Հայ մարդը հնագույն ժամանակներից կապված է եղել բնության հետ։ Հրաշալի մի ժառանգություն է թողել մեզ Մովսես Խորենացին։ Հայկ Նահապետի որդի Արամանյակի անունով է կոչվում Արագած լեռը, իսկ նրա որդի Արամայիսը տուն է շինում եւ իր անունով կոչում Արմավիր։ Ապա Արա Գեղեցիկի որդին` «Արայան Արան պատերազմի մեջ մեռնում է Շամիրամի հետ միասին` թողնելով արու զավակ` շատ գործունյա, հանճարախոս Անուշավան Սոսանվերին, որովհետեւ նա պաշտպամունքի համաձայն` նվիրված է Արմենակի` Արմավիրում գտնվող սոսու ծառերին, որոնց տերեւների սոսափյունից` նայելով քամու ուժին եւ ուղղությանը` մեր հայոց աշխարհում սովորեցին գուշակություն անել եւ այն էլ երկար ժամանակ»։
Ա. Մատիկյանը («Արա Գեղեցիկ», էջ 221) գրում է. «Սոսին ներկա ընդհանուր ըմբռնումով կաղամախազգի ծառ մըն է, որուն տերեւները ամենափոքրիկ հովէ կը շարժին, հետեւաբար… գուշակություններու շատ հարմար էին։ Սակայն այն եւս չի կարելի ուրանալ, թե հայ հին մատենագրության մեջ սոսին շատ անգամ եղեւնազգի եւ նոճազգի ծառերու հետ կը նույնացվի»։
Ակադեմիկոս Ղափանցյանը գտնում է, որ «սոսի» անվանումը կապված է շոճի (նոճի) անվան հետ։ Հետաքրքիր է, որ կա կարծիք, թե նոճու փայտանյութից է պատրաստված եղել Նոյի տապանը։
Ըստ հին փռյուգիական առասպելի` Ատտիսը ծնվում է նռից կամ նշից, որ դրել է իր ծոցը Սանգար գետի կույսը` Նանան։ Հետո Ատտիսն իրեն անդամահատում է եղեւնու կամ սոճու տակ, կամ` մի այլ վարկածով` փոխակերպվում է եղեւնու։ Նրա տարեդարձին` գարնանային արեւադարձին հաջորդող մարտի 24-ին, եղեւնի էին կտրում, մանուշակներով ու երիզներով զարդարում, մեկ տարի պահում Կիբելայի տաճարում եւ հանդիսավոր ձեւով այրում` ի նշան Հարության։ Հետագայում այդ սովորույթը Հռոմի վրայով տարածվեց Եվրոպայում։
Ք.Ա. 4-րդ դարում Հռոմի Հուլիոս Ա պապի կոնդակով ձմեռային արեւադարձին հաջորդող հունվարի 25-ը հռչակվեց որպես Քրիստոսի ծննդյան օր, երբ ընդունված էր զարդարել «տոնածառը»։
Բոլշեւիկյան իշխանությունը 1920 թ. արգելեց այդ տոնը, սակայն 1935թ. տոնածառը թույլատրվեց որպես Նոր տարվա խորհրդանիշ։
Հետաքրքիր է, որ Կիբելլայի տաճարի քուրմերին անվանում էին «գալլեր», իսկ դրուիդները ձմեռային արեւադարձի օրվան ընդառաջ զարդարում էին ծառերը զանազան գույնի պտուղներով, հատկապես խնձորներով։ Հայտնի է, որ ձմեռային արեւադարձի օրվա խորհրդանիշը հաճարենին է։ Ամանորյա ծառերի լույսերի հեղինակը Ռալֆ Մորիսն է։
– Ինչ վերաբերում է կաղամախի=սոսի վարկածին, ապա, ինչպես գրել ենք, այն հավանաբար ավելի ճիշտ է, քանի որ հին ուրարտերեն լեզվում «աղե» բառը կրում է «լսել», «ձայն տալ» իմաստը։
Այնուամենայնիվ, կոնակիր փշատերեւ բույսերն իրոք սրբացվել են։ Կրկին Մատինյանի մոտ. «Իմ մանկության ատեն անոր (գիհի) փոքրիկ ճյուղն անգամ կտրելը մեղք կը համարվեր` նվիրված էր Ս. Գեւորգա` որուն բազմաթիվ ուխտատեղիներու քով սովորաբար միշտ կը գտնվեր»։
Հեղինակը շեշտում է, որ Ս. Գեւորգն իր վարքագրության մեջ մի քանի անգամ մարտիրոսական մահով է պսակվում, որպես արձագանք մեռնող ու հարություն առնող հին աստվածության, այսինքն` հողագործ գարնան աստվածության հետ` Գեւորգ=հողագործ։
Հնագույն ժամանակներից մարդն աստվածացրել է անտառի «բնակիչներին»։ Նույն գիհին ունի շատ ուժեղ հակավարակային հատկություն։
Նկատել են, որ ծառերն օգնում են բուժվել հիվանդություններից։ Ըստ դրուիդների` մարդու ճակատագիրը կապված է ինչ-որ ծառի (կամ այլ բույսի) հետ։
Իհարկե, կարեւոր է իմանաք ձեր բույսը` ըստ աստղագուշակի, սակայն պակաս կարեւոր չէ այն իրողության գիտակցումը, որ ծառերն ի զորու են տալ կամ վերցնել մարդու էներգիան, կարող են եւ չեզոք կեցվածք դրսեւորել։ Այլեւս ապացուցված է, որ նույն ծառատեսակն օրվա ընթացքում փոխում է իր էներգետիկ «ճառագայթման» չափը։
Մարդու եւ բույսի փոխհարաբերակցությունը երբեմն շատ ցայտուն է արտահայտվում սենյակային բույսերի պարագայում։ Փորձերով ապացուցված է, որ մարդու զգացմունքային վիճակի եւ բույսի կենսաէներգետիկ դաշտի չափորոշիչների մեջ կա որոշակի կապ։
Որոշ ծառերի դեպքում հայտնի են դրանց ազդեցության տեսակը եւ ժամանակացույցը, այդ օրինաչափություններն ուսումնասիրում է «դենդրոթերապիա» կոչվող բժշկության ուղղությունը կամ, ավելի ճիշտ, միջոցառումների համակարգը։
Բնությունը տալիս է մեզ ֆիզիկական եւ հոգեկան առողջությունը պահպանելու համար մեծ հնարավորություններ։ Կարեւոր է ճիշտ օգտագործել այդ հնարավորությունները։
Ծառերն իրենց կենսաէներգետիկ դաշտով առավել մեծ ազդեցություն են ունենում մարդու վրա որոշակի ժամերին։ Օրինակ` կաղամախին ակտիվ է ժամը 14-ից մինչեւ 17-ը։ Ազդեցությունն օգտակար է միգրենի, հիպերտոնիայի, որոշ դեպքերում` ռեւմատիզմի եւ ռադիկուլիտի սրացման ժամանակաշրջանում։
– Կաղամախին վերցնում է մարդու սթրեսով բնորոշվող բացասական էներգիան։ Սակայն զգուշացեք` 10 րոպեից ավելի այդ ծառի մոտ մնալու դեպքում հնարավոր է` առաջանան գլխապտույտ եւ սրտխառնոց։ Այդ ծառերի տակ հաճախ շատ եւ որակյալ սունկ է լինում, փորձված հավաքողները երկար չեն մնում դրանց մոտակայքում։ Կաղամախին ի զորու է հանել բորբոքումները։ Հնում եկեղեցիների տանիքները ծածկել են կաղամախուց պատրաստված շինանյութով, այս ծառի բնափայտը չի նեխում խոնավ միջավայրում, քանի որ ճնշում է միկրոօրգանիզմների գործունեությունը։ Կաղամախին նույն կերպ ազդում է մարդու վրա։
Բուժիչ հատկություն ունի նաեւ կաղամախու ճյուղի ոչ մեծ հատվածը (2-3 սմ հաստությամբ եւ 6 սմ տրամագծով «գլան»)։ Դրեք այն քթարմատի հատվածում եւ պահեք 30-60 րոպե։ Կիրառեք հարբուխի, գրիպի դեպքում։ Ի դեպ, նույնը կարելի է կատարել տերեւով։
Կաղամախու ճյուղից սղոցված «գլանը» նվազեցնում է ատամի ցավը, ճնշման հետեւանքով առաջացած գլխացավի դեպքում այն ամրացնում են ծոծրակին։
– Սոճին հանգստանում է գիշերը ժամը չորսից հինգը։ Այն էներգիայի դոնոր է, սոճուտում զբոսնելիս դուք, հնարավոր է, ազատվեք դեպրեսիայից, կարագանա թոքախտի բուժման ընթացքը, սակայն պետք է զգուշանան սրտային հիվանդները։ Հանգստացնող հատկություն ունի եղեւնու կոնը, այն պետք է պարբերաբար մի քանի րոպե պահել ձեռքերի մեջ, կոները մարմնին հպելիս թեթեւացնում են ցավերը, հեռացնում բնակարանից բացասական էներգիան։
– Կաղնու ակտիվ ժամերն են երեկոյան իննից գիշերվա երեքը, քնած է 15-17-ը ժամանակահատվածում։
Կաղնին վտանգավոր է նյարդայնացած վիճակում գտնվող մարդու համար, քանի որ պահպանում է այդ հոգեկան վիճակը, որն առկա է մոտեցողի մոտ։ Էներգիան հզոր է եւ իշխող։ Ճյուղի «գլանը» հպում են մարմնին ստենոկարդիայի, առիթմիայի դեպքում։ Ճակատին եւ ծոծրակին հպելիս թարմանում է միտքը եւ տրամաբանելու կարողությունը։
– Լորենին անուշ քուն է պարգեւում, երջանիկ է այն մարդը, ում տան մոտակայքում լորենի է աճում։ Էներգետիկան փափուկ է, հանգստացնող եւ ջերմ։ Ակտիվ է գիշերվա երկուսից մինչեւ առավոտյան վեցը, քնած է 18-19-ը ժամանակահատվածում։ Ծաղկման շրջանի վերջում հավաքեք ծառի ծաղիկները, դրանք տալիս են մեծ քանակությամբ ծաղկահյութ, որից մեղուն «արտադրում» է հրաշալի բուժիչ հատկություններով մեղր։
– Եթե ինչ-որ հոգեբանական խնդիրներ ունեք, ապա ցերեկվա 11-13-ը գնացեք հացենու մոտ։ Այդ ծառը մաքրում է էներգետիկ դաշտը, օգնում կենտրոնանալ հուզող հարցի լուծումը գտնելու վրա։
– Թխկին նույնպես էներգիայի դոնոր է, այն ակտիվ է առավոտյան յոթից մինչեւ տասը, շատ հարմար ժամեր են դրական լիցքեր ստանալու համար։ Էներգիան փափուկ է եւ ներդաշնակ, հեռացնում է մարդուց զանազան բնույթի չարակամությունները։
– Կասկենին երազանքների գիրկն է տանում, այս ծառի էներգիան նպաստում է մարդու մտքի թռիչքին` գիշերվա մեկից հինգը։ Սակայն զգուշացեք հնարավոր պատրանքից։ Նման հատկություն ունի նաեւ ձիակասկենին, որը, սակայն, ակտիվ է ցերեկը` 13-15-ը։ Կասկենու ճյուղից սղոցած գլանն օգնում է արթրիտի դեպքում։
– Եթե ջղայնացած եք, զայրացած, նեղված անարդար վերաբերմունքից կամ հոգնած, ապա դիմեք ուռենուն։ Այն ակտիվ է երեկոյան վեցից մինչեւ ինը։ Ճյուղից պատրաստված գլանը նվազեցնում է գլխացավը։
– Բարդին կաղամախու մոտիկ բարեկամն է։ Նույնպես վերցնում է մարդու բացասական էներգիան, մաքրում մտքերը, հանում ֆիզիկական հոգնածությունը։ Սակայն հանգստացեք ծառից մի քանի մետր հեռավորության վրա։ Հայ մարդու համար բարդին միշտ հայրենիքի խորհրդանիշ է եղել։ Էներգիան միապաղաղ է, հստակ, հանդարտ, նպաստում է ուժերի կենտրոնացմանը, հատկապես նպաստավոր է նպատակասլաց մարդկանց։ Ծառի կամ ճյուղի գլանի հետ հպումն օգնում է հոդացավի եւ գլխացավի դեպքում։ Ակտիվ է 5-18-ը ժամանակահատվածում։
– Ծիրանենին բուժում է ոչ միայն իր պտղով, չիրով եւ կորիզով, այլեւ կենսաէներգիայով։ Ազդեցությունը նման է կաղնուն (կամ հաճարենուն), խորհուրդ է տրվում մինչեւ ծիրանենուն մոտենալը պարպել բացասական լիցքերը կաղամախու, բարդու կամ լաստենու մոտ։ Շնորհակալ ծիրանենին կավելացնի ձեր դրական էներգիան, ֆիզիկական եւ հոգեւոր ուժերը։ Ծիրանենու էներգիան գերիշխող է, ուժեղ։
– Ռոբինիան (ակացիա) կանանց համար բարենպաստ էներգիայի մատակարար է գրեթե ողջ օրվա ընթացքում։
– Շատ օգտակար է կանանց համար կեչու էներգիան, ճյուղի գլանները հպում են կրծքին մաստոպատիայի եւ որովայնի աճուկային հատվածին արգանդի միոմայի դեպքում։ Պարանոցին հպումը նվազեցնում է օստեոխոնդրոզի զարգացումը։
Կեչին այն ծառն է, որի հետ կարելի է կիսել «դարդ ու ցավը», էներգիան փափուկ է, հանգստացնող եւ «լուսավորող»։ Մեծագույն մեղք է առողջ ծառ հատելը` առավել` «կեչուտի լույսը մարելը»։ Ծառն առավել ակտիվ է առավոտյան հինգից ինը, հանգստանում է գիշերվա երեքից չորսը, իրոք որ լուսաբացի ծառ է կեչին։
Կարեւոր է իմանալ, որ կեչուտում օդը հագեցած է իոնիզացված օդով, եւ զբոսնելով այստեղ, դուք զգալիորեն կամրացնեք շնչառական համակարգը, դիմադրողականությունը վարակների դեմ։
– Այլ է իրավիճակը, երբ մոտենում ենք մի այլ կեչազգի ծառի։ Երբեք չի կարելի հպվել լաստենուն, քանի որ հնարավոր է, որ առաջանա գլխացավ, սրտանոթային համակարգի հնարավոր հիվանդությունների սրացում, հոգեբանական իրավիճակի ապակայունացում։ Ծառը հանգստանում է օրվա մեջ ընդամենը մեկ ժամ` ցերեկվա մեկից երկուսը։ Լաստենու ճյուղից պատրաստված «գլանը» հանգստացնում է լեղապարկի ցավը, հանում է մարդուն ծանր հոգեբանական վիճակից։ Այս ծառի կոները, կեղեւը, տերեւը լայնորեն կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ։ Լաստենին ունի կարեւորագույն ջրապահպան նշանակություն։
– Բոխին կեչազգիների ընտանիքի ծառ է։ ՀՀ բնական պայմաններում հանդիպում են արեւելյան եւ կովկասյան տեսակները։ Արեւելյան տեսակը լուսասեր է եւ հարմար կենդանի պատնեշների ձեւավորման համար։
Կովկասյան տեսակն ավելի խոշոր է, խոնավասեր, ստվերադիմացկուն, հնում մշակվել է շքեղ զբոսայգիներում։
Բոխու ծառերի արմատները եւ ճյուղերը հաճախ են սերտաճում մեկը մյուսին, ստեղծելով զանազան մոգական պատկերներ եւ նույնիսկ համայնապատկերներ։
Բոխին ոգեշնչող բույս է, էներգիան օգտակար է կանանց` հեռացնում է վիժման վտանգը։ Բոխու պուրակում ոչ երկարատեւ զբոսանքը կլավացնի ուղեղում արյան շրջանառությունը։
Բոխի արեւելյանը ծաղկում է ապրիլին, ծաղիկի թուրմն օգտագործվում է գլխուղեղի ուռուցքի դեպքում։
– Կարեւոր է իմանալ, որ ծառերի բուժիչ էներգիան օգնում է մարդուն միայն երկարատեւ (ամիսներ, տարիներ) շփման դեպքում։ Բուժվելու համար պիտանի են միայն առողջ ծառերը։ Սակայն ինչպե՞ս գտնենք մեզ հարմար ծառը. շփեք ձեռքով մետաղաթաղանթը, եթե այն մոտենում է բնին, ապա արդյունքը դրական է։ Կան նաեւ հատուկ մետաղե շրջանակներ` ծառը հարմար է ձեզ, եթե կենսաշրջանակը չի պտտվում։
Ծառաբուժությունն ունի բազմաթիվ օրինաչափություններ, ճիշտ բուժում ստանալու համար պետք է ախտորոշվի մարդու էներգետիկ դաշտի վիճակը։
– Ցանկացած երկրում եղել եւ լինում են իրավիճակներ, երբ հատվում են անտառներ։ Հայտնի է, որ հաճարենու եւ կաղնու անտառների կորուստը հավասարակշռելու նպատակով ավելի հաճախ կատարվել է փշատերեւ ծառերի տնկում։
Այսօր շատ է խոսվում այն մասին, որ հրդեհի դեպքում փշատերեւ անտառներում գրեթե անհնարին է մեկուսացնել կրակը։