Սխալ տեղեկություննե՞ր են տրվում

22/03/2012

Մի շարք նախարարություններ` Բնապահպանության, Էներգետիկայի եւ Բնական պաշարների, Արտակարգ իրավիճակների, միջոցներ չեն ձեռնարկել հարստացուցիչ ձեռնարկությունների պոչամբարներում կուտակված թափոնների վտանգավորության դասը որոշելու համար: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի «Հայաստանում վտանգավոր թափոնների օգտագործման (վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում եւ տեղադրում) նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» հրապարակման մեջ: Հրապարակման համաձայն` ՀՀ տարածքում առկա են հարստացուցիչ ձեռնարկությունների թվով 19 պոչամբարներ, որոնցից 10-ը կոնսերվացված են: Հարստացուցիչ ձեռնարկությունների կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացվող թափոնների մասին տարեկան հաշվետվություններում թափոնները ներկայացվել են կամ որպես ոչ վտանգավոր, կամ ընդհանրապես պոչամբարների պարունակությունը որպես թափոն չի դիտարկվել: Արդյունքում` որեւէ բնապահպանական վճար չի վճարվել: