«Էրեկ լավ էր, քանց վուր էսօր»,- ասում են հայտնի երգի բառերը։ Ավագ սերունդն այս երգը շատ է սիրում։ Երիտասարդները՝ ոչ այնքան։ Սակայն խոսքերի հետ բոլորն էլ համաձայն են։
Ում հարցնես՝ գործերդ ինչպե՞ս են, կսկսի դժգոհել եւ պատմել, որ անցած տարի ավելի լավ էր (իհարկե, անցած տարի ավելի պակաս չէր դժգոհում)։ Սակայն, եթե հավատանք ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած «Սպառողների վստահության ինդեքսի» արդյունքներին, ապա պատկերը փոխվել է։ Սկսել ենք ասել, որ այս տարի ավելի լավ է, քան մեկ տարի առաջ։ Բայց պետք չէ ժամանակից շուտ ուրախանալ։ Հիմա էլ պարզվում է, որ վաղվա լավ լինելուն ավելի քիչ ենք հավատում։
Նախ` մի փոքր պարզաբանենք, թե ինչ է իրենից ներկայացնում սպառողների վստահության ինդեքսը (ՍՎԻ)։ Սպառողներին տրվում է 6 հարց, որից 3-ը վերաբերում են ներկա պայմաններին (ընթացիկ եռամսյակին), մյուս երեքը (նույն հարցերը)՝ գալիք եռամսյակին։ Հարցերը վերաբերում են խոշոր գնումներ կատարելուն, եկամուտների փոփոխությանը եւ ՀՀ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ գնահատականներին։ Դրական եւ բացասական պատասխանների հիման վրա կազմվում է հաշվեկշիռ, որը համեմատվում է նախորդ ժամանակաշրջանների հետ։
Օրինակ, ՀՀ ընդհանուր տնտեսական վիճակը առաջին եռամսյակում դրական են գնահատել հարցվածների 27.9%-ը։ Նախորդ եռամսյակում (2011թ. 4-րդ եռամսյակում) դրական գնահատողները կազմել են 22.4%, իսկ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 26.7%։ Այս արդյունքը համադրվում է մյուս երկու հարցերի արդյունքների հետ եւ դրա հիման վրա կազմվում է ընթացիկ պայմանների ինդեքսը։ Նույն մեխանիզմով գնահատվում է նաեւ ապագա պայմանների ինդեքսը (ակնկալիքները), եւ այս երկուսի հիման վրա կազմվում է ՍՎԻ-ն։ Աղյուսակն աչքի անցկացնելով՝ ինքներդ էլ կպատկերացնեք, թե խոսքն ինչի մասին է։
Ի՞նչ հետեւություններ կարելի է անել ՍՎԻ-ից։ Մինչ հարցին պատասխանելը` նշենք, որ ԿԲ-ն մամուլի հաղորդագրությունը սկսել է հետեւյալ նախադասությամբ. «ՍՎԻ-ն նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է 3.5%-ով, այն դեպքում, երբ նախորդ եռամսյակում գրանցվել էր նույն ցուցանիշի 5.3%-ով նվազում»։ Այսինքն՝ կարելի է կարծել, որ սպառողների վստահության ինդեքսն ընդհանուր առմամբ դրական միտումներ է արձանագրել։ Սակայն առանձին հարցերը մտահոգությունների տեղիք են տալիս։
Նախ՝ ամեն ինչ հարաբերական է։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ` ՍՎԻ-ն աճել է 3.5%-ով (կամ՝ 1.6 տոկոսային կետով)՝ 45.6-ից հասնելով 47.2-ի։ Աճ, իհարկե, կա։ Սակայն նույն 47.6-ը ցույց է տալիս, որ Հայաստանի սպառողների վստահությունը գտնվում է միջինից ցածր մակարդակում՝ 50%-ի սահմանագծից ներքեւ։ ՀՀ ընդհանուր տնտեսության վիճակի վերաբերյալ տնային տնտեսությունների գնահատականների դեպքում ասվածն ավելի ակնհայտ է։ Աճը 24.5% է, այսինքն՝ տնտեսության վերաբերյալ գնահատականները լավացել են։ Սակայն, լավանալով հանդերձ, ըստ ԿԲ հետազոտության, հայ սպառողների միայն 27.9%-ն է դրական գնահատել տնտեսության վիճակը։ Եկամուտների պարագայում նույնն է. հարցվածների ընդամենը 38.3%-ն են ասել, որ եկամուտների աճ են ունեցել։ Սակայն նախորդ տարվա սկզբին եկամտի աճ ունեցածներն ավելի քիչ էին՝ 37.4%։
Ապագա պայմանների ինդեքսի դեպքում հակառակն է։ Հարցվածների 50%-ից ավելին դրական սպասումներ ունի առաջիկա եռամսյակում՝ բոլոր առումներով։ Ընդհանուր առմամբ՝ հարցվածների 53.2%-ի սպասումները դրական են։ Սա, թերեւս, պայմանավորված է մարդկային բնավորությամբ. մարդիկ սովորաբար դժգոհում են ներկա վիճակից, սակայն ապագայի վերաբերյալ չեն ուզում վատը մտածել։ Սակայն լավատեսությունը, նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ, նվազել է։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ապագա պայմանների ինդեքսը 57.5 էր։ Կարելի է ասել, որ լավատեսությունը, մեկ տարվա կտրվածքով, նվազել է 7.4%-ով։ Ընդ որում, նվազումը արձանագրվել է բոլոր առումներով։ Գալիք եռամսյակում խոշոր գնումներ պատրաստվում է անել հարցվածների 50.7%-ը, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը 56.8% էր։ Հարցվածների 53.5%-ն ակնկալում է, որ եկամուտների դրական փոփոխություն կունենան։ Մեկ տարի առաջ նրանց թիվը փոքր-ինչ ավելի շատ էր՝ 58.8%։ Սակայն նշենք, որ նախորդ տարվա վերջին եռամսյակի համեմատ` եկամտի աճի ակնկալիքները բարձրացել են 24.3%-ով։ 2011թ. չորրորդ եռամսյակում եկամտի աճ ակնկալող մարդկանց տեսակարար կշիռը 43.1% էր։ Եվ, վերջապես, ընտանիքի զբաղվածության դրական փոփոխություն սպասում է հարցվածների 55.4%-ը (2010թ. առաջին եռամսյակում՝ 56.8, 2011թ. չորրորդ եռամսյակում՝ 49)։
Եթե ամփոփենք վերը նշվածը, ապա ստացվում է հետեւյալը։ Հայաստանի սպառողները, ընդհանուր առմամբ, ներկա պայմաններն ավելի լավ են գնահատել, քան մեկ տարի առաջ։ Այսինքն՝ մեկ տարի առաջ մի քիչ ավելի դժգոհ էին, քան այսօր։ Մյուս կողմից, ապագա պայմանների նկատմամբ պակաս լավատեսությունը նվազել է։ Էսօր լավ է, քանց վուր էրեկ, բայց՝ վաղը դժվար թե ավելի լավ լինի։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել էր հունվար-փետրվար ամիսների նախնական մակրոտնտեսական ցուցանիշները՝ փաստելով, որ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 5.6%։ Վիճակագրությունը նաեւ պնդում է, որ միջին ամսական աշխատավարձն աճել է 2 անգամ ավելի արագ (6.4%), քան գները (3%)։ Այսինքն՝ պաշտոնական վիճակագրությունը նույնպես հաստատում է, որ մարդիկ հիմքեր ունեն այսօրվա վիճակն ավելի դրական գնահատելու, քան 1 տարի առաջ։ Սակայն անհասկանալի է՝ լավատեսությունն ինչո՞ւ է պակասել։ Չէ՞ որ նույն իշխանությունը, ում օրոք վիճակը լավացել է (ըստ ԿԲ-ի եւ ըստ ԱՎԾ-ի), խոստանում է, որ ավելի եռանդով կաշխատի ընտրություններից հետո։ Ըստ էության, մարդիկ չեն հավատում այդ խոստումներին։ Չեն հավատում, հետո էլ դժգոհում են, որ չի փոխվում։