– Պարոն Հովսեփյան, 2011թ. գարնանը նախագահ Սերժ Սարգսյանն իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հանձնարարեց «նոր թափ հաղորդել» 2008թ. մարտի 1-ի գործի քննությանը: Անցած տարեվերջին Հատուկ քննչական ծառայությունը հրապարակեց մի զեկույց, որով, ինչպես ընդունված է ասել, Մարտի 1-ի «էջը փակված» համարվեց: Իրականում, սակայն Մարտի 1-ի գործի հետ կապված, ըստ էության, որեւէ առաջընթաց չի արձանագրվել: Կարելի՞ է ենթադրել, որ Ս. Սարգսյանի այդ հրահանգն ընդամենը քարոզչական նպատակ ուներ եւ արվեց Հայ ազգային կոնգրեսի` այն ժամանակվա հերթական պահանջը բավարարված համարելու նպատակով:
– Որեւէ հետաքննչական, նախաքննական մարմին, այդ թվում` հատուկ քննչական ծառայությունն, իր վարույթում քննվող քրեական գործով չի կարող զեկույց հրապարակել: Զանգվածային լրատվության միջոցների կողմից օգտագործվող այդ ձեւակերպումը ճիշտ չէ: Մեր օրենսդրությամբ նման ինստիտուտ, մեխանիզմ նախատեսված չէ: Քանզի հակառակ պարագայում կվտանգվեր նախաքննական մարմնի անկախությունը, իսկ օրենսդրական քաղաքականությունը, իրականացվող բարեփոխումները միտված են առավելապես քննչական մարմինների անկախությունն ապահովելուն: 2008թ. մարտի 1-2-ին մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների, դրանց ժամանակ գրանցված մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործով Հատուկ քննչական ծառայությունը, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, հրապարակել է տեղեկատվական հաղորդում՝ ապահովելով հանրային իրազեկումը: Բնականաբար, տեղեկատվությունը հրապարակվել է այն ծավալով, որքանով դրա հրապարակումը չի կարող խոչընդոտել քրեական գործի հետագա նախաքննությանը: Եվ դա առաջին անգամը չէր. այս քրեական գործով նախաքննության` թերեւս, առաջին իսկ օրվանից, հանրային իրազեկման շրջանակներում պարբերաբար տրամադրվել է տեղեկատվություն նախաքննության ընթացքի մասին, երբեմն անգամ ամբողջական ցուցմունքներ են հրապարակվել: Բազմիցս հանդես են եկել հայտարարություններով՝ կոչ անելով հանրությանը հայտնել նախաքննական մարմնին անկարգությունների ժամանակ տեղի ունեցած մահվան դեպքերի, պատճառված մարմնական վնասվածքների, հրկիզումների, գողությունների վերաբերյալ իրենց հայտնի տեղեկությունների մասին` երաշխավորելով նաեւ գաղտնիությունը: Միանշանակ է, որ այս քրեական գործով նախաքննությունը շարունակվելու է, քանի դեռ բոլոր հանգամանքները չեն պարզվել: Իսկ պարզաբանման ենթակա հանգամանքներ դեռ շատ կան: Ճիշտ է` զգալի աշխատանքներ կատարվել են եւ քրեական պատասխանատվության են կանչվել անկարգություններ, խանութներից գողություններ, զենքի հափշտակություն, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված առարկաներ պատրաստողները, դրանք անմիջական իրականացնողները, որոշ դեպքերում` ոստիկանների, իսկ որոշ դեպքերում էլ` քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրած անձինք: Սակայն, անշուշտ, նաեւ գիտակցում ենք, որ բացահայտումներն ամբողջական ու լիարժեք չեն: Նման երեւույթի կրկնությունը մեզանում հետագայում բացառելու կարեւոր նախապայմաններից է բոլոր մեղավորների բացահայտումն ու պատասխանատվության ենթարկումը: Կա որոշակի նաեւ արդարացված դժգոհություն` քննության արդյունքների կապակցությամբ: Ինքս էլ՝ թե որպես գլխավոր դատախազ, եւ թե որպես քաղաքացի չեմ կարող լիարժեք արդյունավետ գնահատել մահվան հանգամանքները պարզելու կամ դեպքի օրը հրազեն օգտագործած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ ինչպես նախաքննական մարմնի, այնպես էլ օպերատիվ-որոնողական մարմինների կատարած աշխատանքները: Ցանկացած աշխատանքի արդյունավետություն որոշվում է արդյունքով: Դեպքի վայրից առգրավված փամփուշտների ու պարկուճների փորձաքննությունների եզրակացությունները վկայում են, որ այդ օրն օգտագործվել է նաեւ անօրինական եւ չհաշվառված զենք, որոնց կիրառողներն առ այսօր հայտնաբերված չեն: Ավելի քան 200 ոստիկան եւ մոտ 6 տասնյակ քաղաքացիական անձ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում` հրազենային կամ պայթուցիկ նյութերից: Պատճառները տարբեր են` եւ՛ օբյեկտիվ, եւ՛ սուբյեկտիվ: Ակնհայտ է, որ նախաքննության ընթացքում նույնիսկ «շահագրգիռ» վկաները, ովքեր, թվում է, թե պետք է նախանձախնդիր լինեին մահվան դեպքերի օբյեկտիվ բացահայտմամբ, չնպաստեցին, չօգնեցին նախաքննությանը, եթե չասեմ, որ ավելի շատ իրենց վարքագծով ապակողմնորոշում էին: Ինչեւէ, Նախագահի հանձնարարականից հետո վերանայվել են ձեռք բերված ապացույցները, վերլուծվել, հարյուրավոր անձինք հրավիրվել են լրացուցիչ հարցաքննությունների, հայտնաբերվել են նոր վկաներ: Օպերատիվ-որոնողական մարմիններին տրվել են կոնկրետ հանձնարարականներ մի շարք հանգամանքներ բացահայտելու, կոնկրետ մարդկանց հայտնաբերելու ուղղությամբ: Ունենք զինված քաղաքացիական անձ, ով դեպքի վայրից դիմել է փախուստի` ոտքի շրջանում վնասվածք ստանալուց հետո, կամ նույն համացանցում կան տեսագրությունները, որտեղ երեւում են ընդհանուր պատկերներ, սակայն փորձաքննություններով հնարավոր չի եղել նույնականացնել: Դիմել ենք միջազգային փորձագետների օգնությանը: Շատ հարցեր կան, որոնք քննության շահերից ելնելով` չենք բարձրաձայնում: Բայց, կարծում եմ, ժամանակի ընթացքում, երբ ձեռք բերված տվյալները կհաջողվի ավելի հստակեցնել, ինչպես նաեւ ամրագրել ապացույցներով, կկարողանանք նաեւ ներկայացնել հանրությանը:
– Չե՞ք կարծում, որ Մարտի 1-ի զոհերի հարազատների պահանջը` բացահայտել եւ պատասխանատվության ենթարկել իրենց որդիների սպանությունները կատարած անձանց, իրավիացի է: Ինչո՞ւ չորս տարի անց որեւէ հանցագործ չբացահայտվեց:
– Դա նաեւ մեր պահանջն է: Արձանագրված մահվան բոլոր հանգամանքների բացահայտումը, ինչպես նշեցի, նախաքննական մարմնի թիվ 1 նպատակն է: Բացմիցս ցուցումներ եմ տվել` ինչպես Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները` ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրումից ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները պարզելու ուղղությամբ, այնպես էլ` քաղաքացիական անձանց կողմից հրազեն, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ մարմնական վնասվածքներ պատճառելուն հարմարեցված առարկաների գործադրման դեպքերը պարզելու, մեղավոր անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ քննչական, այնպես էլ օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Վերջերս հանձնարարել եմ նաեւ հսկողություն իրականացնող դատախազներին ստուգել ձեռնարկվող օպերատիվ-որոնողական աշխատանքները եւ հետամուտ լինել, որ դրանք ավելի ակտիվացվեն: Եթե մահացածներից 3 հոգու պարագայում նախաքննական մարմնին հաջողվել է նեղացնել հնարավոր մեղադրյալների շրջանակը, այսինքն՝ պարզվել է, որ նրանք մահացել են կիրառված հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից, իսկ զուգահեռ պարզվել է նաեւ կոնկրետ այդ տեսակի հատուկ միջոցը կիրառած անձանց շրջանակը, ապա մյուսների պարագայում վիճակը մի փոքր այլ է, եւ դեռ մեծածավալ աշխատանք կա անելու օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումների հետ: Ինչ վերաբերում է կիրառված հատուկ միջոցների հետեւանքով առաջացած մահվան դեպքերին, ապա ցավով պետք է նշեմ, որ չի հաջողվել գտնել այնպիսի մասնագետի, փորձագետի, ով կկարողանա ապահովել նույնականացումը: Ունենք երեք զոհ եւ 4 ոստիկան, ովքեր կիրառել են այդ հատուկ միջոցները: Բոլոր 4-ին չենք կարող քրեական պատասխանատվության ենթարկել, պետք է կարողանանք հստակեցնել մեղադրանքը: Դիմել ենք տարբեր մարմինների, սակայն թե՛ այդ հատուկ միջոցներն արտադրած Ռուսաստանի Դաշնության եւ թե՛ Եվրոպական երկրների փորձագետները հայտարարել են, որ հնարավոր չէ նույնացնել, քանի որ գիտական փորձագիտական նման մեթոդաբանություն չկա: Նորից ենք դիմել եվրոպական կառույցներին՝ համապատասխան փորձագետ գտնելու համար: Ի դեպ, հավաստիացնում եմ, եթե տուժողների իրավահաջորդները մատնացույց անեն նման փորձագետի, ապա պատրաստակամ ենք նրան հրավիրել Հայաստան` ապահովելով նրա կեցության բոլոր ծախսերի փոխհատուցումը:
– Անցած տարվա կեսերից պետական որոշ պաշտոնյաներ ձերբակալվեցին: Ի՞նչ տրամաբանությամբ են իրականացվում այդ ձերբակալություններն ու քրեական գործերի հարուցումը: Շատերը դրանք ընկալում են որպես «կոռուպցիայի դեմ պայքարի» իմիտացիա ստեղծելու փորձ` այն հիմնավորմամբ, որ պետական միջոցների յուրացման մասին խոսվել ու բարձրաձայնվել է տարիներ շարունակ, սակայն իշխանությունները դրանց ուշադրություն չեն դարձրել: Ի՞նչ չափանիշով է իշխանությունն ընտրում «պաշտոնյա զոհերին»: Օրինակ, ինչո՞ւ ձերբակալվեց ՃՈ պետ Մարգար Օհանյանը, իսկ Սոցիալական ապահովության հիմնադրամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը` ոչ: Արդյո՞ք սա խտրական մոտեցում չէ:
– Ձեր հարցն իրականում մի քանի ենթահարց ու միաժամանակ գնահատական է իր մեջ պարունակում: Բնականաբար, քրեական գործերը հարուցվում են Քրեական օրենսգրքի տրամաբանությամբ: Որեւէ քրեական գործով որեւէ անձի մեղադրանք կարող է առաջադրվել բացառապես քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա: Շատ մարդ կարող է շատ բան ասել ու հայտարարել, սակայն իրավապահ մարմինների համար հիմքը միայն ապացույցն է: Շատ ավելի հեշտ է հանդես գալ հասարակական կարծիքին հաճելի հայտարարություններով, բայց նաեւ հիմնավորել է պետք: Խոսքը արժեք է, որը թերագնահատել կամ շռայլել չի կարելի: Եվ կարծում եմ, բոլորս` թե՛ ԶԼՄ-ները եւ թե՛ պաշտոնատար անձինք, պետք է ավելի պատասխանատու վերաբերվեն իրենց հայտարարություններին: Մտածեն` արդյոք որեւէ մեկին հրապարակավ մեղադրելու համար ունե՞ն բավարար ապացույցներ, հիմքեր, կամ արդյոք որպես պետական մարմին, պաշտոնյա` իրավասո՞ւ են հրապարակավ որեւէ մեկին մեղադրել: Խոսքը չի գնում խոսքի ազատության սահմանափակման մասին: Դա ձեռքբերում է, որից հրաժարվելու իրավունք չունենք, բայց պետք է հիշենք, որ խոսքի ազատությամբ չի սկսվում եւ ավարտվում մարդու իրավունքները: Խոսելու ունակության, իրավունքի հետ միասին, մարդուն նաեւ այն կշռադատելու իմաստություն է տրված, եւ արտահայտվելու ազատությունը չպետք է վերածվի հրապարակային վիրավորանքի կամ զրպարտության:
Ճանապարհային ոստիկանությունում վառելիքի բաշխման գործընթացում հայտնաբերվել են չարաշահումներ, եւ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա առաջադրվել են մեղադրանքներ, եւ գործը քննվում է դատարանում: Ինչ վերաբերում է Սոցիալական ապահովության պետական ծառայությունում արձանագրված չարաշահումներին, ապա ասեմ, որ ստուգումներ են կատարվել նաեւ Ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից, որոնց արդյունքները եւս ուղարկել ենք Ոստիկանության Քննչական գլխավոր վարչություն` Վերահսկիչ պալատից ստացած նյութերի հետ համատեղ քննություն իրականացնելու: Այս հարցով վերջերս հրավիրել էի խորհրդակցություն, եւ տրվել են հստակ ցուցումներ: Հսկայական աշխատանք կա կատարելու: Ռիսկային խմբում ընդգրկված են մի քանի հազար կենսաթոշակառու, իսկ աշխարհագրությունն ընդգրկում է հանրապետության գրեթե ամբողջ տարածքը: Չարաշահումները պայմանականորեն տեսակավորվել է 8 խմբի, եւ ստեղծվել են առանձին քննչական ենթախմբեր: Որպեսզի ավելի լավ պատկերացում կազմեք ծավալների մասին, ասեմ, որ միայն քննչական խմբում ընդգրկված է 85 քննիչ, ներգրավվել են նաեւ մասնագետներ ինչպես ֆինանսական վերահսկողության տեսչությունից, այնպես էլ համակարգչային գիտելիքների տիրապետող: Հարցաքննվել են հազարավոր մարդիկ: Գիտակցում եմ, որ այս գործը ստացել է հասարակական մեծ հնչեղություն, եւ բոլորը սպասում են աղմկահարույց ձերբակալությունների, կալանավորումների: Բայց դեռեւս ձեռնպահ կմնամ նախաքննությամբ այս պահին հիմնավորված փաստական հանգամանքների մասին խոսելուց, որովհետեւ, ինչպես արդեն նշեցի, քրեական գործը բավական բազմադրվագ է, որի շրջանակն ավելի է ընդլայնվել ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում: Միայն ասեմ, որ Վերահսկիչ պալատի հրապարակած ոչ բոլոր տեղեկություններն են հիմնավոր, փոխարենը բացահայտվել են այլ դրվագներ` ընդհուպ կաշառք ստանալու, կաշառք տալու եւ կաշառքի միջնորդություններ: Արդեն ունենք շուրջ 20 մեղադրյալ: Երբեմն որեւէ քրեական գործով տեղեկության տրամադրումը չի խանգարում նախաքննությանը, դեռ ավելին` օգնում է, բայց երբեմն, քննության շահերից ելնելով, անհրաժեշտություն է առաջանում հնարավորինս սահմանափակել տեղեկատվության հոսքերը: Չարաշահումների մեջ ներգրավված մարդկանց շրջանակը շատ ընդարձակ է, եւ տեղեկատվության սահմանափակումը տվյալ պարագայում անհրաժեշտություն է` օբյեկտիվ եւ ամբողջական քննություն իրականացնելու համար: Կարծում եմ, տեղյակ եք, որ միայն մի դրվագով` 11 անձանց վերաբերյալ քրեական գործն օրերս ուղարկվել է դատարան:
– Անցած տարի տեղի ունեցան մի շարք ավազակային հարձակումներ գործող կամ նախկին պաշտոնյաների առանձնատների վրա: Դրանք Ձեր կողմից որակվեցին որպես «բանդիտիզմ»: Հետո տեղի ունեցան հայտնի աղմկահարույց ձերբակալությունները, սակայն այդ գործերը կարծես մոռացության մատնվեցին: Հատկապես պարզ չդարձավ` արդյո՞ք դրանց հետեւում կային կազմակերպիչներ: Կարծիք կա, որ այդ խմբավորումներ կարող են ներգրավված լինել իրավապահ մարմինների նախկին աշխատակիցներ: Ի՞նչ փուլում են այս գործերը եւ ինչո՞ւ դեռեւս ամբողջությամբ չեն բացահայտվել:
– Իմ հանձնարարությամբ ուսումնասիրվեցին մայրաքաղաքի տարբեր համայնքներում կատարված զինված հարձակումները, որոնց ձեռագիրն ուներ ընդհանրություններ եւ պարունակում էր բանդիտիզմի հատկանիշներ: Հանձնարարեցի դրանք միավորել մեկ վարույթում, ինչն արդարացվեց: Օպերատիվ-որոնողական, քննչական մարմինների ձեռնարկած միջոցառումների արդյունքում վնասազերծվեց զինված մի բանդա, որը նախատեսում էր այդ օրն իրականացնել իր հերթական ավազակային հարձակումը: Այս պահի տվյալներով` բանդայի 6 անդամ գտնվում է նախնական կալանքի տակ: Դեռեւս նախաքննություն է ընթանում` պարզելու մի շարք հանգամանքներ, եւ կարծում եմ` դեռ շատ վաղ է՝ քննությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակայնացնելու համար: Դրա ժամանակն էլ կգա: Հավատացեք` կան բավարար ապացույցներ, որ հենց այս խմբի անդամների ակտիվ մասնակցությամբ է կատարվել 4 ավազակային հարձակում: Որեւէ հանցագործություն մոռացության չի կարող մատնվել: Կարծում եմ` դա թույլ չեն տա նաեւ զանգվածային լրատվության միջոցները: Մեր խնդիրն է` բացահայտել բոլոր մանրամասները, եւ նախաքննության ավարտի մասին բնականաբար կտեղեկացվեք: Մեղադրյալների ինքնության վերաբերյալ տեղեկություններ ժամանակին հրապարակվել են, եւ նրանց թվում իրավապահ մարմինների ներկայացուցիչներ չկան: Իսկ եթե լիներ, առաջինն ինքներս այդ մասին կխոսեինք: Կարծում եմ, նախկինում արդեն համոզվել եք, որ հենց ինքներս ենք առաջինն արձագանքում իրավապահ մարմինների որեւէ աշխատակցի կողմից դիրքը չարաշահելու, հանցագործություն կատարելու կամ էթիկայի կանոններ խախտելու դեպքերին:
– Միայն այս տարվա առաջին երկու ամիսներին բանակում մահացության կամ սպանության 8 դեպք է արձանագրվել, անցած տարի եւս կատարվել են տասնյակ մահվան ելքով հանցագործություններ, որոնց մեղավորները, եթե նույնիսկ պատժվել են, ապա` իրենց արարքներին ոչ համարժեք: Գրեթե ամեն շաբաթ զոհված զինվորների ծնողները բողոքի ակցիաներ են կազմակերպում, պահանջում են պատասխանատվության ենթարկել իրենց որդիների մահվան իրական մեղավորներին: Որպես ՀՀ գլխավոր դատախազ, վերահսկելով նաեւ Զինվորական դատախազության գործունեությունը, Ձեր կարծիքով՝ ո՞րն է այս արատավոր երեւույթը կանխելու ճանապարհը: Չե՞ք կարծում, որ եթե սպանություններ կատարողները կամ ինքնասպանության հասցնողները խիստ պատժի արժանանան, դա կկանխի հետագայում նման ողբերգական դեպքերի կրկնությունը:
– Պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կյանքի ու առողջության համար: Ծնողները պետությանն են վստահում իրենց զավակներին, եւ պետք է կարողանանք արդարացնել այդ վստահությունը, ողջ ու առողջ նրանց զորացրենք, վերադարձնենք իրենց հարազատներին: Այդուհանդերձ, երբեմն զորամասերում արձանագրվում են դեպքեր` երբեմն` ուղղակի դժբախտ պատահարներ, իսկ երբեմն էլ` ծանր հանցագործություններ` պատճառ դառնալով զինվորի մահվան: Բանակում հանցավորության դեմ պայքարի ուղղությամբ զգալի աշխատանքներ են կատարվում, եւ ես համաձայն չեմ, թե ոչ ոք համարժեք պատժի չի ենթարկվում: Ճիշտ հակառակը` բավական խստացրել ենք պատժողական քաղաքականությունը: Մի քանի դեպքեր կան, որոնց մասին մամուլն անընդհատ գրում է, բայց դրանցով հնարավոր չէ օբյեկտիվ պատկերացում կազմել ընդհանուր քրեական քաղաքականության մասին: Առանձնացնել 1-2-ը եւ փորձել դրանց հիման վրա կարծիք ձեւավորել` չեմ կարծում, թե կլինի օբյեկտիվ իրավիճակի ներկայացում: Համաձայն եմ, որ մեկ դժգոհ ծնողն արդեն իսկ մեծ ցավ է, եւ պետք է կարողանանք նրանց հետ աշխատել այնպես, որ վայելենք նրանց վստահությունը նախաքննության նկատմամբ: Երբեմն այդ դժգոհության տեղիք է տալիս ոչ թե նախաքննության ընթացքը, այլ քննիչի, նախաքննության օրինականությունը հսկող դատախազի վարքագիծը, ովքեր հարկ չեն համարում ժամանակին լսել բողոքն ու բացատրել իրենց այս կամ այն որոշման հիմքերը: Մեր որոշումները պետք է լինեն բացատրելի: Հանձնարարել եմ Զինվորական դատախազությանը, որ յուրաքանչյուր գործով հրավիրեն բողոք ներկայացրած անձանց եւ ապահովեն դրանց պատշաճ քննարկումը: Ասեմ, որ նույն հանձնարարությունը տրվել է նաեւ քաղաքացիական դատախազության բոլոր ստորաբաժանումներին: Մեր աշխատանքով պետք է թույլ չտանք, որ ինչպես հանցագործությունից տուժած անձանց, այնպես էլ ընդհանրապես քաղաքացիների մոտ արմատավորվի թյուր կարծիք: Նախաքննության առաջին իսկ օրվանից պետք է աշխատենք ու ներկայացնենք կասկածահարույց հարցերի վերաբերյալ պատշաճ պարզաբանում, ըստ անհրաժեշտության նշանակվեն նոր փորձաքննություններ, կատարվեն լրացուցիչ քննչական գործողություններ:
– Որդեկորույս գրեթե բոլոր ծնողները դժգոհում են դատական համակարգից` պնդելով, թե իրենց որդիների սպանությունները ներկայացվում են որպես ինքնասպանություններ` այդկերպ կոծկելով իրական հանցագործությունն ու մեղավորներին: Ի՞նչ կասեք այս մասին:
– Դատախազությունում աշխատում են նույնպիսի մարդիկ, ովքեր ունեն ընտանիք, երեխա, եւ որեւէ հայ մարդ թույլ չի տա իրեն քողարկել կամ, ինչպես Դուք նշեցիք` «կոծկել» որեւէ հայ զինվորի մահվան դեպքը կամ սպանությունը: Զինվորական դատախազն աշխատում է հրապարակային, կազմակերպում ընդունելություններ` հնարավորություն տալով այդ թվում լրագրողներին ներկա գտնվել դրանց: Եվ այս աշխատաոճը կշարունակվի ապագայում եւս:
– «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» 2011թ. իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանում անմարդկային վերաբերմունքի դեպքերը հիմնականում արձանագրվում են Ոստիկանության բաժանմունքներում: Ըստ զեկույցի` Ոստիկանության բաժանմունքներում վատ վերաբերմունքը հիմնականում դրսեւորվում է բռունցքով, ոտքով, ինչպես նաեւ` ռետինե մահակներով, ջրով լի շշերով կամ փայտե ձողերով հարվածելով, որոնց նպատակը ինքնախոստովանական ցուցմունք կորզելն է կամ այլ տեղեկություններ ստանալը: ՀՀ ոստիկանության բաժանմունքներում տեղի ունեցող այս վայրագությունների մասին միայն այս զեկույցը չի փաստում: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ:
– Ոչ միշտ է հրապարակավ հնչեցվող հայտարարությունն արտահայտում իրականությունը: Մեր օրերում շատ ընդունված է դարձել մեղադրյալների` պաշտպանական նկատառումներով կատարված հայտարարությունները որպես բացարձակ ճշմարտություն ընդունելը: Տպավորություն է ստեղծվում, թե քրեական դատավարության ընթացքում իրավունքներ ունեն միմիայն մեղադրյալները, եւ բոլորի նպատակը պետք է լինի դրանք պաշտպանելն ու մեղադրյալներին արդարացնելը: Բռնությունը, բնականաբար, անընդունելի երեւույթ է, եւ նման մեթոդով ստացված ցուցմունքը չի կարող ունենալ ապացուցողական նշանակություն: Բոլոր այդօրինակ հայտարարություններին օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվում: Ցավոք, պրակտիկայում եղել են դեպքեր, երբ նախաքննության փուլում փորձ է արվել ծեծի միջոցով կասկածյալից կամ մեղադրյալից ցուցմունք ստանալ: Պարզել ենք նման դեպքերը, եւ մեղավոր անձինք ենթարկվել են պատասխանատվության, առանձին դեպքերում էլ դատարանները գտել են, որ առաջադրված մեղադրանքը հիմնավոր չէ, եւ արդարացրել են: Եվս մեկ անգամ կրկնում եմ օրենսդրության պահանջը` քննությանը խորթ մեթոդների կիրառմամբ ձեռք բերված ապացույցները համարվում են անթույլատրելի, հետեւապես` չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն, դրվել մեղադրանքի հիմքում: Մի բան կարող եմ վստահ ասել` ոչ մի նման ահազանգ, հայտարարություն անարձագանք չի մնում, բոլորը դառնում են քննության առարկա: Եվ հենց այդ հայտարարությունների ստուգման արդյունքները հիմք են տալիս ասելու, որ մեղադրյալները շատ ժամանակ անհարկի են հանդես գալիս նման հայտարարություններով` ուղղակի փորձելով ստվերել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները` կատարած հանցագործության համար պատժից խուսափելու նպատակով կամ ուղղակի այդպիսով փորձելով «արդարացնել» նախաքննության փուլում իրենց հանցակիցների գործողությունների վերաբերյալ ցուցմունքներ տալը: Գիտեք, որ մեղադրյալները չեն կարող պատասխանատվության ենթարկվել, այդ թվում, սխալ ցուցմունք տալու համար: Նրանք ազատ են իրենց պաշտպանական մարտավարությունն ընտրելու հարցում: Սակայն այդօրինակ բոլոր հայտարարություններն ընդունել որպես աներկբա ճշմարտություն` անհասկանալի է: Ցուցմունքները գնահատվում են իրենց ամբողջության մեջ: Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն քրեական գործերով անցնում են նաեւ տուժողներ, ովքեր կորցրել են հարազատներ կամ անձամբ են ենթարկվել հարձակման, տուժել որեւէ հանցագործությունից, ովքեր նույնպես ունեն իրավունքներ, սակայն հաճախ հայտնվում են կրկնակի տուժածի կարգավիճակում: Գոնե երբեմն հիշեք նաեւ նրանց իրավունքների մասին:
– Առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ շրջանառվում է նաեւ Ձեր անունը: Համաձայն որոշ խոսակցությունների` բացի այն, որ Ձեր եղբայրը` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, պատրաստվում է մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրել, ասում են, որ Դուք` որպես ազդեցիկ պաշտոնյա, աջակցելու եք մի քանի մեծամասնական թեկնածուների եւս: Որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը:
– Ես` որպես ՀՀ գլխավոր դատախազ, հետամուտ եմ լինելու, որ օրենքով սահմանված կարգով գրանցվեն եւ քննության առարկա դառնան ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումները, ահազանգերը, քրեորեն հետապնդելի արարք թույլ տրված անձինք ենթարկվեն պատասխանատվության: Իսկ որպես քաղաքացի` բնականաբար, օգտվելու եմ սահմանադրական իմ իրավունքից եւ մասնակցելու եմ ընտրություններին, ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները: Ինչ վերաբերում է եղբորս, ում հարցը շահարկվում է, ապա պետք է հիշեցնեմ, որ նա ժամանակին վարչական այդ տարածքի թաղապետ է ընտրվել ընտրողների ամենաշատ վստահության քվեն ստանալով: Եվ նրան աջակցելու են հենց իր ընտրողները: