Որոշում կայացնելու օրը

27/11/2005

Շատ բան է ասվել ու գրվել սահմանադրության առաջարկվող փոփոխությունների առաջիկա հանրաքվեի մասին, որը տեղի կունենա կիրակի օրը: Ես մտադիր չեմ խոսել հայ ընտրողների դատին ներկայացվող փաթեթի արժանիքների մասին. մեր դիրքորոշումը հայտնի է ու մենք պաշտպանում ենք Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահի վերջերս կատարած հայտարարությունն այս հարցի շուրջ: Սակայն ուզում եմ նշել, որ մեր կարծիքով` մոտենում է քաղաքացիական պատասխանատվության պահը: Այն, թե Հայաստանի իշխանություններն ու ընտրողներն ինչպես կգործեն առաջիկա օրերին, իհարկե, ներքին հարց է: Սակայն աշխարհը չափազանց փոքր է, ու լուրերը տարածվում են լույսի արագությամբ, ու այն, ինչ տեղի կունենա այստեղ, այդ մասին անխուսափելիորեն հայտնի կդառնա այլուր, ու դա իր ազդեցությունը կունենա հեռու-հեռավոր վայրերում ավելի լավ կամ վատ կարծիքի ձեւավորման հարցում: Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ ժողովրդավարության պարագայում Մայր օրենքում կամ Սահմանադրության մեջ գեղեցիկ խոսքերի առկայությունը բավարար պայման չէ: Լավ Մայր օրենք ունենալուց ոչ պակաս կարեւոր է ժողովրդավարական մշակույթի առկայությունը, հարգանքը համաերկրացիների կարծիքի նկատմամբ եւ իրազեկ ու տրամաբանական բանավեճի մեխանիզմների, ազատ մամուլի ու, ի վերջո, քվեարկության միջոցով հանրային գործերն իրականացնելու սկզբունքին հավատարիմ լինելու մշակույթը: Այս բոլորն «արդարացի կառավարման» բնորոշ առանձնահատկություններն են:

Այս կիրակի Հայաստանը հնարավորություն ունի ցույց տալու, որ կարող է առանց խախտումների քվեարկություն անցկացնել: Մենք հուսով ենք, որ բոլոր հայ ընտրողները կկատարեն իրենց քաղաքացիական պարտքը: Եթե կա մի դաս, որ վերջին մի քանի տարիներին պետք է քաղած լինեն աշխարհի երկու կիսագնդերում, դա այն է, որ ընտրողներին շեղելն ու ընտրական իրավունքի միջոցով ընտրության կատարումը կանխելը վնասում է երկրին, երկրի քաղաքացիներին ու ընթացիկ իշխանություններին: Նույնիսկ այն ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ, որոնք ընթանում են փորձառու ու պատրաստված դիտորդների բավարար հսկողության ներքո, շատ բաներ անխուսափելիորեն կախված են քվեարկությունը վարող ու վերահսկող պաշտոնյաների լրջությունից ու պատասխանատվության զգացումից: Եթե նրանք ազնիվ ու արդյունավետ աշխատանք են կատարում, ապա շահում են բոլորը` անկախ քվեարկության արդյունքներից: Իսկ հակառակ պարագայում, երբ լինում են լուրջ խախտումներ, պարտվում են բոլորը: Մենք բարի ընտրական օր ենք մաղթում բոլոր հայ ընտրողներին, որը կլինի նաեւ բարի օր բոլոր հայերի համար:

ՋՈՆ ԷՎԱՆՍ
Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան