ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն հրապարակել են իրենց ցուցակները

22/03/2012

Նախօրեին, ուշ երեկոյան ԲՀԿ-ն հրապարակել է իր համամասնական ցուցակը, որն, ինչպես հայտնի է` գլխավորում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հաջորդ տեղում ԱԳ նախկին նախարար, այժմ` ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանն է: Իսկ երեկ իր համամասնական 85 հոգանոց ցուցակն է հրապարակել նաեւ ՀՅԴ-ն, որը գլխավորում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: ՀՅԴ ցուցակի երկրորդ տեղում ԱԺ Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Ռուստամյանն է: ՀՅԴ ցուցակում կան նաեւ գործարարներ: Հիշեցնենք, որ Վ. Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, որոնք հայտարարում են, թե իրենց ցուցակում գործարարներ չեն լինելու, ՀՅԴ ցուցակը բաց է գործարարների առջեւ: ՀՅԴ ցուցակի յոթերորդ հորիզոնականում «Գրանդ Քենդի» ընկերության գործադիր տնօրեն Արմեն Բաբայանն է, ութերորդում` ՀՀ նախկին գյուղնախարար, «Ավշար» գինու գործարանի սեփականատեր Արամայիս Գրիգորյանը: Իսկ 10-րդ տեղում «Արմենիա-Լադա» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Շահմուրադյանն է: Լրագրողների դիտարկմանը, թե ՀՅԴ քվոտայով մեծամասնական ընտրակարգով առաջադրված որոշ թեկնածուների անուններ հասարակությանը ծանոթ չեն, Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. «Այդ դեպքում` ո՞ւմ եք դուք ընդհանրապես ճանաչում: Դուք ճանաչում եք նրանց, ովքեր ինքնահռչակվել են աստղ, կամ գողականների, կամ անհայտ աղբյուրներից սարսափելի կերպով հարստացած մարդկանց, որոնց անվանում եք օլիգարխ: Այո՛, այդպիսի մարդիկ մենք չունենք»: