Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կինը` Ասմա ալ-Ասադը, ընկերուհուն ասել է, թե ընտանիքում իրական բռնապետն ինքն է: Այս մասին գրել է բրիտանական «Daily Telegraph»-ը` վկայակոչելով Ասադների գաղտնազերծված էլեկտրոնային նամակներից մեկը: Դեկտեմբերի 14-ով թվագրվող նամակում Ասման մասնավորապես ասում է. «Ինչ վերաբերում է լսելուն, ապա ես եմ իրական բռնապետը, նա այլընտրանք չունի…»: Ըստ «Telegraph»-ի` իր ամուսնու առնչությամբ այդ բառի կիրառումը ցույց է տալիս, թե նրա կինը հասկանում է` ինչպես են ուրիշները վերաբերվում Բաշար ալ-Ասադին: Նամակները բացահայտել են նաեւ Սիրիայի առաջին տիկնոջ անեկդոտները, նկատի ունենալով Հոմսի բնակիչներին: Խոսքը մասնավորապես ինտերնետում շրջանառվող հայտնի կատակի մասին է, որում ուսանողին հարցնում են, թե որն է եղել Նապոլեոնի վերջին ճակատամարտը, իսկ ուսանողը պատասխանում է` այն մեկը, որում նա զոհվել է: Այս կատակը տիկին ալ-Ասադը ստացել է իր ամուսնուց, ապա ուղարկել է իր հորն ու եղբայրներին:
Նամակագրության մեջ Ասմա ալ-Ասադը հանդես է գալիս որպես իր ամուսնու հիմնական ապավեն: Նախքան Սիրիայի ճգնաժամը տիկին Ասադը հանդես էր գալիս որպես Սիրիան ազատականացնելու կողմնակից: