Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` անդրադառնալով ԲՀԿ համագումարում նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` իշխանությունների հասցեին հնչեցրած կոշտ գնահատականներին, ասել է. «Ես չեմ համաձայնվի ձեր գնահատականի հետ, որ դա կոշտ քննադատություն էր: Այն խնդիրները, որոնք բարձրացնում են մեր կոալիցիոն գործընկերները, մշտապես գտնվում են կոալիցիոն բոլոր կուսակցությունների ուշադրության կենտրոնում եւ մեր նախարարները զբաղված են հենց այդ հարցերի լուծմամբ: Մենք նույնպես բազմաթիվ պրոբլեմներ ենք մատնանշում, բացահայտում ենք մեր բացթողումներն ու թերությունները: Ընդհանրապես, ինքնաքննադատությունը լավ բան է: Եթե իշխանությունները ինքնաքննադատաբար են մոտենում իրականությանը, դա երաշխիք է, որ այդ բոլոր թերություններն ապագայում կշտկվեն»: Տ. Սարգսյանն անդրադարձել է նաեւ ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված Հովիկ Աբրահամյանի եւ գեներալ Մանվել Գրիգորյանի մասին հարցին` ասելով, թե չի բացառվում, որ ԱԺ ընտրություններից հետո Հ. Աբրահամյանը վերադառնա իր նախկին` ԱԺ նախագահի պաշտոնին: Ինչ վերաբերում է ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին, ապա Տ. Սարգսյանն ասել է. «Նա իր կենսագրությամբ ապացուցել է , որ ինքն այս պետության եւ ժողովրդի նվիրյալ զավակն է: Կարծում եմ, որ մեր ընտրողները շատ հարգալից են վերաբերվում մեր հերոսներին, մանավանդ` Արցախյան ազատամարտի»: