ՀՀՇ-ն տապալեց կոնսենսուսը

17/03/2012

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը երեկ «Ա1+»-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ չունի, սակայն հրաժարվել է ընդգրկվել ՀԱԿ համամասնական ցուցակում: Նա ներկայացրել է այն պատճառները, թե ինչո՞ւ են ՀԱԿ անդամ 4 կուսակցությունները հրաժարվել համամասնական ցուցակից: «Ես երջանիկ կլինեի, եթե կուսակցությունները կոնսենսուսի գային եւ կազմեին միասնական ցուցակ: Ես ամեն ինչ արեցի, որ նախագահը երջանիկ լինի, բայց նրա կուսակցությունը` ՀՀՇ-ն, ամեն ինչ արեց, որ կոնսենսուս չկայանա: Արդյունքում` ցուցակում ՀՀՇ-ն լուրջ թիվ է կազմում իմ ունեցած տվյալներով, մենք էլ հայտնվեցինք ցուցակից դուրս: Էն իրավիճակը, որը ձեւավորվեց քաղխորհրդում ծավալված բանակցությունների արդյունքում, փաստաթուղթ կազմեցինք, որտեղ գրեցինք, որ բոլոր կուսակցությունները կողմ են էս սկզբունքին, ՀՀՇ-ն եւ «Այլընտրանքը»` նույնպես, եւ ուղարկեցինք նախագահին: Պարզ է` եթե կոնսենսուս չկար, ցուցակը պետք է նախագահը կազմեր: Մենք սպասում էինք նրա պատասխանին: Քաղխորհրդի նիստը, որը պիտի կայանար չորեքշաբթի օրը, կայացել էր մի օր շուտ: Ես Վրաստանում էի, կհասցնեի գալ եւ մասնակցել, եթե մի օր շուտ չկայանար: Հետո, ինձ էդ հարցով ոչ ոք ոչ մի բան չի ասել»,- ասել է Ս. Գիմիշյանը: Նա միաժամանակ նշել է. «Մնում եմ ՀԱԿ քաղխորհրդի անդամ, հույսս չեմ կորցրել, որ երկրում կհաջողվի իրավիճակ փոխել»: