Երաժիշտ Վահան Արծրունին երեկ հայտարարել է, որ երգչուհի Շուշան Պետրոսյանն ԱԺ մտնելով` իր թիրախը դարձնելու է ՀՀ մշակույթի նախարարի աթոռը: «Շուշանը հստակ ձեւակերպել է իր նպատակները. նա մտնում է պայքարի, նա մտնում է, որպեսզի կռվի: Այդ աթոռին նստած Շուշանը հաստատ ավելի հստակ պատկերացումներ ունի արվեստի ոլորտի մասին` կերպարվեստից սկսած` մինչեւ բեմական արվեստ, եւ հաստատ ավելի մոտ է կանգնած այդ ոլորտին: Շուշանի խառնվածքը լավ իմանալով` վստահ եմ, որ նա կփորձեր եւ՛ կռիվ տալ, եւ՛ ծառայել»,- հայտարարել է Վահան Արծրունին: Նաեւ հավելել է, թե կա նաեւ ներքին դրդապատճառ: «Որքան հասկացել եմ, Շուշանը կիսում է ՀՀԿ-ի գաղափարախոսությունը, ինքն այդ կուսակցության գաղափարակիցն է, իսկ ես հարգում եմ գաղափարային մարդկանց, այն արվեստագետներին, որոնք ունեն գաղափարներ ու ծառայում են դրանց: Այդ պարագայում նրանց քայլերը, որպես քաղաքացիներ, արդարացված են»: Իսկ «Արձագանք» ստուդիայի ղեկավար Արտավազդ Բայաթյանը հայտարարել է, թե քաղաքականություն գնում են այն մարդիկ, ովքեր ոչ մի տեղ չեն կայացել: «Իրենց գործում չկայացած մարդիկ գնում են քաղաքականություն: Սա շատ սովորական, աշխարհում ընդունված բանաձեւ է, եթե բոլոր հեղինակավոր քաղաքական գործիչների կենսագրություններին հետեւենք, ապա կտեսնենք, որ նրանք ուրիշ մասնագիտություն են ունեցել, հետո եկել են քաղաքականություն: Իշխելու տենդը հաղթանակն է, իսկ ընդհանրապես լավ արվեստագետը արդեն ինքը իշխող է, էլ ի՞նչ խնդիր ունի»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Այսօր մենք հեշտ գնվող մտավորականություն ունենք, վայրկյանի տակ կարելի է գնել նրանց` պաշտոնով, գումարով»: Նա վստահ է, որ եթե այսօր ինչ-որ մտավորականի նշանակում են որեւէ պաշտոնի, ապա դա արվում է բացառապես նրան օգտագործելու մտադրությամբ: