղթի մասին: 10 տարվա մեջ 100.000 մարդ է արտագաղթել: Իհարկե, յուրաքանչյուր հայ արժեք է նախ` ՀՀ-ի համար: Եվ մեծ ցավ է, որ այսօր երկիրը հնարավորություն չունի ստեղծել այնպիսի պայմաններ, որ արտագաղթը վերածվի ներգաղթի: Բայց հասկանանք նաեւ այլ բան` ես չեմ խուսափում պատասխանատվությունից, բայց այդ արտագաղթի պատճառներից մեկը նաեւ մեր փողոցներում երկար ժամանակ ջիպավորներն էին, որոնք ոչ միայն կարմիր լույսի տակ էին անարգել անցնում, այլ նաեւ մարդ էին գցում մեքենայի տակ եւ չէին պատժվում: Արտագաղթի պատճառ է նաեւ, որ որոշ մարդկանց բիզնեսը սկսում է շատ արագ զարգանալ: Եթե ուզում ենք փոխել աշխարհը, սկսենք մեզանից: ՀՀԿ-ն ինքն իրենից է սկսել: Ուզո՞ւմ ենք փոխել երկիրը, փոխում ենք մեզանից սկսած: Եվ պետք չէ չարաշահել մեր պետականամետությունը: Մենք հենց պետականամետությունից ելնելով` շատ լավ գիտակցում ենք, որ ընտրությունների արդյունքում ձեւավորվելիք կառավարությունը եւ խորհրդարանը պետք է շարունակեն ՀՀ զարգացման ճանապարհը:
– Ասում եք, թե փոխվում եք: Բայց ՀՀԿ համամասնական ցուցակի ու մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցանկը դա չի ապացուցում:
– Չարախոսություն է: Կատարեք, խնդրում եմ, համեմատական վերլուծություն: Հակառակը, մենք առաջիններից մեկը հրապարակեցինք ցուցակը, բոլորը քննադատեցին: Հետո տեսանք մյուսների ցուցակները: Համեմատեք թեկուզ 2007-ի մեր ցուցակի հետ: Ինչպես ես կատակում եմ վերջերս` նույնն են միայն ցուցակի 1-ին ու 12-րդ թեկնածուները (Սերժ Սարգսյան-Արմեն Աշոտյան.- Ա.Ա.): Միայն մեծամասնական ընտրակարգով գիտակրթական ոլորտից առաջադրվել են 3 հոգի: Ցույց տվեք նման օրինակ 2007-ի դեպքում:
– Բայց նորից գործարար, օլիգարխիկ եւ հանցագործ համբավ ունեցող մարդիկ հայտնվել են համամասնական եւ մեծամասնական ցուցակներում:
– Մենք հանցագործ հատված չունենք: Եվ ոչ մի գործարար ՀՀԿ-ի համամասնական ցանկով խորհրդարան չի մտնելու:
– Առաքել Մովսիսյան, Նահապետ Գեւորգյան, Վարդան Այվազյան, Արա Բաբլոյան, Հերմինե Նաղդալյան եւ այլք:
– Նրանք քաղաքական գործիչներ են, ովքեր ունեն նաեւ սեփականություն:
– ՀՀԿ-ն չի կատարել 2007թ. ծրագրի հիմնական խոստումները` կրկնակի չի բարձրացրել աշխատավարձերը, թոշակները, երկրի համախառն ներքին արդյունքը:
– ՀՀԿ-ն կատարել է իր նախընտրական ծրագրի գրեթե բոլոր բովանդակային բարեփոխումները: Եթե ձեր ակնարկը վերաբերում է սոցիալ-տնտեսական զարգացման ցուցանիշներին, ապա նախորդ 5 տարիների հետ կապված համեմատական վերլուծականը նախագահն իր ելույթում հակիրճ, բայց շատ դիպուկ է ներկայացրել: Ինչ վերաբերում է բուն ցուցանիշներին, ես հասկանում եմ, որ Հայաստանը դուրս է գալիս ճգնաժամից, բայց հիշեցնեմ, որ եղել է ճգնաժամում: Եվ ոչ այնքան հայաստանյան, որքան համաշխարհային ճգնաժամում: Եվրոպական մայրցամաքում, ինձ հայտնի է, որ ճգնաժամի պարագայում միայն Լեհաստանն է ունեցել համապատասխան տնտեսական աճ: Իհարկե, մենք մեր տնտեսական ծրագիրը գրելու համար Լատվիայից փորձագետներ չենք հրավիրում, որովհետեւ գիտենք, որ այդ երկրի տնտեսությունը շատ ավելի անկում է ապրել ճգնաժամի ժամանակ, եւ այսօր շատ ավելի դժվար է դուրս գալիս այդ վիճակից: Բայց մենք գիտենք, թե ինչ ենք ուզում եւ ինչպես ենք հասնելու մեր նպատակներին: Եվ ընտրությունների բարեհաջող ավարտից հետո լծվելու ենք գալիք 5 տարիների մեր ժողովրդի խնդիրների լուծմանը: Հիշեցնեմ նաեւ, որ այդ տարիներին կառավարության մաս են կազմել կամ կազմում նաեւ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ն:
– Ս. Սարգսյանը ՕԵԿ-ի միջոցառման ժամանակ հայտարարեց, թե` «Դուք կարողացաք ցույց տալ, որ քաղաքականությունը բարոյականություն է»: Սակայն նույն ՕԵԿ-ի հետ ՀՀԿ-ի համագործակցությունը, կամ տարիներ շարունակ Ձեր իշխանությանն ու անձամբ Ս.Սարգսյանին քննադատած, վիրավորած մարդկանց ընդգրկումը ՀՀԿ ցուցակ, կարծես թե, ապացուցում են, որ այդ քաղաքականությունն այդպիսին չէ:
– Կարծում եմ, որ շատ ավելի բարոյական է քննադատությունից դեպի գործընկերություն տանող ճանապարհը, քան գործընկերությունից քննադատություն տանող ճանապարհը:
– Ասում են, թե ուզում եք Ազգային ժողով վերադառնալ:
– Ուզում եք, որ լրատվական հերթական պատվե՞րը մեկնաբանեմ: Արդեն մեկնաբանել եմ Facebook-ում:
– Ամեն դեպքում, գործադիրից օրենսդիր վերադառնալու ցանկություն ունե՞ք:
– Եթե դուք խոստովանեք, որ ոսկե ձկնիկն եք, ես կպատմեմ իմ բոլոր ցանկությունները: Եթե դուք ոսկե ձկնիկը չեք, ապա անիմաստ է այդ խոսակցությունը:
– Վերջին մի քանի տարիներին իշխանական բուրգում ամենամեծ առաջընթաց ունեցող գործիչներից եք: Ձեր այդ ցանկությունները ոսկե ձկնիկի՞ն էիք պատմել:
– Շնորհակալ եմ այս բառերի համար. բուրգ, առաջընթաց, գործիչ: Իրականում, ես միշտ զբաղված եմ իմ աշխատանքով: Ինչ վերաբերում է ձկնիկին, ապա, եթե հիշում եք հեքիաթը, այնտեղ բոլոր ցանկությունները միանգամից են կատարվում: Ձկնիկների վրա հույս են դնում առավելապես ծույլերը:
– Կարծիք կա, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի հիմնական մրցակիցը ԲՀԿ-ն է:
– Կարող եմ այս նախաքարոզչական իրավիճակից շատ կարճ վերլուծություն անել: Ամիսներ առաջ կարծես թե ԲՀԿ-ն հասարակական կարծիքի առաջատար էր, բայց հիմա ակնհայտ է, որ քաղաքական մրցակցության թեժ փուլում սրընթաց կերպով ձայներ են կորցնում: ՀՀԿ-ն ուշ է մոբիլիզացվում` որպես մեծ մեքենա, բայց որ պտտում է անիվը, շատ դժվար է կասեցնել: Հին Հունաստանում բոլոր հանճարների կողքին միշտ կային երկրորդ մարդիկ, որոնք լավն էին, ուժեղ էին: Հին հույները նրանց անունները դրել էին «խրոնիկ բետա», առաջինները «խրոնիկ ալֆա» էին: ՀՀ քաղաքական դաշտում, ակնկալելով ժողովրդական քվեի նման արտահայտումը, կարելի է կանխատեսել, որ ՀՀԿ-ն մնալու է գալիք 5 տարիների ալֆան: Քաղաքական բետայի տեղը կարող են պահել մեր կոալիցիոն գործընկերները: Նաեւ շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում ընդդիմության դաշտում: Կարծես թե ընտրարշավով պայմանավորված` ՀԱԿ-ը եւ թարմացված «Ժառանգությունը» կարող են տեղերով փոխվել: Համենայնդեպս, նման կանխազգացում ունեմ, որ հաջող ընտրարշավի դեպքում «Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» կարող են շրջանցել ՀԱԿ-ին եւ դառնալ առաջին ընդդիմադիր քաղաքական ուժը: ՀԱԿ-ի դեպքում անգամ մինչեւ ցուցակի հրապարակումն արդեն լուրջ զարգացումների ականատես եղանք: Ի՞նչ կլինի ցուցակը հրապարակելուց հետո: ՀՅԴ-ն է հետաքրքիր իրավիճակում, ընտրությունների արդյունքով պայմանավորված եւ հետագա զարգացում ապահովելու համար կարծես թե պատրաստ է մասնակցել ետընտրական բոլոր սցենարներին` սկսած կոալիցիայից` մինչեւ կոոպերացիա խորհրդարանական այլ ուժերի հետ: Ակնհայտ է, որ 2009թ. ՀՅԴ վերնախավը խոշոր քաղաքական վրիպում թույլ տվեց: Կարծում եմ, նրանք էլ շատ լավ հասկանում են, որ կոալիցիայից դուրս գալու իրենց քայլը ժամանակավրեպ էր: Եվ «հայրենասիրական» ալիքի վրա միանգամից թիվ մեկ ընդդիմություն դառնալու նրանց ցանկությունը տապալվեց, որովհետեւ Հայ-թուրքական արձանագրություններն այս փուլում արժանացան այն ճակատագրին, որին արժանացան: Եվ ակնհայտ է, որ նրանք իրենց տեղն ընդդիմադիր դաշտում այդպես էլ չգտան` գուցե նախկինում ունեցած կառավարական խիտ կապերի պատճառով:
– ՕԵԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ ունեցած կոալիցիոն նախկին ու ներկա փորձը նկատի ունենալով, խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀԿ-ն եթե Ձեր ակնկալած «խրոնիկ ալֆան» դառնա, այդ ուժերի հետ նորից կոալիցիա կկազմի՞:
– Վստահ եմ, որ հետընտրական խճանկարը հավաքվելու է ՀՀԿ-ի շուրջ: Իսկ թե ինչ մասերից բաղկացած կլինի, կտեսնենք` ընտրությունների արդյունքներն ունենալով:
Հ.Գ. Ա.Աշոտյանի հետ հարցազրույցը տեղի է ունեցել երեկ` աշխատանքային ժամից դուրս: