Գրուզիյա Online-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Ազգային-դեմոկրատական ինստիտուտը (NDI) մի շարք կարեւոր խնդիրների շուրջ հարցախույզ է անցկացրել Վրաստանում: Այն անցկացվել է փետրվարի 22-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 3161 մարդ: Հարցախույզների մասնակիցների 49 տոկոսը կարծում է, որ Վրաստանը ժողովրդավար երկիր է, 34 տոկոսը համաձայն չէ դրա հետ: 70 տոկոսը կողմ է ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի քաղաքացիության վերականգնմանը, դրան դեմ է արտահայտվել 8 տոկոսը: 87 տոկոսը տեղյակ է, որ Իվանիշվիլիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից: Վրաստանի համար երեք ամենակարեւոր բարեփոխումների մասին հարցին ի պատասխան` 45 տոկոսը նշել է առողջապահությունը, 39 տոկոսը` գյուղատնտեսությունը, 28 տոկոսը` կենսաթոշակային բարեփոխումները: Ըստ կայքի` 53 տոկոսը համաձայն է, որ Վրաստանի պաշտպանունակության մակարդակը բարձրացվի ԱՄՆ-ի կողմից, 18 տոկոսի համար դա անընդունելի է, իսկ 28 տոկոսն էլ չեն կարողացել պատասխանել այդ հարցին: 84 տոկոսը տեղյակ է նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` Լազիկա անունով նոր քաղաք կառուցելու մտադրության մասին, 59 տոկոսն աջակցում է դրան, իսկ 27 տոկոսը` ոչ: 14 տոկոսը դժվարացել է պատասխանել դրան: Առաջիկա 6 ամիսներին զգալի բարեփոխումներ իրագործելու հարցին 18 տոկոսը բացասական պատասխան է տվել, իսկ 39 տոկոսը դժվարացել է պատասխանել: