Քրեակատարողական քաղաքականություն՝ 35 մահվան ելքով

22/03/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2010թ. մայիս ամսին «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» Հայաստան կատարած այցին հաջորդեց պատվիրակության ծավալուն զեկույցը:

Նշենք, որ պատվիրակությունը Հայաստանի մի քանի քրեակատարողական հիմնարկներում կատարած նախնական այցելությունից հետո զեկույցում իր մտահոգությունն էր հայտնել այս համակարգում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Եվրոպական կոմիտեի պատվիրակությունը ստուգայցեր էր կատարել «Կոշ», «Նուբարաշեն», «Վարդաշեն» ք/հ-ներ, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի հոգեբուժական բաժանմունք, ինչպես նաեւ` ուսումնասիրել էր ցմահ 48 ազատազրկման դատապարտված անձանց վիճակը «Երեւան-կենտրոն» ք/հ-ում: Նրանց հրապարակած զեկույցում մտահոգություն է հայտնվել կալանավայրերի գերբնակեցման, այնտեղ պահվող անձանց զբաղվածության սակավաթիվ լինելու, ք/հ-ների անձնակազմի եւ դրանց հետ առնչություն ունեցող պետական պաշտոնատար անձանց կոռումպացված լինելու, ինչպես նաեւ` ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ոչ բարենպաստ վիճակի վերաբերյալ: Զեկույցում պատվիրակները նաեւ լուրջ խնդիր են համարել ք/հ-ներում տիրող կոռուպցիոն մեծ ցանցը: Ուսումնասիրության ընթացքում նրանք արձանագրել էին, որ պատվիրակությունը քրեակատարողական հիմնարկում պահվող անձանցից լսել է բողոքներ այն մասին, որ անձնակազմը նրանցից կամ նրանց ազգականներից պահանջել է գումար կամ այլ տեսակի «օգուտներ», որպեսզի նրանց թույլատրվի իրացնել իրենց իրավունքները, օրինակ` տեսակցությունները, բժշկի ծառայությունից օգտվելը, ցնցուղ ընդունելը, խիստ ռեժիմի հիմնարկ չտեղափոխվելը, եւ այլն: Արձանագրելով, որ Հայաստանի կալանավայրերում պահվող անձանց թիվը կտրուկ աճել է` Եվրոպական կոմիտեի պատվիրակներն ընդգծել են, որ գերբնակեցումը բնորոշ է եղել իրենց այցելած քրեակատարողական բոլոր հաստատություններին, որոնցից ամենացայտուն օրինակը «Նուբարաշեն» ք/հ-ն է: «Պատվիրակությունն ականատես եղավ գերբնակեցման բացասական ազդեցությանը ք/հ-ներում կյանքի մի շարք կողմերի վրա, այն է` նույն խցում պահվողների` առկա մահճակալների վրա հերթով քնելը, կացարանի փոքր լինելը եւ հակահիգիենիկ պայմանները, զբաղվածության գրեթե լրիվ բացակայությունը եւ բացօթյա զբոսանքների սահմանափակումները, աճող լարվածությունը ք/հ-ներում պահվող անձանց միջեւ եւ ժամանակ առ ժամանակ նրանց ու հիմնարկի անձնակազմի միջեւ»,- նշված է «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի» Հայաստան կատարած այցի պատվիրակության զեկույցում, որը բավականին լայնածավալ է եւ ընդգրկում է նաեւ Եվրոպական կոմիտեի այն առաջարկությունները, որը ոլորտի բարեփոխման նկատառումներով ներկայացվել է ՀՀ իշխանություններին: Ի դեպ, զեկույցում «պատկերավոր» նկարագրված են նաեւ ք/հ-ներում ազատազրկվածների նյութակենցաղային անմարդկային պայմանները:

Կալանավորները հերթափոխով են քնում

Միջազգային կառույցների արձանագրություններն ու, մեղմ ասած` վատ տպավորությունները մի կողմ թողնելով` նշենք, որ Հայաստանի մի շարք իրավապաշտպաններ չեն դադարում ահազանգել կալանավայրերում տիրող իրավիճակի վերաբերյալ: Առայսօր անազատության մեջ պահվող անձինք զրկված են տարրական իրավունքներից եւ մարդկային պայմաններում իրենց պատիժը կրելու հնարավորությունից: «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի տվյալներով` 2010թ. ք/հ-ներում 35 մահացության դեպք է արձանագրվել, ինչը մի քանի անգամ գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշներին եւ, որն անմիջական կապ ունի գերբնակեցման հետ: Մինչդեռ սա այն հրատապ եւ խոցելի ոլորտն է, որի բարեփոխման վերաբերյալ հայտարարություններ անել չեն դադարել Արդարադատության եկող-գնացող նախարարները: Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Հրայր Թովմասյանը խոստացել էր նախարարի իր գործունեությունը մեկնարկել հենց ք/հ-ների բարեփոխումով` սկսած շենքային պայմանների բարելավումից, զբաղվածությունից, վերջացրած կարգապահական խնդիրներով: Կյանքը ցույց տվեց, որ այսօր էլ, մասնավորապես «Նուբարաշենի» մեկուսարանի 8 հոգու համար նախատեսված խցում «ապրում» եւ հերթափոխով քնում են 16-ից ավելի ազատազրկված անձինք: «Եվրոպայի խորհրդի անդամության հետ կապված Հայաստանի պարտավորությունների մեջ որպես բարեփոխման առաջին փուլ գրված էր` համակարգն այն ժամանակվա ՆԳ նախարարության ենթակայությունից տեղափոխել Արդարադատության նախարարության հսկողության ներքո: Ենթակայության փոփոխությունն ինքնին բարեփոխում է, որն իրապես մեծ նշանակություն ունի, որովհետեւ, եթե Ոստիկանությունը հանցագործությունների բացահայտման գործառույթ ունի` արդեն նաեւ կանխակալ վերաբերմունք ունի մարդու նկատմամբ: Այսինքն` մեղադրանքի ձեւավորման մեջ ունի իր դերը, եւ դատարանով մեղավոր ճանաչված մարդը կրկին հայտնվում է իրենց հսկողության տակ»,- ասում է Ա. Սաքունցը` հավելելով, որ պատժի կատարման վերահսկողությունն այլ մարմնին վերապահելու քայլը համարվում է բարեփոխման առաջին քայլ: Բարեփոխման երկրորդ փուլը պետք է լիներ քրեակատարողական համակարգի բարելավումը, այսինքն` պատիժը կրելու վայրում գտնվելու ընթացքում մարդու պայմանները համապատասխանեցնել մարդու արժանապատվությունը չնվաստացնող պայմաններին: Գոյություն ունի իրավական նորմատիվ բազա, որի բուն նպատակը ծառայության, դատապարտյալի միջանձնային հարաբերությունների, խնդիրների լուծման ընթացակարգերի եւ մի շարք այլ հարաբերությունների կարգավորումն է ապահովում: «Պատժի տեսակն ինքնին որպես ազատազրկում` արդեն ամենամեծ պատժի տեսակն է: Մարդուն ազատությունից զրկելն այնքան մեծ պատիժ է, որ վատ պայմաններում նրան պահելն արդեն լրացուցիչ պատիժ է: Իր արարքի համար կրկնակի, եռակի, քառակի մարդը չպետք է պատժվի: Վերջին 2-3 տարիների մահացությունների դինամիկան փաստում է, որ առողջական խնդիրների պատճառով մահվան ելքերը կազմում են 70-80%: Առողջական խնդիրների պատճառով մահացության դեպքերը ցույց են տալիս, որ ք/հ-ներում բուժծառայությունը լուրջ խնդիրներ ունի: Եթե հաշվի առնենք պահման պայմանները` խոնավություն, ջերմության ապահովման ոչ բավարար վիճակ, գերբեռնվածություն, թերսնուցում եւ այլն` ուղիղ կապ կգտնենք մահացության թվի աճի միջեւ»,- վստահեցնում է Ա. Սաքունցը` հիշեցնելով, որ 8 հոգու համար նախատեսված խցում 16-17 հոգու առկայությունն արդեն սահմանափակում է նույնիսկ թթվածինը: Ավելին` սանհանգույցը գտնվում է անմիջապես խցի մեջ, որից օգտվում են մեծաթիվ ազատազրկվածներ: Ի դեպ, ընդունված է համարել, որ քրեակատարողական համակարգը հանդիսանում է երկրում սոցիալական, տնտեսական, քաղաքականության հայելիներից մեկը, այլ կերպ ասած` պետություն է պետության մեջ: Հասկանալու համար, թե ինչպիսին է երկրի կենսամակարդակը, անհրաժեշտ է գնահատական տալ քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակով: Սոցիալական անապահովությունը, գործազրկությունը` որպես կանոն, հանցագործությունների թվի աճի գործոններից է: Ստացվում է, որ հանցագործությունների դեմ պայքարի ցանկացած ձեւաչափ, քրեական քաղաքականություն` դատապարտված է ձախողման, քանի դեռ Հայաստանի իշխանություններն ի զորու չեն ապահովել մարդկանց կենսաապահովման ոլորտները: Ա. Սաքունցը վստահեցնում է, որ երկրի կառավարման բնույթը էական ազդեցություններ ունի տարբեր բնագավառներում, որը ծանրացուցիչ ձեւով ազդում է այն համակարգի վրա, որը պարտավոր է այդ հետեւանքների պատասխանը տալ. «Բարեփոխումների երկրորդ փուլը Հայաստանի քրեակատարողական համակարգում ձախողված է: Ընդհանուր քրեական քաղաքականության խնդիրներով լուծումներ չեն կարողանում տալ: Պետք է նշեմ, որ քրեական քաղաքականության հիմքը` հանցագործությունների կանխարգելումը, հասարակական անվտանգության ապահովումն է: Բայց եթե այդ քաղաքականության հիմքում ընկած է պատժելու փիլիսոփայությունը, ուրեմն` հանցագործություններն էլ ավելի աճելու են»: Իրավապաշտպանի հավաստմամբ` ք/հ-ներում չգրված կանոններն ավելի մեծ նշանակություն ունեն, քան փաստաթղթերով ամրագրված ընթացակարգերը` «Զոն նայող, գող» եւ այլն, ինչը, թերեւս, գործում է նաեւ ազատության մեջ: Այսինքն` եթե հասարակության մեջ օրենքի կամ իրավունքի գերակայությունը չի աշխատում` այդ չգրված օրենքների ինստիտուտը շատ խտացված, ծանր ձեւով արտահայտվում է փակ ռեժիմներում: Ստացվում է, որ քրեական քաղաքականության մեջ բարեփոխում իրականացնելու քայլերը ձախողված են, քանի դեռ հասարակության մեջ այդ բարեփոխումը չի գործում: «Դրա համար մենք ստիպված ենք լինում նույն խնդիրները բարձրացնել, ահազանգել ք/հ-ներում տիրող իրավիճակի մասին: Այնտեղ, որտեղ կա գերբեռնվածության խնդիր, ռեսուրսների դեֆիցիտ` կա նաեւ կոռուպցիոն մեծ ռիսկ: Օրինակ` դատապարտյալի լողանալու խնդիրը. Եթե հիմնարկի բաղնիքային տնտեսությունը նախատեսված է 500 մարդու համար, բայց առկա է 600 հոգի, որոնք պետք է շաբաթը մեկ անգամ լողանան, ուրեմն` հնարավորության դեֆիցիտը կարող է լուծվել այլ ճանապարհով` փողով, քանի որ մարդը գոնե շաբաթը մեկ անգամ պետք է լողանա: Կա ոսկե կանոն` եթե չես կարող պահել դատապարտյալին, ուրեմն` ազատ թող նրան»,- ասում է Ա. Սաքունցը։

«Դատավճռի մեջ չի ասվում, որ մարդը պետք է քնի խավարասերների հետ»

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը վստահեցնում է, որ անկախ Հայաստանի կալանավայրերը շարունակում են մնալ սովետական ժամանակաշրջանի վիճակում: «Նկատի չունեմ իրավունքները, որովհետեւ շատ բան փոխվել է, դատապարտյալի իրավունքներն են շատացել` տեսակցություններ, հանձնուքներ եւ այլն: Բայց մեկուսարանի, շենքային պայմանների իմաստով դրանք շարունակում են մնալ հին, սովետական չափանիշներով կառուցված փակ հաստատություններ, որտեղ պայմաններն անմարդկային են»,- ասում է Վ. Հարությունյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, կալանավայրերում շարունակում են աշխատել կամ ծառայել այն մարդիկ, որոնց վերաբերմունքը կալանավորի հանդեպ գործում էր սովետական տարիներին` բռնությունների կիրառմամբ, որոնք կալանավորին մարդ չեն համարում. «Մարդուն ազատազրկելը կամ բանտ ուղարկելը չի նշանակում նրան պահել անմարդկային պայմաններում: Դատավճռում արձանագրվում է` զրկել նրան ազատությունից, մեկուսացնել հասարակությունից, եւ դատավճռում նշված չի լինում, որ ասենք` նրա բանտախցում պետք է լինեն խավարասերներ կամ առնետներ: Խավարասերի հետ քնելը դա պատիժ է, բայց դատավճիռն ընդամենը պահանջում է մարդուն մեկուսացնել: Պետություն, եթե դու չես կարողանում այնտեղ պահել` պատճառաբանելով, իբր, տեղերը քիչ են, մարդիկ` շատ, ուրեմն` մի դատիր»: Վերջինիս կարծիքով` հնարավոր է` կալանավայրերի վիճակը ժամանակի ընթացքում բարեփոխվի, բայց պատժիչ մեքենան հզորացնելու նպատակից հարկավոր է ազատվել եւ շեշտը դնել մարդու արժանապատվության, ձգտումների, մղումների վրա:

Ի դեպ, հետաքրքիր է, որ քրեակատարողական հիմնարկների ֆինանսավորումը 2009թ. համեմատ 2010-ին կրկնակի նվազել է: Իրավապաշտպան Ա. Սաքունցը մահերը կապում է գերբեռնվածության հետ, իսկ գերբեռնվածության խնդիրը լուծել համակարգը չի կարողանում` ելնելով ֆինանսավորման սղությունից: Օրինակ` եթե Կառավարության որոշմամբ եւ ներքին կանոնակարգի համաձայն` գոյություն ունեն հստակ չափորոշիչներ, ըստ որոնց` մեկ կալանավորի համար նախատեսված է x գումարի սնունդ, դեղորայք եւ այլն, ապա հարց է ծագում` ինչի՞ հաշվին է կրճատվել ֆինանսավորումը: Ստացվում է` մարդկային ռեսուրսի: Ֆինանսավորման կրճատման հետ մեկտեղ` 2010-ին արձանագրված 35 մահվան դեպքը բավականին մեծ ցուցանիշ է: Մեր տեղեկություններով` առողջական խնդիրներ ունեցող շատ դատապարտյալներ բուժման համար անհրաժեշտ բավականին թանկ արժողությամբ դեղորայքը ձեռք բերելու հարցում դիմում են իրենց հարազատներին` պատճառաբանելով, որ փակ հաստատությունում այդ դեղորայքները չկան: Հետեւաբար` հարց է ծագում, իսկ ի՞նչ է լինում այն կալանավորի հետ, որի հարազատները հնարավորություններ չունեն, կամ ով ընդհանրապես հարազատ չունի: Հիշեցնենք, որ հանցագործությունների թվի աճը կապվում է երկրում սոցիալ-տնտեսական վատ պայմանների հետ: Նույնիսկ դեպքեր են լինում, երբ մարդը պահածո գողանալու համար է ազատազրկվում, իսկ ոմանք էլ` դիտմամբ հանցանք են կատարում` համարելով, որ ազատության մեջ գործազրկության եւ աղքատության պայմաններին չեն դիմանում: Կալանավայրում ավելի պաշտպանված են, պետությունն իրենց պահում է: Իսկ պետությունը պահում է այնքանով, որքանով տարվա մեջ 35 մահվան ելք է արձանագրում: