Երեկ խոշոր խարդախության համար սեւամորթներ են ձերբակալվել Արմավիրի մարզում: Ոստիկանության Քրեական հետախուզության, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Արմավիրի մարզային վարչության եւ Վաղարշապատի բաժնի ծառայողները երեկ, համատեղ օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, բերման են ենթարկել Լիբերիայի 3 քաղաքացիների` 38-ամյա Ջորջ Զ.-ին, 34-ամյա Ֆոստեր Գ.-ին եւ 36-ամյա Մարկ Դ.-ին: Պարզվել է, որ նրանք մարտի 17-ին Գեւորգ Կ.-ի վստահությունը չարաշահելով` նրանից խաբեությամբ վերցրել են 4000 դոլար գումար:
Մարտի 18-ին իբր հատուկ նյութերով մաքրելով սեւ գույնով ներկված 2000 դոլար թղթադրամն ու դրանք Գեւորգ Կ.-ին տալուց հետո պատճառաբանել են, որ մաքրող նյութերը վերջացել են: Ապա նրանից փորձել են հափշտակել եւս 100.000 դոլար` իբր քիմիական նյութեր ձեռք բերելու եւ մնացած թղթադրամները լվանալու համար: Փաստացի Գեւորգ Կ.-ից խաբեությամբ հափշտակել են 2000 դոլար:
Ձեռնարկված միջոցառումներով` հայտնաբերվել եւ առգրավվել են թղթադրամների չափսով կտրտված սեւ գույնի թղթերը, այլ նյութեր ու պարագաներ:
Կատարվում է քննություն:
Լրատվական կայքերի հաղորդմամբ` խմբից երկուսը վաղուց են ապրում Հայաստանում, իսկ նրանցից մեկը նույնիսկ ֆուտբոլային ակումբներից մեկի ֆուտբոլիստ է: Իսկ երեքը, որոնք ժամանել են Լիբերիայից եւ բնակվել առաջին երկուսի տանը, զբաղվել են խարդախությամբ: