Ինչպես եւ սպասվում էր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը պատասխանել է իր առաջին բաց նամակի՝ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանի արձագանքին։ Բագրատյանը, սակայն, պատասխանը հասցեագրել է ոչ թե Արամյանին, այլ կրկին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նշելով. «Չեմ կարող ասել, թե նշված անձը Ձե՞ր, թե՞ իր անունից է պատասխանել։ Քանի որ խոսում է բոլոր թվերից ու բոլոր կառավարական, պետական մարմինների անունից, ենթադրում եմ, որ նրան հանձնարարված է եղել պատասխանել։ Եվ ուրեմն, ես այն համարում եմ Ձեր պատասխանը։ Ինչ որ ասել է, համարում եմ Ձեր ասածը։ Նրա հետ ես գործ չունեմ։ Նորմալ երկրում ու նորմալ պրեզիդենտի առկայության պայմաններում ես պետք է որ պատասխանը ստանայի Ձեզանից, հանգիստ տոնով, առանց վիրավորանքների»։ Կրկին կետառկետ անցնելով բոլոր ցուցանիշներով՝ նախկին վարչապետը հորդորել է՝ «Մի տխրեք։ Կգանք` կարգի կբերենք» (նկատի ունի` կգանք իշխանության, տնտեսության վիճակը կարգի կբերենք)։ Նամակի վերջում Բագրատյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել բանավեճը, սակայն հեռուստատեսությամբ, եթե ոչ նախագահի, ապա վարչապետի կամ ԿԲ նախագահի հետ։