Առաջադրվել են

22/03/2012

ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը երեկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է Կոտայքի մարզի թիվ 25 ընտրատարածքում: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Քոչարյանը: Իսկ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն առաջադրվել է թիվ 9 ընտրատարածքում, որտեղ թեկնածությունն է առաջադրել ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը: ՀԱԿ անդամ Պետրոս Մակեյանն էլ երեկ առաջադրվել է Շիրակի մարզի Արթիկ եւ Մարալիկ քաղաքները իրենց հարակից գյուղերով ընդգրկող` թիվ 36 ընտրատարածքում, որտեղ մինչ այս իրենց թեկնածությունն էին առաջադրել ԲՀԿ-ական Մուշեղ Պետոյանն ու ՀՀԿ-ական Մխիթար Վարագյանը: Իսկ թիվ 10 ընտրատարածքում առաջադրվել է «Հայէկոնոմբանկի» նախագահ Սարիբեկ Սուքիասյանը, ով պայքարելու է «Նուշիկյան ասոցիացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանի դեմ: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում առաջադրման համար փաստաթղթեր էր ներկայացրել նաեւ Ս. Սուքիասյանի եղբայրը` գործարար, ՀԱԿ ներկայացուցիչ անդամ Խաչատուր Սուքիասյանը: Սակայն նրա առաջադրման շուրջ խնդիր է առաջացել. Ոստիկանության տված տեղեկանքի համաձայն` Խ. Սուքիասյանը վերջին 5 տարիների ընթացքում Հայաստանում չի ապրել 10 ամիս 20 օր, ինչն էլ կարող է նրա թեկնածության գրանցման համար խոչընդոտ հանդիսանալ: