Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեսթերվելլը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում` անդրադառնալով ԼՂՀ հակամարտությանը, հայտարարել է, թե Գերմանիայի կառավարությունը հանդես է գալիս տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքների հավասարության օգտին։ «Խաղաղ կարգավորումը դա այն է, ինչին մենք ձգտում ենք եւ միասին աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»,- ասել է նա` հավելելով, թե հակամարտության մեջ ստատուս-քվոն չի կարող երկարատեւ լինել, իսկ խաղաղ կարգավորումը տարածաշրջանում դիվիդենտներ կբերի բոլորին, այդ թվում` Հայաստանին: «Փոխհամաձայնեցված տարբերակը պետք է փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծել է Գիդո Վեսթերվելլը: