Ադրբեջանցի լրագրողը` սպառնալիքների ու շանտաժի զոհ

22/03/2012

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից, երկրում խիզախ լրագրողի համբավ ունեցող Խադիջա Իսմայիլովան, ով հայտնի է Ալիեւների ընտանիքի վերաբերյալ իր հետազոտություններով, գաղտնի նկարահանումների եւ սպառնալիքների զոհ է դարձել, բացի այդ, նրա մասին անհիմն մեղադրանքներ պարունակող հոդվածներ են տպագրվել որոշ իշխանամետ թերթերում, եւ լրագրողը չի կասկածում, թե ով է այս ամենի հեղինակը:

Ադրբեջանում խիզախ լրագրողի համբավ ունեցող հանրահայտ Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, որ շարունակելու է իր աշխատանքը` անկախ շանտաժից, սպառնալիքներից եւ համացանցում հայտնված գաղտնի նկարահանված տեսանյութերից: «Ես ոչ մի վատ բան չեմ արել: Ես ուսումնասիրում եմ այս երկրում ստեղծված իրական իրադրությունը: Այդ ես չպետք է ամաչեմ, այլ նրանք, ովքեր միջամտում են իմ անձնական կյանքին»,- ասաց նա IWPR-ի հետ զրույցում: Մարտի 7-ին լրագրողը ծրար է ստացել`անձնական բնույթի լուսանկարներով եւ մեկ գրությամբ, որտեղ ասվում է. «Ծախու կին, քեզ լավ պահիր, այլապես` կխայտառակենք»: Ծրարը, որում տեղ գտած անձնական բնույթի լուսանկարներն արվել էին Իսմայիլովայի տանը, ուղարկվել էր նաեւ երկու ընդդիմադիր թերթերին, որոնք լուսանկարները չհրապարակեցին:

Մարտի 14-ին, երբ Իսմայիլովան հրապարակայնորեն հայտարարեց, որ պատրաստվում է անտեսել սպառնալիքները, կրկին գաղտնի տեսախցիկով նրա տանը նկարահանված տեսանյութը հրապարակվեց մի կայքում, որը, ենթադրաբար, կապված է «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության եւ նույնանուն թերթի հետ: Թե՛ կուսակցությունը, թե՛ թերթը հերքում են կայքի հետ ունեցած որեւէ կապի առկայությունը, սակայն դատելով տեսանյութի տակ հայտնված բազում զայրալից մեկնաբանություններից, համացանցի օգտատերերին ապակողմնորոշել էին`փորձելով հավատացնել, որ հենց կուսակցությունն ու թերթն են պատասխանատու տեսանյութի հրապարակման համար: Լրագրողի կարծիքով` իր հասցեին հնչեցված սպառնալիքները եւ շանտաժը կապված են Ադրբեջանի քաղաքական բարձրաստիճան օղակներում տարածված կոռուպցիայի վերաբերյալ իր ուսումնասիրությունների հետ: Իլհամ Ալիեւի դուստրերի գործարար կյանքի վերաբերյալ նրա վերջին հոդվածը, որը հրապարակվել է «Ազատություն» ռադիոկայանի կողմից, մեկն է այն հազվադեպ ադրբեջանալեզու հոդվածներից, որտեղ քննարկվում է նախագահական ընտանիքը:

Ծրարը ստանալուց հետո Իսմայիլովան դիմել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարություն եւ դատախազություն` դեպքը քննելու համար: Ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Էհսան Զահիդովը հաստատեց, որ գործի վերաբերյալ քննություն է կատարվում: Իսմայիլովայի դեպքը կարող է դառնալ լրագրողներին շանտաժի ենթարկելու վերաբերյալ առաջին գործը, որով զբաղվում են ադրբեջանական իրավապահ մարմինները:

Տասնմեկ միջազգային լրատվական եւ իրավապաշտպան կազմակերպություններ, այդ թվում` «Հոդված 19» (Article 19), «Լրագրողների պաշտպանության հանձնաժողով» (Committee to Protect Journalists), «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders), «Գրաքննության ցուցանիշ» (Index on Censorship) եւ «Human Rights Watch» կազմակերպությունը ստորագրել են լրագրողի դեմ զրպարտչական բնույթի գործունեությունը դատապարտող հայտարարությունը` պահանջելով մանրամասն քննության ենթարկել դեպքը: «Խադիջա Իսմայիլովան անբարոյական գործողությունների զոհ է դառնում, որոնց միակ նպատակը նրա լրագրողական համբավը արատավորելն է եւ նրա քննադատական խոսքը լռեցնելն է: Խադիջա Իսմայիլովայի սեռական բովանդակության լուսանկարներն օգտագործելով` այն անձինք, ովքեր փորձում են շանտաժի ենթարկել նրան, հատկապես որպես թիրախ են օգտագործում նրա սեռական պատկանելությունը, քանի որ նման մարտավարությունը ադրբեջանական հասարակության շրջանում, հավանաբար, կարող է հատկապես ծանր հետեւանքների բերել»,- հայտարարել է «Article 19» կազմակերպության գործադիր տնօրեն Ագնես Կալլամարը: «Ադրբեջանի կառավարությունը պետք է անհապաղ քայլեր ձեռնարկի`այս անձնական բնույթի հարձակման դեպքը քննելու համար, եւ այնպիսի մթնոլորտ ստեղծի, որտեղ նման սպառնալիքներ այլեւս չեն լինի»,- հավելել է նա:

Ադրբեջանական պաշտոնյաներն իրենց հերթին շտապում են հերքել որեւէ կապի առկայությունը լրագրողին շանտաժի ենթարկելու փորձի հետ: «Կառավարությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին, ոչ թե շանտաժի ենթարկել նրանց»,- IWPR-ին ասաց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական վերլուծության ու տեղեկատվական ապահովման բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը: Այնուամենայնիվ, Իսմայիլովան չի հավատում անմեղության ցուցադրական դրսեւորումներին: Իշխանությունները պարզապես փորձում են հանդարտեցնել միջազգային քննադատության ալիքը, որն իրենք չէին կանխատեսել: «Այժմ նրանք փորձում են պաշտպանվել: Նրանք սխալ են գործել` հաշվի չառնելով հանրային կարծիքը: Նրանք չէին սպասում, որ բազում կազմակերպություններ կարձագանքեն նրանց գործողություններին: Այժմ նրանք նահանջում են»,- ասում է լրագրողը:

Իսմայիլովան համոզված է, որ իր հասցեին հնչեցված սպառնալիքները իշխանությունների ձեռքի գործն են: Նա նշում է, որ իրեն հասցեագրված նամակը ստանալուց եւ իր տանը գաղտնի տեսախցիկով նկարահանված նյութերի` համացանցում հայտնվելու ժամանակահատվածում իր մասին քննադատական բնույթի հոդված տպագրվեց կառավարական «Yeni Azerbaijan» թերթում: «Ադրբեջանի շարքային քաղաքացին այնքան իշխանություն չունի, որպեսզի ստիպի նման թերթերին քննադատական բնույթի հոդված գրել իմ մասին»,- ասում է նա: «Yeni Azerbaijan»-ում լույս տեսած հոդվածում տեղ գտած մի շարք անհիմն մեղադրանքների համաձայն` Իսմայիլովայի վարած կյանքն անհարիր է ադրբեջանցի կնոջ համար: Բացի այդ, հոդվածը մեղադրում էր լրագրողի հանգուցյալ հորը շանտաժի միջոցով գումար վաստակելու մեջ, ինչպես նաեւ նշում էր, որ Իսմայիլովան սկանդալի պատճառով թողել էր իր աշխատանքը «Ամերիկայի ձայն» ռադիոկայանում, իսկ «Ազատություն» ռադիոկայանում լրագրողի վարած հաղորդումը, որը կոչվում է «Աշխատանքից հետո», կողմնակալ բնույթ ունի: Թերթի գլխավոր խմբագիր Հիքմեթ Բաբաօղլուն հերքում է այն, թե հոդվածը որեւէ կապ ունի լրագրողին շանտաժի ենթարկելու հետ, եւ պնդում է, որ երկար ժամանակ պատրաստվում էր հրապարակել այդ հոդվածը: «Մենք ժողովրդավարական հասարակությունում ենք ապրում, որտեղ կարելի է ցանկացած մարդու մասին քննադատական հոդված գրել: Եվ մենք այդպես էլ արել ենք»,- պնդում է նա:

Բաբաօղլուն հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե ինչ անհրաժեշտություն կար լրագրողի անձնական կյանքի մասին մեղադրանքներ ներկայացնել, եւ պատասխանեց, որ ողջ անհրաժեշտ տեղեկատվությունը կարելի էր գտնել հոդվածում: Մարտի 15-ին մեկ այլ իշխանամետ թերթ` «Iki Sahil»-ը նույնպես Իսմայիլովայի մասին հոդված հրապարակեց, որը պնդում էր, թե լրագրողի տատիկն ազգությամբ հայ է, եւ, որ նա անբարոյական է, հետեւաբար` չի կարող պաշտպանել ադրբեջանցիների իրավունքները: Թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Իսմայիլ Հաջիեւի խոսքերով`իրենք որոշեցին գրել լրագրողի մասին, քանի որ վերջինս հանրահայտ է դարձել: Լրատվամիջոցների իրավունքների ինստիտուտի տնօրեն Ռաշիդ Հաջիլին նույնպես այն կարծիքին է, որ Իսմայիլովային վարկաբեկելու ծրագրերը նախաձեռնվել են իշխանական վերին օղակներում: «Այն փաստը, որ երկու իշխանամետ թերթերում էլ հոդվածներ լույս տեսան, ստիպում է ինձ հավատալ, որ այս ամբողջը կառավարությունն է նախաձեռնել: «Iki Sahil» թերթում հրապարակված հոդվածը բացեիբաց գովազդում էր տեսանյութը: Ես հույս չունեմ, թե այս գործը պատշաճ կերպով քննության կենթարկվի»,- ասաց Հաջիլին: Նրա խոսքով` միայն «Ազատություն» ռադիոկայանի եւ միջազգային կազմակերպությունների կտրուկ արձագանքը ստիպեց իշխանություններին դեպքի հետաքննություն սկսել: Իշխող «Yeni Azerbaijan» կուսակցության քարտուղարի տեղակալ Բահար Մուրադովան, ով նաեւ Ադրբեջանի խորհրդարան ընտրված հազվադեպ կին պատգամավորներից մեկն է, ասում է, որ լրագրողն անհիմն կերպով է մեղադրում կառավարությանն իրեն սպառնալու մեջ: «Ադրբեջանի կառավարությունն այնքան խղճուկ չէ, որպեսզի լրագրողի դեմ պայքարի, հատկապես կին լրագրողի, այն էլ` նման տգեղ ձեւով: Անընդունելի է որեւէ մեկի անձնական կյանքին նման կերպ միջամտելը: Այս ամենի հետեւում կանգնածներին պետք է հնարավորինս շուտ բացահայտել»,- հայտարարել է նա:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի վարչության պետ Ալի Հասանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ դեպքն ամենայն մանրամասնությամբ քննության է ենթարկվում: «Սպառնալիքների եւ շանտաժի ենթարկողները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է Հասանովը: Ադրբեջանցի իրավապաշտպան ակտիվիստները, սակայն, չեն հավատում, որ Իսմայիլովայի գործի քննությունը պատշաճ կերպով կանցկացվի, այդ թվում` այն փաստը, որ լրագրողի բնակարանում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված եղել: Բաքվի դատախազությունը ներկայում զբաղված է միայն Իսմայիլովայի դեմ հնչեցված սպառնալիքներով, սակայն ոչ շանտաժի եւ անձնական կյանքին միջամտելու փաստերով: Միաժամանակ, Հելսինկյան քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլլաեւան նամակ է ուղղել նախագահ Իլհամ Ալիեւին` խնդրելով լիարժեք քննության ենթարկել դեպքը: «Դա զզվելի է: Խադիջայի քաջարի աշխատանքը պետք է գնահատել, ոչ թե նրան շանտաժի ենթարկել: Մարդկանց շատ է զայրացրել այս ամենը: Նրանք, ովքեր միացել են մեր ստորագրահավաքին, ցանկանում էին, որ մենք ավելի հեռու գնանք մեր քննադատության մեջ: Լրագրողին շանտաժի են ենթարկում նրա աշխատանքի պատճառով: Ես չեմ ուզում, որպեսզի երկրի (Ադրբեջանի) անունը նման բաների հետ կապվի»,- նշում է նա:

Շահլա ՍՈՒԼԹԱՆՈՎԱ
Ադրբեջան, iwpr.net