ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական հեռագիր է հղել իտալացի աշխարհահռչակ արվեստագետ Տոնինո Գուերայի մահվան կապակցությամբ: Տոնինո Գուերայի ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Ցավով ընդունեցի Տոնինո Գուերայի մահվան լուրը: Մենք կորցրեցինք համաշխարհային կինոյի հսկայական կաղնու զորեղ ճյուղերից մեկը: Կորցրեցինք մի արվեստագետի, որի ստեղծագործությունները ուրախություն, բերկրանք ու բարություն էին պարգեւում ոչ միայն հայրենի Իտալիային, այլեւ ողջ աշխարհին: Հանճարեղ ու հրաշագործ այս իտալացին Հայաստանի ու հայ ժողովրդի մեծ բարեկամն էր: Մեր երկիր կատարած նրա այցելություններն իրենց հետքն են թողել մեր ստեղծագործ ժողովրդի սրտում ու հոգում: Փոխադարձաբար, Հայաստանն էլ հուզել ու ներշնչել էր մեծն Տոնինոյին այնքան, որ նա իր հրաշալի պոեմն էր ձոնել մեր երկրին ու մեր ժողովրդին: Հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն եմ հայտնում ձեզ եւ ձեր բարեկամներին, Իտալիայի ողջ ժողովրդին: Կորուստը մեծ է ու ցավալի: Մեր միակ մխիթարանքն այս պահին Տոնինո Գուերայի հանճարեղ ստեղծագործություններն են, որ մեզ հետ են եւ ուղղված են Հավերժին»: