«Մեր պետությունը դառնում է ճզմող համակարգ»,- ասում է «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» նախագահ Վարդան Հարությունյանը

20/03/2012 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2007թ. նախընտրական ծրագրում Հանրապետական կուսակցությունը խոստացել էր իշխանության գալուց հետո ստեղծել այնպիսի քաղաքացիական ինստիտուտներ, կառավարման համակարգ, որի արդյունավետությունը կստիպի աշխարհին Հայաստանը բնութագրել «Իբրեւ ուժեղ ժողովրդավարական պետություն` կառավարման արդյունավետ համակարգով, որտեղ բարձրագույն արժեքը մարդն է, գերակայողը` նրա իրավունքները»: ՀՀԿ-ն խոստացել էր իր իշխանության տարիներին հասարակական հարաբերությունների զարգացումը հիմնել բազմակարծության, անխտրականության, հանդուրժողականության, արդարության ու համերաշխության վրա: Թերեւս մի բան, որն այս տարիների ընթացքում ոչ միայն չի իրականացել, այլեւ` անկում է ապրել: Գրեթե նույն բարձրագոչ ձեւակերպումներով կոալիցիոն մյուս` «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց երկիր» կուսակցություններն էին նախընտրական խոստումներ տվել, ընդհուպ` «հավատացնելով», որ իրական ժողովրդավարության համար ոչ միայն հռչակելու են մարդու իրավունքներն ու ազատությունները, այլեւ` ձեւավորելու են դրանք ապահովող համապատասխան քաղաքական, տնտեսական եւ սոցիալական մեխանիզմներ: Մենք արդեն ներկայացրել ենք մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող իրավապաշտպանների մեկնաբանությունները, եւ բոլորն էլ փաստել են այս դաշտում հինգ տարիների ընթացքում արձանագրված հետընթացը: Փորձեցինք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող որոշակի պարզաբանումներ ստանալ նաեւ «Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանից:

– Այս հինգ տարվա ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, իհարկե, փոփոխություն կա: Նույնիսկ կարող եմ ասել, որ շատ էական փոփոխություն կա, բայց դեպի վատը: Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններին, որոնք նախընտրական ծրագրերում ներառում են մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրներ` դա խոսում է ոչ թե այն մասին, որ այդ կուսակցությությունները գիտակցում են մարդու իրավունքների պաշտպանության կամ դրա զարգացումը խթանելու անհրաժեշտությունը, այլ` ընդամենը նրանք հասկացել են, որ դա մոդայիկ եւ պահանջվող թեմա է: Ներառում են` որպես զուտ ժամանակակից թեմա, իսկ հետագայում` գոնե իշխող կուսակցությունների պարագայում, հաղթանակից հետո ոչ միայն ոչինչ չեն անում, որ մարդու իրավունքներն ամրապնդվեն կամ խրախուսվեն, այլեւ ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա: Տվյալ պարագայում կարող եմ հիշել նախագահական ընտրություններին հաջորդող ողջ պրոցեսը, 2008թ. նստացույցերը, Մարտի 1-ը, քաղբանտարկյալների հսկայական բանակը, դրան հետեւող` մինչեւ այսօր շարունակվող լրագրողների, ազատ խոսքի նկատմամբ ոտնձգությունները: Այսօր էլ կարող եմ մատնանշել ՀՀ քաղաքացու` Խաչատուր Սուքիասյանի դեպքը, երբ նրա նկատմամբ խոչընդոտներ են հարուցում, որպեսզի նա չկարողանա գրանցել իր թեկնածությունը: Այսինքն` խախտումները բազմաթիվ են, եւ որեւէ դրական բան չեմ կարող ասել անգամ մեծ ցանկության դեպքում:

– Մեր իրականության մեջ կարծրատիպային տրամաբանություն կա, ըստ որի` խախտվում է միայն ոչ մի լծակ չունեցող շարքային մարդու իրավունքը: Մինչդեռ կյանքը ցույց է տալիս, որ խախտվում են նաեւ ֆինանսական մեծ ռեսուրսների տիրապետող, նույնիսկ միջազգային կառույցների հետ սերտ կապեր կամ հեղինակություն ունեցող ինչպես գործարարների, այնպես էլ` որոշ դեպքերում, չինովնիկների իրավունքները: Այսինքն` մարդու իրավունքի պաշտպանությունը անկանխատեսելի եւ խոցելի է հասարակական բոլոր շերտերի համար:

– Եթե քաղաքական, հասարակական գործիչների կամ ընդհանրապես մարդկանց, ովքեր գտնվում են «սանդղակի» վերին հատվածում, իրավունքները խոչընդոտվում են, ընդ որում` կոպիտ ձեւերով, ուրեմն` պատկերացրեք, թե ինչքան խիստ ու ուժեղ են խոչընդոտվում բացարձակապես անպաշտպան մարդկանց իրավունքները: Քաղաքական գործիչներն ինչ-որ իմաստով պաշտպանված են:

– Մանավանդ, որ նրանք փորձում են նաեւ դրսի ուժերի միջամտությունն օգտագործել:

– Եվ ոչ միայն դրսում են պաշտպանություն գտնում, այլեւ մամուլն ու իրավապաշտպաններն են անդրադառնում. Եթե նրանք կալանավորվում են` նրանց այցելում են բանտեր, մեկուսարաններ, իսկ ամենախեղճ, հասարակությանն անհայտ մարդը շարունակում է տառապել, չարչարվել անհայտության մեջ: Կալանավայրերում բազմաթիվ են այն մարդիկ, որոնց իրավունքները ոչ միայն ոտնահարվել են, այլեւ` նրանք ընդամենը կարող են հանդես գալ որպես զոհ: Նրանք նույնիսկ ոչ թե հանցագործներ են, որոնք իրենց գործած հանցագործության պատճառով բանտում են հայտնվել, այլ զոհեր են, եւ այդ զոհերը շարունակում են ամեն օր, ամեն ժամ զոհաբերվել, իսկ նրանց կյանքի, խնդիրների մասին հասարակությունը շարունակում է անտեղյակ մնալ: Գյուղերում բազմաթիվ են այն մարդիկ, որոնք անպաշտպան են բառիս բուն իմաստով: Ուզում եմ շեշտել, որ մեր հասարակության մեջ սովորական մարդը շատ ավելի խեղճ ու անպաշտպան է, ավելի քիչ կամ ընդհանրապես հնարավորություն չունի իրեն պաշտպանելու, քան հասարակական, քաղաքական գործիչները:

– ՀՀ Սահմանադրությունը եւ մի շարք օրենքներ մարդուն իրավունքի պաշտպանության լայն հնարավորություն են տալիս: Շարքային հայ մարդը չի փորձում վերականգնել իր ոտնահարված իրավունքը, որովհետեւ չի՞ հավատում օրինական ճանապարհով իր իրավունքը հաստատելուն, թե՞ փորձում է, բայց անարդյունավետ է:

– Երկու, երեք դեպք կա. մի դեպքը, որ չեն հավատում եւ նրանք, ովքեր իրենց իրավունքները պաշտպանելու պրոցեսում բախվում են մեր իրականությանը` շատ արագ ընկալում եւ սովորում են, որ ոչինչ անել հնարավոր չէ: Հուսալքվում են, փորձում են երկիրը լքել, ձեռքերը վեր են բարձրացնում եւ հանձնվում են: Մյուս դեպքը` մարդիկ են, որոնք շատ մեծ մաս են կազմում հասարակության մեջ` տեղյակ չեն իրենց իրավունքներից: Դա եւ անգրագիտության, եւ Սովետական համակարգի թողած հետքն է, որովհետեւ այդ շրջանում մարդիկ ընդհանրապես տեղյակ չէին իրենց իրավունքներից: Իրավունքը տալիս էր պետությունը եւ վերցնում էր պետությունը: Պետությունը «սուրբ» էր: Հասարակության մի մեծ տոկոսի մոտ այդ գիտակցությունն իներցիայով շարունակվում է: Օրինակ, եթե թաղապետարանը կամ գյուղապետարանը նրանից վերցնում են նրա հողը կամ զրկում ինչ-որ մի իրավունքից` նա համարում է, որ այդպես էլ պետք է լինի, ինքը խեղճ է, եւ վերջ: Ուժեղը խլեց, եւ դա անվիճելի է: Հայաստանում մարդու իրավունքները, որպես կանոն, խախտվում են Ոստիկանությունում, Դատախազությունում, քաղաքապետարանում, այսինքն` այն համակարգերում, որտեղ մարդը բախվում է պետությանը, փորձում է պաշտպանել իր շահը, եւ պետությունը կամ պետական չինովնիկը հաղթող է դուրս գալիս: Եթե տեսնեք մեր երեք օմբուդսմենների հրապարակած զեկույցները, կհասկանաք, որ մարդու իրավունքները հիմնականում խախտվում են այնտեղ, որտեղ քաղաքացին բախվում է պետական համակարգին եւ չինովնիկին: Միշտ հաղթող է դուրս գալիս չինովնիկը կամ ամբողջ համակարգը` որպես պետական մարմին:

– Այսինքն` պետությունը` հանձինս ՀՀ սահմանադրության եւ մի շարք օրենքների, համարվում է մարդու իրավունքների պաշտպանության ամենակայուն ինստիտուտը, բայց ամենաշատը մարդու իրավունքը ոտնահարվում է պետության կողմից:

– Ընդունված տեսակետ կա փիլիսոփայության մեջ, որ պետությունը մարդու անհատականությունը ճնշող համակարգ, մեխանիզմ է: Մինչդեռ մեխանիզմը գնալով պետք է քիչ ճնշում գործադրի, իր լծակները պետք է ավելի քիչ օգտագործի մարդու, քաղաքացու դեմ: Մեր պայմաններում` Հայաստանում, ճիշտ հակառակն է. Պետությունը դառնում է մի ճզմող համակարգ, որը ծառայում է ոչ թե նույնիսկ պետությանը, այլ պետության գլուխն անցած ուժին կամ մարդուն, անհատին եւ որպես մեկ ուժի, անհատի ձեռքում գտնվող մահակ` ճնշում, հարվածում է մնացած բոլորին, որոնք չեն ընդունում այդ մեկ ուժին, անհատին եւ այդ պետությանը:

– Եթե պետությունը ճզմող համակարգ է, մսաղացի պես «աղում» է մարդու հողային, սոցիալական, տնտեսական, արդար դատաքննության իրավունքը, ուրեմն` ավելորդ է դառնում նաեւ խոսել առհասարակ մարդու կյանքի իրավունքի մասին: Հայաստանում մահապատիժը չի կիրառվում, իշխանությունն առերեւույթ մարդու կյանք չի խլում, բայց մյուս կողմից էլ` խլում է` մարդկանց դանդաղ մահվան դատապարտելով:

– Մարդու կյանքի իրավունք, ասել է թե` մարդուց պետությունը կամ հասարակությունը կարող է եւ գուցե ինչ-որ տեղ իրավունք ունի խլելու այն, ինչն ինքն է տվել, ներառյալ` ազատությունը: Այսինքն` պետությունը կամ հասարակությունը կարող են ամեն ինչ մարդուց խլել, բացի մի կարեւորագույն բանից, որն ինքը չի տվել` կյանքը: Եթե հաշվի առնենք մեր երկրի պաշտոնապես ճանաչված սպառողական զամբյուղի եւ կենսաթոշակի կամ նվազագույն աշխատավարձի անհամաչափությունը, այո՛, պետությունն ապրիորի մարդուն զրկում է կյանքի իրավունքից: Պետությունը հայտարարում է, որ ինքը սոցիալական պետություն է` իր օրենքներով, Սահմանադրությամբ, բայց ամեն ինչ անում է, որպեսզի բիզնեսը հայտնվի ստվերում, գոյանան օլիգարխներ, իր յուրայիններին ազատում է հարկերից` թույլ տալով, որ նրանք հարստանան` դա նշանակում է, որ ինքը հարստահարում է գյուղացուն, իր հասարակ քաղաքացուն, եւ նրան զրկում է արժանապատիվ ապրելու իրավունքից: Արժանապատիվ ապրելու իրավունքը նույնպես անքակտելի իրավունք է: Ոչ ոք իրավունք չունի մարդուն նվաստացնելու, բայց հայ քաղաքացին նվաստացած է: Այդ նվաստացման պատճառով շատերը հեռանում են երկրից` հայտարարելով, որ ուզում են արժանապատիվ եւ հպարտ ապրել:

– Այնուամենայնիվ, իշխանության կողմից շարքային մարդուն դանդաղ մահվան մղելու վարկածը կամ տեսակետը կիսո՞ւմ եք:

– Այո… Տեսե՛ք, Հայաստանի հիվանդանոցներում այնպիսի վճարներ են պահանջվում լուրջ, կյանքին վտանգ սպառնացող վիրահատությունների համար, որը բոլոր քաղաքացիները չէ, որ կարող են վճարել: Նույնիսկ ամենամեծ զեղչերի դեպքում այդ թվերն աստղաբաշխական են: Վերջերս ինքս բախվել եմ այդ իրականությանը եւ տեսել եմ մարդկանց այն հսկայական բանակը, որոնք անգամ ստիպված են լինում հրաժարվել բուժվելու գաղափարից: Գնում են տուն` հանգիստ, դանդաղ մահանալու: Երբ ՀՀ կառավարությունը հաստատել է էդ թվերը` նաեւ պետք է հաշվարկեր, թե ինչքան թոշակ կամ աշխատավարձ է ստանում շարքային մարդը: Պետք է հասկանալ, թե ի՞նչ է անելու այն մարդը, որի երիկամներում, օրինակ` ուռուցք է հայտնաբերվել:

– Ախտորոշման պահից սկսած` ուռուցքաբանական ծառայություններն անվճար են: Առհասարակ այս ոլորտն իրականացվում է պետության պատվերի ներքո, որի մասին Կառավարության որոշումներ եւ Առողջապահության նախարարի հրամաններ կան:

– Վճարովի է: Հանգամանքների բերումով վերջերս եղել եմ Ուռուցքաբանության կենտրոնում, տեսել եմ եւ՛ վճարները, եւ՛ գումարները, եւ՛ վերաբերմունքը:

– Այնուամենայնիվ, Հայաստանը վավերացնելով միջազգային մի շարք կոնվենցիաներ, պարտավորվել է մարդու իրավունքների դաշտում էական փոփոխություններ կատարել: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այդ կառույցները զեկույցների եւ տարատեսակ մոնիտորինգների «խողովակով» տեղեկանում են Հայաստանում մարդու իրավունքի զանգվածային ոտնահարման դեպքերի մասին: Արդյո՞ք չկա ճնշում:

– Իհարկե, նրանց հասնում է տեղեկատվությունը: Մի պահ ես մտածում էի, որ միջազգային կառույցներն ամեն ինչ անում են, որպեսզի ինչ-որ բան փոխեն, բայց չեն կարողանում: Այս վերջին շրջանում, հատկապես 2008-ից հետո, քաղբանտարկյալների ժամանակ սկսեցի հասկանալ, որ այդ կառույցների մի հատվածը պատրաստ է գնալ զիջումների, զոհաբերել մարդու իրավունքները հանուն ինչ-որ հեղհեղուկ, անիրական շահերի: 2008թ. քաղբանտարկյալների առկայության պայմաններում, երբ շատ ակտիվ շփվում էի այդ խնդիրների հետ եւ առնչվում էի միջազգային կառույցներին, ցավոք, ես դա տեսա: Խոսքը ոչ բոլոր կառույցներին է վերաբերում: Կան կառույցներ, որոնք իրենց առաջ խնդիրը դնելով` չեն գնում զոհողության, բայց կան նաեւ կառույցներ, որոնք արդարանում են դիվանագիտությամբ: Ես կարծում եմ, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու կյանքը, արժանապատվությունը պետք է դիվանագիտությունից զերծ մնա: Սուտ, կեղծ, անիրականանալի գաղափարներին զոհում են մարդու իրավունքները եւ ժողովրդավարությունը: Արդյունքում` եւ՛ չեն ստանում իրենց ակնկալածը, եւ՛ զոհաբերվում են մարդու իրավունքները: Հայ մարդը պետք է հասկանա, որ մենք կարող ենք փոխել մեր կյանքն` առանց հույսներս դնելու օտար, դրսի ուժերի վրա: Նրանցից շատերն են հարգանքի արժանի, բայց եթե մենք ամուր լինենք եւ հույսներս մեր վրա դնենք, մեր իրավունքների համար պայքարում հետեւողական լինենք, ապա դրսի ուժերը կխոնարհվեն մեր առաջ եւ կծառայեն մեզ: Հակառակ դեպքում, նրանք չեն անելու այն, ինչ պետք է անենք մենք: