Ձմեռը շուտ գալիս, ուշ հեռանում է Աշոցքի տարածաշրջանից: Այստեղ գարնան իրական մուտքը միայն մայիս ամսին կարելի է զգալ, իսկ հիմա դեռ մարտն է, ու Կարմրավանում ձյան բարձրությունը 1 մետրից անցնում է: «Անաստված» ձյունը եկել-նստել ու կարծես հալչելու մտադրություն չունի:
«Բնության տվածն է, ինչ կրնանք էնենք, պիտի համբերեք: Աստծու տված, Աստծու տարած, սովոր ենք»,- ասում են Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան գյուղի բնակիչները:
Ձյան ու քամու պատճառով Կարմրավանից դուրս եկող ճանապարհը մշտապես փակվում է: Միջպետական նշանակության ճանապարհը մաքրող տեխնիկայի վարորդները, թեպետ իրենց պարտականության մեջ չի մտնում, սակայն հարկ եղած դեպքում տրակտորի քիթը շուռ են տալիս դեպի գյուղն ու մայրուղուն միացող 700 մետր ճանապարհահատվածը մի մեքենայի չափով լայնացնում: «Գյուղն էդքան եկամուտ չունի, որ ճանապարհների մաքրման համար դիզվառելիք առնենք, կուտակենք, որ ձմռանն էլ ճանապարհը բացենք,- ասում է համայնքապետ Ֆելիքս Հարությունյանը,- դրա համար էլ մնում ենք Ճանշինի հույսին: Իրանք էլ չլինեն, գյուղից դուրս ու ներս անելը կդառնա անհնարին, հատկապես բքերից հետո»: Ընդամենը 50 տուն եւ 260 բնակիչ ունեցող Կարմրավանի ներկայիս ղեկավարը նախկին համայնքապետ Արարատ Կարապետյանից ժառանգած 17 մլն դրամ պարտքը մինչեւ օրս չի կարողանում զրոյացնել: 5 տարի առաջ համայնքի ղեկավարումն ընդունած Ֆելիքս Հարությունյանը սեփական եկամուտների հավաքագրումը հիմնականում ուղղում է աշխատավարձերի եւ սոցվճարների գծով կուտակված պարտքերի մարմանը: «Շատ դժվար է այնպես անել, որ հավաքագրած գումարներից հա՛մ պարտք փակես, հա՛մ մարդկանց աշխատավարձը տաս, այսինքն` էնպես անես, որ ընթացիկ պարտք չառաջացնես: Դրա համար էլ մեր բյուջեի կատարողականը հիմա տատանվում է 60-70%-ի միջեւ, իսկ նախկինում, երբ ընդհանրապես չէր հավաքագրվում կամ շատ քիչ էր, գյուղի ցուցանիշն ամենացածրերից մեկն էր` 17-20%»,- ասում է Ֆ. Հարությունյանը:
Վերջերս կառավարությունը հաստատեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների վերաբերյալ» օրենքների նախագիծը, որով գործադիրը շուրջ 43 մլրդ դրամ հարկային զիջում է անում գյուղացուն: Մինչեւ 2008թ. հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածում առաջացած ապառքները կառավարությունը զրոյացնում է, իսկ դրան հաջորդող ժամանակահատվածի համար կիրառվելու է հարկային արտոնություններ եւ խրախուսող մեխանիզմներ: Դրանք գործելու են մինչեւ 2012-ի դեկտեմբերի 31-ը, այսինքն` եթե մինչ այդ վճարվում է մայր գումարը, կառավարությունը հողօգտագործողին ազատում է տույժ-տուգանքներից: Այս փաթեթով թե՛ հողահարկի, թե՛ գույքահարկի գծով պարտավորությունները չկատարելու համար սահմանվում է 10 տարվա վաղեմության ժամկետ: Կառավարության որոշումն ինչ «ընկել է» գյուղացիների ականջը, արդեն երրորդ ամիսն է` Կարմրավանում հրաժարվում են անգամ 1000 դրամ հարկ վճարել: Ֆելիքս Հարությունյանն ասում է, որ որոշումն արջի ծառայություն մատուցեց համայնքներին: Նախորդ որոշումներն ավելի դրական ազդեցություն էին գործել: Շնորհիվ դրանց, գյուղացին մեկ տարվա ընթացքում փակելով կուտակած պարտքի մայր գումարը` ազատվել էր տույժ-տուգանքներից: Համայնքային բյուջե գումար էր մտել, իրենք էլ կարողացել էին քչից-շատից պարտք փակել ու որոշ աշխատանքներ իրականացնել համայնքում: «Հիմա գյուղում ովքեր նախորդ որոշման շնորհիվ իրենց պարտքը կարողացել էին մարել, եկել իրենց գումարը հետ են ուզում: Էն փոքրաթիվ մասն էլ, որ վերջին 5 տարվա պարտքը պիտի տար, ասում է` էլ չեմ տա: Իրենց կարծիքով` Կառավարությունն էս արտոնությունը տվել է` կապված առաջիկա խորհրդարանական ընտրությունների հետ: Կըսեն` ի՞նչ տանք, դիմացը նախագահի ընտրություններն են, կարող ա մի որոշում էլ էդ ժամանակ լինի, մենք լրիվ ազատվենք պարտքից: Հիմի էսպիսի իրավիճակ է ստեղծվել: Էն տվողները խռովել, չեն ուզե հարկ տան, էն չտվողներն էլ հույս ունեն, թե ընդհանրապես իրանց պարտքը կզրոյացվի: Ու հիմա ես կանգնել եմ փաստի առաջ»,- ուսերն է թոթվում համայնքապետը:
Կառավարության ներկայացրած օրինագծի մեջ Ֆելիքս Հարությունյանին միայն մի կետ է ուրախացնում, որ հարկային արտոնությունները չեն տարածվում խոշոր հարկատուների վրա, ում գույքի պարտքը կազմում է 2 մլն դրամից ավելի, հողի հարկի պարտքը գերազանցում 1 մլն դրամը: Համայնքապետը 2009-ից դատական վեճերի մեջ է կարմրավանցի Կարապետյան եղբայրների հետ: «5 եղբայր են, լրիվն էլ նախորդ տարիներից կուտակած պարտքեր ունեն, ամեն մեկը` 1 մլն դրամի չափով,- ասում է համայնքապետը,- եղբայրներից երեքին դատի եմ տվել, վարչական դատարանը երկուսի մասով բավարարել է հայցս, էն մի եղբոր մասով` մերժել»:
ՀՀ վարչական դատարանը 2008թ. դեկտեմբերի 22-ին բավարարել է Կարմրավանի համայնքապետարանի հայցն ընդդեմ Երեմ Կարապետյանի 831 հազար 535 դրամ հողի հարկի, տույժի, գույքագարկի եւ արոտավարձի գումարները բռնագանձելու պահանջի մասին: Դատարանը բավարարել է նաեւ Սերյոժա Կարապետյանի դեմ ներկայացված հայցապահանջը` 764 հազար 587 դրամ հարկի բռնագանձման վերաբերյալ: Երկու վճիռներն էլ ուժի մեջ են մտել 2009-ից, սակայն մինչեւ օրս համայնքի բյուջե մի լումա մուտք չի եղել այդ գումարներից:
«Անցած տարի, 2011թ. հունիսին եղբայրներից Ռոբերտ Կարապետյանին էի դատի տվել գումարի բռնագանձման պահանջով, բայց, չգիտես ինչու, վարչական դատարանը հայցը մերժեց,- ասում է Ֆելիքս Հարությունյանը,- մերժման մեջ գրված էր, որ պատասխանող կողմը դատարան է ներկայացրել թղթեր, որոնցով ապացուցել է, որ իր հարկային պարտավորությունները կատարել է ժամանակին, ու նույնիսկ այնքան շատ է վճարումը, որ գերազանցում է հայցում նշված գումարի չափը: Դատավորն էլ ասում է` կադաստրից ու հարկայինից թուղթ բեր, թե դու ինչ ձեւով ես հաշվարկ կատարել, կարող ա էս մարդու վրա ավել գումար ես գրել: Իսկ հողի հաշվարկի բանաձեւը բոլոր տեղերը նույնն է, հո նոր բան չպիտի՞ հնարեինք»։
Ծովի մակերեւույթից 2060 մետր բարձրության վրա գտնվող Կարմրավանում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Այս գյուղում անգամ վարելահողերն են օգտագործում որպես խոտհարք: Գյուղում 4 խոշոր ֆերմեր կա, որոնց ֆերմերային տնտեսություններում ընդհանուր հաշվարկով մոտ 300 գլուխ անասուն է պահվում: Գյուղի մնացած բնակիչների ունեցած անասնագլխաքանակը 400-ը չի գերազանցում, սակայն վիճակագրական վարչությունում, երբ հաշվետվություն է ներկայացվում Կարմրավանից, գյուղի ունեցած անասնագլխաքանակը նշվում է 700: «Ստացված թիվն էլ բաժանում են գյուղի 50 տան վրա ու հայտարարում, որ Կարմրավանից հարուստ գեղ չկա: Ես մի քանի անգամ էս հարցը քննարկել եմ մարզպետարանի գյուղվարչության պետի հետ, բայց հլա արդյունք չկա: Ըստ էդ թվերի` ամեն մի բնակիչ, փաստորեն, 15-ից ավելի անասուն ունի, իսկ դա ահագին է»,- նկատում է Ֆելիքս Հարությունյանը: 3,5 մլն դրամ դոտացիա եւ 10 մլն բյուջե ունեցող համայնքում վերջին երկու տարում ամենամեծ ծրագիրն իրականացվել է 2010թ.-ին: Ասիական բանկի աջակցությամբ, 100.000 դոլար արժեքով նոր ջրագիծ է կառուցվել, որի շնորհիվ կարմրավանցին հիմա 24-ժամյա ջրամատակարարում ունի: Մյուս խնդիրը գյուղի 8-ամյա դպրոցն է, որտեղ 24 երեխա է հաճախում: Ավագ տարիքի դպրոցականներն իրենց վկայականները ստանում են Զույգաղբյուրի միջնակարգ դպրոցից: Կարմրավանցի 13 աշակերտ ամեն օր 7 կմ ճանապարհ է կտրում հարեւան գյուղ հասնելու համար: Նախկինում երեխաները ոտքով են գնացել-եկել, 2011թ. դեկտեմբերից համայնքապետը, տեսնելով, որ Կրթության վարչությունը տրանսպորտի հարցը չի լուծում, ինքն է սեփական գումարներով մեքենա վարձել, որպեսզի երեխաներն անվտանգ դպրոց հասնեն ու վերադառնան գյուղ: Անցած տարի սեպտեմբերին 6 առաջին դասարանցի է հաճախել Կարմրավանի 8-ամյա դպրոց: Համայնքապետն ասում է` ծնելիության աճ կա, 2011թ. 6 փոքրիկ է լույս աշխարհ եկել Կարմրավանում: «Բոշին էշը վրա չէ, Կարմրավանին` աշխատակազմի քարտուղարը,- զրույցի վերջում ծիծաղելով տեղեկացնում է համայնքապետը,- Արդեն 6-րդ քարտուղարը կփոխվի 5 տարվա մեջ: 50 հազար դրամով ոչ մի տղամարդ չի համաձայնվում ամբողջ տարին աշխատել, գերադասում են խոպան գնալ: Կանայք էլ ցանկություն չունեն աշխատելու էդ պաշտոնում, ըստ իրենց` գործը շատ է, տան գործերը չեն հասցնե: Տղամարդկանցից արդեն 30 հոգի արտագնա աշխատանքի են գնացել: Չէրթան էլ, ապրելու ուրիշ հնար չկա: Սաղ գյուղը բանկի տոկոսների տակ է: Էդպիսի բանկ չկա, որ մեր գյուղացին դրա տեղը չիմանա, սրանից վերցնում` նրան են տալիս, նրանից վերցնում` էն մյուսին են տալիս, հետն էլ անպայման պիտի խոպան էրթան, որ հասցնեն տոկոսները տան, էլ ինչի՞ պիտի կարմրավանցի տղամարդն ուզենա քարտուղար աշխատի»:
Երանուհի ՍՈՂՈՅԱՆ
hetq.am