«Քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել»

22/03/2012

– Ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն: Ո՞րն էր այն շարժառիթը, որը քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն առաջացրեց:

– Մինչ այժմ քաղաքականությամբ չեմ զբաղվել, սակայն քաղաքականությունից երբեք հեռու չեմ եղել: Ազգային-քաղաքական հարցերի բուռն քննարկումներին ականատես եմ եղել դեռեւս մանուկ հասակից իմ ընտանիքում: Հայրս` Անդրանիկ Կարապետյանը, 1988թ. Գորիսում հիմնադրել է Ղարաբաղ կոմիտեն ու կազմակերպում էր բազմահազարանոց ցույցեր` ի պաշտպանություն Արցախի, իսկ հետո` Հայաստանի անկախության գաղափարի: Իսկ խորհրդային տարիներին հայրս այլախոհ էր, նա իր չորս ընկերների հետ 1983թ. գաղտնի Վլադիմիրից Հայաստան է տեղափոխել Գարեգին Նժդեհի աճյունը: Նժդեհի աջը մեկ օր մեր տանն է մնացել, որից հետո գաղտնի հուղարկավորել են Խուստուփում: Մայրս այդ մասին վեց տարի չի իմացել: Այսպիսի ընտանիքում եմ ես մեծացել. մեր տունը եղել է մտավորականների հավաքատեղի ու ազգային-պետական հարցերի քննարկման վայր: Մեծանալով այդ մթնոլորտում` ես չեմ կարող անտարբեր մնալ քաղաքական զարգացումների նկատմամբ: Ստանալով բարձրակարգ կրթություն` որոշել եմ իմ կարողություններն ի սպաս դնել պետության զարգացման գործին ու դա անել քաղաքականության միջոցով: Կարծում եմ` վաղուց ժամանակն է, որպեսզի քաղաքական դաշտում եւս տեղի ունենա սերնդափոխություն, եւ ասպարեզ գան երիտասարդ պրոֆեսիոնալներ, ովքեր ունեն մրցունակ կրթություն, աշխատանքային փորձ, բարոյական նկարագիր եւ սրտացավություն մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ:

– Դուք վերջին ավելի քան երեք տարիների ընթացքում ծառայության էիք ՀՀ պաշտպանության նախարարությունում: Ի՞նչ տվեց բանակը Ձեզ, եւ ինչպե՞ս եք դա օգտագործելու Ազգային ժողովում:

– Բանակում հղկվեցին իմ շատ հատկանիշներ, որոնք օգտակար են լինելու ողջ կյանքում: Նախեւառաջ ինքս իմ նկատմամբ կարգապահ ու խստապահանջ դարձա: Բանակը, հանդիսանալով պետության հենասյուներից մեկը, բնականաբար, գտնվում է հանրային մեծ ուշադրության ներքո: Որպես մամուլի քարտուղար` իմ աշխատանքի ժամանակ եղել եմ հանրային ուշադրության կենտրոնում: Սա այն դեպքն է, երբ դու հաշվետու ես ինչպես քո վերադասին, այնպես էլ` հասարակությանը: Արել եմ առավելագույնը` պատշաճ կերպով իրականացնելու իմ ծառայողական պարտականությունները` գիտակցելով պատասխանատվության այն չափը, որը դրված է բանակը ներկայացնող մամուլի քարտուղարի խոսքի ամեն բառի մեջ: Բանակը ինձ շատ բան տվեց, իսկ ես փորձեցի իմ կրթությունը ծառայեցնել բանակին, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն ու առողջությունն են տվել: Իմ աշխատանքը նրանց զոհողությունների համեմատ ոչինչ է: Խոսելով բանակում իմ գործունեության մասին` ցանկանում եմ նշել, որ ինձ համար մեծագույն պատիվ էր աշխատել Սեյրան Օհանյան անհատականության հետ: Դա բարեկրթության ու հերոսականության մի դպրոց էր, որի դասերն իմ հետագա վարքագծում վստահաբար իրենց զգալ են տալու: ԱԺ պատգամավոր ընտրվելու դեպքում այնտեղ եմ տանելու աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցում եւ մարտահրավերներին դիմագրավելու վճռականություն:

– Ինչո՞ւ որոշեցիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Օրինաց Երկիր» կուսակցության համամասնական ցուցակով, ո՞րն էր Ձեր ընտրության շարժառիթը:

– Քաղաքական թիմի իմ ընտրությունը մի քանի հանգամանքով էր պայմանավորված: Ազգային ժողովն օրինաստեղծ գործունեության համար է, իսկ «Օրինաց Երկիր» կուսակցությունը վերջին տարիներին մեծաթիվ օրենսդրական նախաձեռնությունների հեղինակ է եւ առանձնանում է իր ակտիվ օրինաստեղծ գործունեությամբ: ՕԵԿ համամասնական ցուցակում այսօր ընդգրկված են երիտասարդ պրոֆեսիոնալներ, ովքեր ուսանել են եվրոպական ու ամերիկյան լավագույն համալսարաններում: Նրանք բարեկիրթ են, ունեն աշխատանքային փորձ ու պետության ապագայի հանդեպ պատասխանատվության զգացում: Այդ թիմը խոստումնալից է, եւ կարծում եմ` թիմային աշխատանքով մեզ հաջողվելու է ԱԺ-ում օրենսդրական արդյունավետ գործունեությամբ զբաղվել ու քաղաքական դաշտում ունենալ մեր սեփական ձեռագիրը:

– ԱԺ-ում ո՞րն է լինելու Ձեր գործունեության ուղենիշը:

– Նախ` պատգամավոր ընտրվելու համար պետք է ստանալ ժողովրդի քվեն: Իսկ այն ունենալու դեպքում ամեն ինչ անելու եմ, որպեսզի լինեմ օրինակելի պատգամավոր: