Բոժկոն գոհ է նարնջագույն արդյունքներից

27/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Ա. Բաղդասարյանը հանրահավաքին խոսել է միայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոյի՝ երեք անգամ խնդրանքներից հետո: ՀՀ-ում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոն այս մասին ասաց, որ Վիկտոր Յուշչենկոյի եւ Արթուր Բաղդասարյանի զրույցը նախատեսվածից բավական երկար է տեւել, եւ չբացառեց, որ այդ զրույցի ընթացքում Վիկտոր Յուշչենկոն մի քանի անգամ կրկնած լինի միտինգում ելույթ ունենալու առաջարկը: «Քանի որ զրույցը երկար էր, կարող է նա չորս անգամ էլ կրկնի: Ես ճիշտն ասած` չեմ հաշվել»,- ասաց Ուկրաինայի դեսպանը: Վերջինս հատուկ ընդգծեց, որ Արթուր Բաղդասարյանի այցը «Նարնջագույն հեղափոխությունից» հետո Հայաստանի կողմից առաջին պաշտոնական այցն էր: Ու պարոն Բոժկոն շատ բարձր գնահատեց այդ այցը` նշելով, որ դրանից հետո ինքը մեծ սպասելիքներ ունի:

Ի դեպ, Ա. Բաղդասարյանի այցը համընկել էր Ուկրաինայում տեղի ունեցած «Նարնջագույն հեղափոխության» միամյակի հետ: Նույն զուգադիպությամբ, հայաստանյան ընդդիմությունն էլ երեկվանից հայտարարեց, որ երկրում ծիրանագույն հեղափոխություն է իրականացնելու: Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպանը չի ուզում հայկական ընդդիմությանը հաղթանակի հասնելու համար որեւէ խորհուրդ տալ, քանի որ օրենքով էլ դրա իրավունքը չունի: «Ես ոչ մի խորհուրդ չեմ կարող տալ, որովհետեւ ես չեմ ուզում խառնվել ձեր երկրի ներքին գործերին: Հետո, Ուկրաինայի մոտեցումների մասին ես ընդգծել եմ, որ մենք չենք կարող թելադրել, թե որ երկիրն ինչպես պետք է զարգանա: Ամեն երկիր ունի զարգանալու իր ուրույն ճանապարհը»,- ասաց Բոժկոն: Այս միտքն, ի դեպ, նա տարբեր առիթներով մի քանի անգամ կրկնեց: Բայց միեւնույն ժամանակ Ա. Բոժկոն հայ ժողովրդին փոխանցեց հեղափոխության ողջ հմայքը: Դեսպանը պատմեց, թե «Նարնջագույն հեղափոխությունից» հետո Ուկրաինայում ինչպիսի դրական տեղաշարժեր են արձանագրվել: «Մենք հավատում էինք, որ անպայման փոփոխություններ պետք է լինեն: Մենք գիտեինք, որ այդ փոփոխությունները չեն կատարվում երկու, երեք, նույնիսկ ինը ամսվա ընթացքում»,- ասաց նա: «Նարնջագույն հեղափոխության» արդյունքները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն մանրամասն ներկայացրել է նաեւ պաշտոնական այցով այդ երկրում եղած Ա. Բաղդասարյանին: «Ես մտածում եմ, որ հայկական պատվիրակության համար այս այցը լավ հնարավորություն էր` ստանալ անմիջական տեղեկատվություն Ուկրաինայի մասին, մանավանդ այն ժամանակաշրջանի մասին, որ սկիզբ է առել «Նարնջագույն հեղափոխությունից» հետո: Շատ կարեւոր էր Հայաստանի պատվիրակության համար մոտիկից իմանալ Ուկրաինայում ժողովրդավարական բարեփոխումների մասին»,- այսպիսի կարծիք հայտնեց Բոժկոն: Ու նա սկսեց հերթով թվարկել բոլոր այն ձեռքբերումները, որ Ուկրաինան ունեցել է «Նարնջագույն հեղափոխությունից» հետո: «Հեղափոխությունից հետո վերջին 9 ամիսների ընթացքում Ուկրաինայում իրական աշխատավարձն աճել է 18%-ով եւ այսօրվա դրությամբ կազմում է 165 ԱՄՆ դոլար: Կենսաթոշակը երկրում կազմում է 80 դոլար, եւ ուշագրավն այն է, որ այս կենսաթոշակի չափը հավասարվել է ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի: Կարեւոր էր իմանալ, որ մանկան ծնունդի առթիվ պետության կողմից վճարվում է միանվագ նպաստ, որը կազմում է շուրջ 1800 ԱՄՆ դոլար: Բացի այդ, ընտանիքը, որն ունի երեխա, պետության կողմից ամեն ամիս ստանում է անհրաժեշտ օգնություն»,- «Նարնջագույն հեղափոխությունից» հետո Ուկրաինայում կատարված փոփոխությունները ներկայացրեց Ա. Բոժկոն: Ըստ դեսպանի, այդ փոփոխություններն իրենք կատարել են մեծ դժվարությունների գնով, քանի որ երկիրը պատրաստ չի եղել միանգամից այդ քայլին դիմելու: Սակայն հեղափոխության արդյունքում ձեւավորված իշխանությունները գնացել են այդ դժվար քայլին, քանի որ ժողովրդի առաջ խոստում են տվել եւ չեն ուզեցել ժողովրդին հուսախաբ անել: Իհարկե, այս մեկ տարվա ընթացքում, ըստ դեսպանի, եղել են նաեւ սխալներ: Սակայն պարոն Բոժկոն դա բնական է համարում: «Ամեն ճանապարհ, որ երկրներն անցնում են, դա յուրովի ճանապարհ է: Եվ ոչ մի գրքում գրված չէ, թե ինչպես ճիշտ անցնել: Կարեւորը, որ ժողովրդի մեջ հավատք է լինում»,- ասաց նա:

Ի դեպ, երեկ Ալեքսանդր Բոժկոն մի հետաքրքիր համեմատական անցկացրեց. «Այսօր աշխատանքի գալիս ռադիոյով լսեցի, որ այսօր լրանում է Չիլիի բռնակալ Ավգուստո Պինոչետի 90-ամյակը: Եվ մտքիս մեջ ես այսօր համեմատել եմ՝ լրացել է «Նարնջագույն հեղափոխության» 1-ամյակը, եւ Չիլիի բռնակալ Պինոչետի 90-ամյակը: Երկրի զարգացման երկու ճանապարհ կա: Ուկրաինան, որ նոր է ընտրել համաժողովրդական զարգացման ճանապարհը եւ մի ուրիշ երկիր, որը բռնության ճանապարհ է ընտրել: Ո՞րն է ճիշտ: Բոլորս հասկանում ենք, որ երբ շարժվում ենք համաժողովրդական ճանապարհով, դժվարություններ լինում են, բայց համոզված ենք, որ այդ խնդիրները կլուծվեն, քանի որ համաժողովրդական ճանապարհը դա ճիշտ ճանապարհ է: Դրա մասին գիտենք հատկապես Եվրոպայի փորձից»,- հայտարարեց պարոն Բոժկոն: