Մեր տեղեկություններով` ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ կուսակցության համամասնական ցուցակին ՀՀԿ-ականներին ծանոթացնելով` նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ առաջին 100-ից մոտ 70-ը դուրս է գալու. նրանք գործադիրի պաշտոնյաներ են` նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ, քաղաքապետեր եւ այլ պաշտոնյաներ, ովքեր մնալու են իրենց զբաղեցրած պաշտոններում: Հետեւաբար, առաջին հարյուրյակից դուրս մնացած պատգամավորները առաջ են գալու եւ լինելու են անցողիկ տեղերում: Բացի այդ, ՀՀԿ-ում որոշել են, որ ունենալու են 6 կին պատգամավորներ` Հերմինե Նաղդալյանը, Շուշան Պետրոսյանը, Կարինե Աճեմյանը, Մարգարիտ Եսայանը, Նաիրա Կարապետյանը եւ Ռուզաննա Մուրադյանը: ՀՀԿ ցուցակի մյուս կանայք պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացնելու կամ արդեն ներկայացրել են: Քաղաքական շրջանակներում քննարկում են նաեւ ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի նոր վերելքը. ասում են, որ նա ակտիվորեն մասնակցել է ցուցակի կազմմանը, ինչի արդյունքում ընդգրկվել են իր ազդեցության տակ գտնվող մարդկանցից շատերը: ԱԺ-ում չեն բացառում, որ Հ.Աբրահամյանը կարող է վերադառնալ խորհրդարանի խոսնակի պաշտոնին: Կարծիք կա, որ նա Ս.Սարգսյանի վստահությունը նորից ձեռք է բերել նախընտրական ոչ ֆորմալ «ֆոնդին» ահռելի (ընդհուպ` մինչեւ մի քանի միլիոն դոլար) գումարներ հատկացնելու շնորհիվ: Ի դեպ, տարբեր խոսակցություններ կան, թե այդ «գանձանակում» աստղաբաշխական` հիմնականում վեցանիշ գումարներ են ներդրել նաեւ համամասնական ցուցակում ընդգրկված գործարար պատգամավորներ Հ.Նաղդալյանը, Կարեն Ճշմարիտյանը, Վարդան Այվազյանը, Արա Բաբլոյանը, Սպարտակ Մելիքյանը, Գագիկ Բեգլարյանը եւ շատ այլ թեկնածուներ: