Դա այն չէր, ինչ նկատի ունեինք

17/03/2012

ԵԽ ԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի` հունվարի 16-17-ը Երեւան կատարած այցի վերաբերյալ Մոնիտորինգի հանձնաժողովում քննարկված տեղեկատվական փաստաթղթում անդրադարձ կա 2008 թվականի մարտի 1-ին 10 զոհերի մահվան հետաքննությանը: Անդրադառնալով 2011թ. ապրիլի 20-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականին, որտեղ Ս. Սարգսյանը հանձնարարել էր կրկին եւ առավել մանրակրկիտ անդրադառնալ 2008թ. դեպքերին, համազեկուցողներն իրենց զեկույցում նշել են, թե դա այն «հետաքննությունը չէ, որը մենք նկատի ենք ունեցել, որը թույլ կտար զոհերի ընտանիքներին ներկայացնել իրենց պահանջները, իսկ իշխանություններին` բացատրել հետաքննությունը»: «Նախագահ Սարգսյանն ասել է, որ բաց է մեր առաջարկությունների համար, եւ հանձնարարեց ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Դավիթ Հարությունյանին` համազեկուցողների հետ սերտ համագործակցությամբ հանրային լսումների հայեցակարգ մշակել` կատարված հետաքննության արդյունքներով: Բացի այդ, նա հավելել է, որ Գլխավոր դատախազը միայն միջանկյալ զեկույց է հրապարակել, եւ հետաքննությունը շարունակվում է: Միեւնույն ժամանակ, նա իր անհանգստությունը հայտնեց այդ հարցի քաղաքականացման շուրջ` հատկապես 2012թ. մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Այդ պատճառով նա առաջարկեց, որպեսզի լսումների համար ժամանակն ընտրվի այնպես, որպեսզի նվազագույնի հասցվեն դրանք նախընտրական նպատակներով օգտագործելու հնարավորությունները»,- ասված է համազեկուցողների զեկույցում: Համազեկուցողները նաեւ նշել են, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն Հայաստանում ժողովրդավարության համախմբման համար, եւ կոչ են արել ընտրական գործընթացի մասնակիցներին` չխախտել հասարակության հավատը ընտրական գործընթացների նկատմամբ: