Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծի երկրորդ քննարկումը, որը խիստ քննադատության արժանացավ թե՛ խորհրդարանական, թե՛ արտախորհրդարանական ընդդիմության կողմից` որակվելով որպես հակասահմանադրական: Նաեւ գնահատականներ հնչեցին, որ հատկապես ընտրություններից առաջ նման օրենք ընդունելով՝ իշխանությունը ուղերձ է հղում առ այն, որ պատրաստ է կրկին ուժ կիրառել, եւ, որ այդ օրենքն ընդունելով՝ ընդամենը լեգիտիմացվում է այդ միջամտությունը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հարցի շուրջ ստեղծված իրավիճակը, եւ արդյո՞ք նման մտավախություններն արդարացված չեն: Մեր թղթակցի հարցին ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասել է. «Ցանկացած հարցի վերաբերյալ կարծիքները կարող են լինել բազմաթիվ եւ իրարամերժ: Սակայն ոչ մի անհատ` անկախ նրա քաղաքական հայացքներից, դիրքից, սեռից ու տարիքից, չի կարող որոշել` այս կամ այն օրենքը սահմանադրակա՞ն է, թե՞ ոչ: Դրա համար գոյություն ունի Սահմանադրական դատարան: Հին մտածողներն են դեռեւս նկատել. չկա օրենք, որ բոլորի սրտով լինի: Առավել եւս, երբ այն սահմանում է որոշակի ընթացակարգեր: Օրենքն ինքնին քաղաքականություն է եւ քաղաքականությունն իրականացնելու միջոց: Եթե կան գործիչներ, ովքեր ունեն ողջամիտ կասկածներ Ձեր կողմից վկայակոչված օրենքի սահմանադրականության հետ, ապա կարող են դիմել Սահմանադրական դատարան»: