Հանրապետական կուսակցությունը նախօրեին հրապարակել է մոտ 250 հոգանոց համամասնական ցուցակի առաջին 85 տեղերը զբաղեցնող թեկնածուների անունները:
Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրների, ցուցակում թեկնածուների դասավորվածությունը շփոթ ու դժգոհություն է առաջացրել կուսակցության շարքերում: Բանն այն է, որ ՀՀԿ գործադիր մարմնի անդամներից անմիջապես հետո ցուցակում հայտնվել են բոլորիս հայտնի գործիչները, որոնց մեծ մասը ժամանակին հանդես էր գալիս ընդդիմության դերում եւ, մեղմ ասած, քննադատում ու վիրավորական արտահայտություններ շռայլում Սերժ Սարգսյանի հասցեին: Ցուցակում 15-րդը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն է, ով 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ նախ որոշեց պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժմանը, բայց որոշ ժամանակ հետո նորից անցավ իշխանությունների կողմը: ԵԿՄ-ն ունի մոտ 30.000 անդամ, եւ Մ.Գրիգորյանը հավանաբար նրանց մի մասի վրա ազդեցություն կունենա: Այսինքն` առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններում նա ԵԿՄ-ից կարող է բավականին ձայներ ապահովել ՀՀԿ-ի ու Ս.Սարգսյանի համար: Ահա թե վերջինս ինչու է նրան ներկայացրել պատվավոր 15-րդ հորիզոնականում: Եթե հաշվի առնենք, որ ցուցակի առաջին 15-ից հինգը ԱԺ-ում չեն լինելու, ապա Մ.Գրիգորյանն իրականում լինում է ՀՀԿ ցուցակի 10-րդ պատգամավորական թեկնածուն: Այս շարքից Մ.Գրիգորյանին հաջորդում են Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ Հայկ Բաբուխանյանը: ՀՀԿ-ում գրեթե բոլորն են խոսում, որ այս գործիչներն ԱԺ-ում իրենց անհրաժեշտ են հատկապես ՀԱԿ-ի դեմ պայքարելու համար: Իսկ որ ՀԱԿ-ը խորհրդարանում խմբակցություն կունենա, իշխող կուսակցությունում համոզված են: Եվ ՀՀԿ-ի հնաբնակները դժվար թե իրենց թույլ տան այնպիսի ջանասիրությամբ պայքարել ու պատասխանել ՀԱԿ-ի քննադատություններին, ինչպես դա կարող են անել վերը նշված գործիչները: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ նրանց ցուցակի առաջնային հորիզոնականներում են ընդգրկել, որովհետեւ կուսակցությունների ղեկավարներ են: Բայց չէ՞ որ նրանց մեծ մասը տարիներ շարունակ քննադատել է Ս. Սարգսյանին, նույնիսկ անպարկեշտ արտահայտություններ է արել նույն ՀՀԿ-ի ու Ս.Սարգսյանի հասցեին: Արդյո՞ք իրենք ներել են նրանց: «Իհարկե, տարիներ առաջ բավականին խնդիրներ, հակադրություններ, նաեւ սկզբունքների տարբերություններ առաջացել են: Բայց քաղաքական գործիչների մոտ ընդունված բան է, որ անհրաժեշտ է լինում նոր մեկնարկային իրավիճակ, որը կարող է վերաբերել պետության կամ ընդհանրապես քաղաքական զարգացումներին: Իսկ քաղաքական գործիչները նրանք են, ովքեր պիտի իրենց ամբողջ գործունեությունը ծավալեն հանուն պետության ու պետականության խնդիրների լուծմանը: Այս մտահոգություններով ոչ միայն տարբեր քաղաքական ուժերի հետ համագործակցության, այլ նաեւ մեր ցուցակի ներսում համագործակցության հնարավորություն է ստեղծվել: Նրանք վեր են կանգնել կենցաղային խոսակցություններից ու փորձում են համատեղ ուժերով օժանդակել, գնալ այն ճանապարհով, որը նպատակահարմար են գտնում: Մյուս կողմից` քաղաքականության մեջ ճիշտ չէ օգտագործել ներել-չներել բառերը, քաղաքականության մեջ մշտական թշնամիներ ու բարեկամներ չեն կարող լինել»,- ասաց Գ.Սահակյանը:
ՀՀԿ-ում չեն հասկանում նաեւ այն դասավորվածությունը, որ առաջին 100-յակից դուրս են մնացել մի շարք այնպիսի պատգամավորներ, ինչպիսիք են Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արտակ Զաքարյանը, Արտակ Դավթյանը եւ այլք: Իհարկե, բոլորովին էլ այնպես չէ, որ այս պատգամավորները փայլում են իրենց գործունեությամբ, սակայն այս տարիներին նաեւ նրանք են իրենց վրա վերցրել ԱԺ-ում ՀՀԿ-ի ամենօրյա սեւագործ աշխատանքն ու կուսակցությանն ուղղված քննադատությունը: Այս առումով ՀՀԿ-ում երեկ դժգոհություն էր նկատվում: Թեեւ, մյուս կողմից էլ` ՀՀԿ-ի ցուցակն ուռճացված է գործադիր մարմնի բազմաթիվ պաշտոնյաներով, ովքեր ընտրություններից հետո կպաշտպանեն իրենց պաշտոնները, եւ չի բացառվում, որ ետին տեղեր մղված պատգամավորներն անցողիկ դառնան: Վերը նշված պատգամավորների դեպքում նաեւ կարծիք կա, թե Ս.Սարգսյանը նրանց ետին հորիզոնականներ մղելով` ստիպում է ընտրությունների ժամանակ ավելի ագրեսիվ աշխատել, շատ ձայներ բերել, որպեսզի ՀՀԿ-ն այնքան տեղեր ունենա, որ իրենք նորից հայտնվեն ԱԺ-ում: Կարծիք կա նաեւ, որ նրանցից ակնկալվում է նաեւ ընտրական գործընթացների համար ֆինանսական որոշակի ներդրում կատարել: Գ.Սահակյանը երեկ վստահեցրեց, որ այն պատգամավորները, ում անունն ընդգրկված է 100-յակից հետո, անպայման լինելու են հաջորդ խորհրդարանում: Եթե, իհարկե, ՀՀԿ-ին նորից հաջողվի մեծամասնություն ունենալ:
ՀՀԿ-ում երեկ նաեւ խոսում էին, որ իրենց ցուցակի վրա մեծ է եղել ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ազդեցությունը: Հատկապես Կարեն Ճշմարիտյանի ու Վարդան Այվազյանի դեպքում. մինչեւ ՀՀԿ համագումարը կարծիք կար, թե նրանք չեն լինելու անցողիկ տեղերում: Համագումարից հետո ՀՀԿ-ում կարծես թե իրավիճակը փոխվեց` պաշտոնանկ արված Հ.Աբրահամյանին ավելի մեծ լիազորություններ տրվեցին: Եվ ՀՀԿ-ականների մի մասը վերը նշված երկու պատգամավորների 27 եւ 28 տեղերում հայտնվելը համարում են շտաբի պետի ներդրումը: Այս երկու նախկին նախարարները ՀՀԿ-ում համարվել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերձավոր գործիչներ: Հիշեցնենք, որ Վ.Այվազյանն անցած տարի պաշտպանել էր կառավարությանն ուղղված` ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի քննադատությունները, իսկ Կ.Ճշմարիտյանն այս 5 տարիներին գրեթե պատգամավորական գործունեությամբ չի զբաղվել: Այսպիսով ՀՀԿ-ի ցուցակի վրա կարծես թե միջնորդավորված ազդեցություն է ունեցել Ռ.Քոչարյանը: Վերջերս նաեւ հրապարակումներ եղան, թե Հ.Աբրահամյանը նորից կվերադառնա ԱԺ նախագահի պաշտոնին եւ դա կանի Գ.Ծառուկյանի օգնությամբ` Ս.Սարգսյանի առաջ նախագահական ընտրություններին նրա թեկնածությունը պաշտպանելու պայմանով:
Պատասխան ԲՀԿ-ին
ԲՀԿ ղեկավար Գ.Ծառուկյանը շաբաթ օրն անցկացրած կուսակցության համագումարի ժամանակ խիստ քննադատության ենթարկեց կառավարությանն ու մեր երկրում տիրող իրավիճակը: «Ինչպե՞ս է ստացվում, որ հայը, արտագաղթելով օտար երկիր, կարողանում է մեկ-երկու տարում ոտքի կանգնել, աշխատանք գտնել, աշխատատեղեր ստեղծել, իսկ չի կարողանում այդ ամենն իրականացնել: Պատասխանը մեկն է: Միջավայրի եւ պայմանների բացակայությունը… 2008-ից սկսած համաշխարհային տնտեսական ճգնաժամն իր ազդեցությունը թողեց բոլոր երկրների վրա: Աշխարհի գրեթե բոլոր երկրներում կառավարություններն իրենց գործարարներին եւ հատկապես միջին ու փոքր ձեռներեցներին, գյուղացիներին օգնության ձեռք մեկնեցին: Արդյո՞ք մեր գործարարը զգաց այդ օգնությունը… Փաստն այն է, որ մեզանում փոքր եւ միջին բիզնեսը մնաց, բառիս բուն իմաստով, անտեր»,- հայտարարել է ԲՀԿ ղեկավարը:
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նախ հակադարձում է, որ այնպես չէ, թե արտասահմանում բոլոր հայերն են հաջողություն ունենում, իհարկե, ինքը կուզեր, որ դա այդպես լիներ, եւ այնպես չէ, որ մեր երկրում բոլոր ձեռներեցները հաջողություն չեն ունենում: «Ամբողջ աշխարհում կա մի բանաձեւ` եթե ուզում ես, որ քո երկիրը զարգանա, ապա ամեն մեկս մեր ոլորտում լինենք պատասխանատու եւ պարկեշտ: Գործարարը պետք է լինի ազնիվ ու չխուսափի հարկերից, մանկավարժը պետք է իր պարտականությունները պատասխանատվությամբ կատարի: Քաղաքական գործիչը նույնպես պետք է ազնիվ ու պատասխանատու լինի: Խոշոր գործարարն էլ պետք է լինի բարեխիղճ եւ վճարի հարկերը: Իսկ եթե Հայաստանում հաջողության չեն հասնում, ուրեմն այս ընթացքում շատ մարդիկ շատ կարողություններ չէին դիզի: Եվ եթե ամեն ինչ լավ լիներ, մենք չէինք ասի` հավատանք, որ փոխենք: Մենք գտնում ենք, որ կա այդ փոփոխությունների անհրաժեշտությունը, եւ ես մեկ անգամ ուզում եմ ասել, որ փոփոխությունների անհրաժեշտությունը օրվա հրամայական է»,- ասաց Է.Շարմազանովը:
Հիշեցնենք, որ Գ.Ծառուկյանն իր ողջ քննադատությունը հնչեցրեց Ս.Սարգսյանի ներկայությամբ: Արդյո՞ք նախագահն եւ ընդհանրապես ՀՀԿ-ում համամիտ են ԲՀԿ ղեկավարի քննադատությունների հետ: «Նախագահն իր ներկայությամբ ցույց տվեց, որ պատրաստ է հանդուրժողականության, պատրաստ է լսել բոլոր կարծիքները եւ հետեւություններ անել: Ես նաեւ չեմ կարծում, որ ԲՀԿ-ի մեր գործընկերները հնարավորություն չեն ունեցել կոալիցիոն նիստերի կամ այլ հանդիպումների ժամանակ ներկայացնել իրենց կարծիքը: Ես ընդամենը նրանց հիշեցնեմ, որ ԲՀԿ-ն ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի հետ համատեղ` պատասխանատվության կրողն է երկրում տնտեսական եւ քաղաքական կուրսի համար: Ես մի բան կարող եմ ասել, որ մեր բոլոր գործընկերները կողմ են քվեարկել ՀՀ բոլոր կարեւոր փաստաթղթերին` ի դեմս ՀՀ բյուջեների: Իսկ պետության կարեւոր փաստաթուղթը բյուջեն է»,- ասաց Է.Շարմազանովը` ավելացնելով, թե ինքը տրամաբանական չի համարում քննադատել իշխանությանը եւ մնալ կոալիցիայում:
Սուր քննադատություններ եւ հարցադրումներ էր հնչեցրել նաեւ ԲՀԿ շարքերը վերջերս համալրած նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հայտարարելով. «Պետք չէ նոր Սահմանադրություն, պետք չեն նոր օրենքներ: Ընդամենը պետք է քաղաքական կամք, որ իշխանության եկածները կարողանան իրենց անձնական, հատվածական եւ կուսակցական շահերը մի կողմ դնել, եւ ընդամենը կարողանան բոլորի համար հավասար կիրառել ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները»:
«Այստեղ ընդդիմադիր կեցվածք ընդունելն այնքան էլ տրամաբանական չեմ համարում: Եթե ընդդիմություն էին ուզում մտնել, կային բազմաթիվ ընդդիմադիր կուսակցություններ, կարող էիր գնալ եւ անդամակցել այդ քաղաքական ուժերին: Ինձ մոտ այն տպավորությունն էր, որ ես հետեւում էի ընդդիմադիր քաղաքական կուսակցության համագումարին, հատկապես պարոն Օսկանյանի ելույթի ժամանակ: Եվ եթե համագումարի պատվիրակներից որեւէ մեկը չհիշեցնի կամ չհիշի, որ դա իշխանական կուսակցության համագումար էր, ապա ես կհիշեցնեմ, որ ինքը մտել է իշխանական կուսակցություն: Այն կուսակցությունը, որը նաեւ պարտավորվածություն է ստանձնել 2013-ին պաշտպանել նախագահ Սարգսյանի թեկնածությունը»,- հիշեցրեց Է.Շարմազանովը: