Ինչպես մեկ տարի առաջ

22/03/2012

«Թե որքանով ենք մենք մոտ գտնվում ԼՂ կարգավորմանը, դժվար է ասել, բայց իմ կարծիքով` կողմերն այսօր այնքան են մոտ կարգավորմանը, որքան մի քանի տարի առաջ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը` անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրատկեի այն հայտարարությանը, թե` կողմերն ավելի մոտ են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, քան իրենք են կարծում: Ըստ Մարգարովի` այդ հայտարարությունը նշանակում է` հույսի ներշնչում միջնորդների կողմից, որոնք այս տարիներին իրենց գործառույթներն են իրականացրել` մշակելով կարգավորմանն ուղղված սկզբունքներ` փորձելով մոտեցնել խնդրի կարգավորումը: Սակայն, ըստ Մարգարովի, Ադրբեջանի կողմից` հնչող հայտարարություններն ու սահմանին հրադադարի ռեժիմի խախտմամբ արտահայտվող նրա գործողությունները խորը անվստահություն են սերմանել կողմերի միջեւ: «Հաշվի առնելով բանակցային գործընթացի ձեւաչափը, թե որքան քիչ է ինֆորմացիան, կարելի է ասել, որ համանախագահի այդ հայտարարությունը ողջունելի կլիներ, եթե դրա հետեւում լինեին կոնկրետ գործողություններ»,- ասել է Ա. Մարգարովը: