Նոյեմբերի 5-ին Երեւանի բնակիչ Հ. Ա.-ն Երեւանից գործուղման է մեկնում Զալցբուրգ՝ օգտվելով «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության ծառայություններից: Իր բեռը նույն ինքնաթիռով չի «թռնում»: Նոյեմբերի 8-ի առավոտյան այն օդանավակայանից տաքսիով ուղարկում են Հ. Ա.-ին:
Սակայն վերջինս զարմանքով հայտնաբերում է, որ ճամպրուկը վնասված է, կողպեքը՝ կոտրված, հագուստը՝ խառնված, իսկ ճամպրուկից բացակայում են կես լիտրանոց շշով 3 կոնյակ եւ 10 տուփ ծխախոտ: 15 րոպե անց Հ. Ա.-ն կապվում է Զալցբուրգի օդանավակայանի պատասխանատուի հետ: Հապաղել չէր կարող, քանի որ, հակառակ դեպքում, երբ մեկ շաբաթից վերադառնար Հայաստան, նրան «կմեղադրեին» ժամանակին չտեղեկացնելու մեջ: «Օդանավակայանի աշխատակիցը սկզբում հեգնական տոնով էր խոսում, իսկ երբ ես ասացի, որ գողության հայտարարություն եմ անում, լրջացավ: Ես առաջարկեցի, որպեսզի նրանք մարդ ուղարկեն՝ ճամպրուկի վիճակը քննելու համար: Իհարկե, մերժեցին»,- պատմում է Հ. Ա.-ն: «Ավստրիական ավիաուղիների» ավստրիական գրասենյակի խորհրդով նա դիմել է ընկերության երեւանյան գրասենյակ, որտեղ արդեն տեղեկացված են եղել դեպքի մասին: Սկզբում այստեղ ներողություն են խնդրել, հետո սկսել են ձգձգել, իսկ վերջում ամբողջ կորուստը գնահատել են 20 եվրո: Այս գումարից Հ. Ա.-ն հրաժարվել է, ընդ որում, այդ ապրանքների գնման դիմաց տրվող կտրոնների բացակայության դեպքում փոխհատուցում են 50%-ով: «Ավստրիական ավիաուղիների» երեւանյան գրասենյակից տուժողին ուղարկել են ընկերության՝ «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ներկայացուցչություն, այնտեղ վերցրել են ճամպրուկը՝ խոստանալով փոխհատուցել: «Պատճառաբանում են, իբր ես իրավունք չունեի ճամպրուկի մեջ կոնյակ դնել: Բայց չէ՞ որ առանց դժվարության օդանավակայանում ընդունել են բեռը, այդ մասին ինձ ոչինչ չեն ասել, ժպիտով էլ ճանապարհել են: Բացի այդ, ոչ ոք իրավունք չուներ առանց իմ ներկայության բացել իմ ճամպրուկը: Ես դեպքը համարում եմ գողություն, թեեւ ավիաընկերությունն այն անվանում է «կորած ապրանք»: Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ «Ավստրիական ավիաուղիները» արհամարհանքով է վերաբերվում իր հաճախորդներին»,- ասում է Հ. Ա.-ն: Վերջինս 2 օր առաջ կրկին դիմել է ընկերության ավստրիական գրասենյակ, որտեղից նրան «ցրել» են՝ ասելով, որ ուսումնասիրությունը դեռ շարունակվում է: Նաեւ նշել են, որ նման բան հնարավոր է, որ կատարվի «Զվարթնոց» օդանավակայանում: Ի դեպ, ավիաընկերության ներկայացուցիչը տուժողին ասել է, որ վերջին մեկ ամսում գրանցվել են նման 3-4 դեպքեր:
Քաղաքացու բողոքի հետ կապված պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դիմեցինք «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Վերներ Կրյուգերին: Վերջինս նախ ասաց, որ ինքն առանձին դեպքերին չի հասցնում լավ ծանոթանալ, բայց խոսեց ընդհանուր առմամբ նման միջադեպերի մասին: «Ուղեւորի բեռի հետ ինչ-որ բան ամեն տեղ էլ կարող է պատահել, լինի դա թռիչքի, վայրէջքի, թե տրանզիտային գոտի հանդիսացող երկրում: Ավիաընկերության համար դժվար է մատնանշել այն վայրը, որտեղ կատարվել է դեպքը, առավել եւս՝ ապացուցել դա»,- ասաց Վ. Կրյուգերը: Նրա խոսքերով, բեռնափոխադրողն ավիաընկերությունն է, իսկ դրա սպասարկումը կատարվում է մեծամասամբ օդանավակայանների կողմից: Կոնկրետ վերոնշյալ դեպքում այդպես է եղել:
Ուղեւորը տոմս է գնել ավիաընկերությունից, եւ վերջինիս հետ յուրօրինակ պայմանագիր է կնքել: Նրա ճամպրուկից գողություն է կատարվել: Ուղեւորին չի հետաքրքրում, թե ով է մեղավորը, նա պահանջում է ըստ արժանվույն փոխհատուցում եւ, բնականաբար, ոչ թե օդանավակայաններից, այլ այն ընկերությունից, որի հետ նա «գործարք է կնքել»: Մեր հարցին, թե ինչպես են իրենք վարվում նման պարագայում, Վ. Կրյուգերը պատասխանեց. «Մենք զգուշացնում ենք մեզ հետ համագործակցող օդանավակայաններին, որպեսզի նրանք ավելի ուշադիր լինեն: Նրանց հետ պայմանագիր կնքելիս պահանջում ենք սպասարկման բարձր մակարդակ: Վերջինիս բացակայության դեպքում կարող ենք այդ պայմանագիրը վերանայել»: Հարց է ծագում. ընդամենը զգուշացնում եք ու վե՞րջ: Վ. Կրյուգերի խոսքերով, եթե հնարավոր է լինում ապացուցել, որ դեպքը կատարվել է հենց այդ օդանավակայանում, վերջինից պահանջում են նաեւ ուղեւորի կորստի փոխհատուցում: Իսկ ապացուցելը, տնօրենի հավաստմամբ, բնավ դյուրին գործ չէ:
«Միջազգային օրենքներին համապատասխան, բեռնափոխադրման հարցում ավիաընկերությունների պատասխանատվությունը սահմանափակ է: Գոյություն ունի դրա առավելագույն սահման: Եթե հաճախորդը տեղափոխում է կոտրվող, դյուրավառ կամ թանկարժեք իրեր, ապա դրանց ապահովության համար ավիաընկերությունը պատասխանատվություն չի կրում»,- ասում է Վ. Կրյուգերը: Իսկ ինչ վերաբերում է գողության դեպքերի հետ կապված պատասխանատվությանը, ապա այդպես էլ հստակ պարզաբանում չստացանք: Վ. Կրյուգերն այս հարցում «մեղադրում է» նաեւ ուղեւորին, քանի որ վերջինս պարտավոր է ուշադիր կարդալ տոմսին կցված գրքույկը, որում ներկայացված են նաեւ բեռնափոխադրման կանոնները: Իսկ այդ գրքույկը շատ մանր անգլերեն տառերով է գրված, եւ ավիաընկերությունը երեւի թե չի էլ փորձել հայերեն թարգմանել հայ ուղեւորների համար կամ գոնե բանավոր պարզաբանումներ տալ:
Ինչեւէ, կարելի է ընդամենը ենթադրել, որ «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունը «մեղքը բարդում» է օդանավակայանների վրա՝ գողությունը չբացառելով ո՛չ Հայաստանում, ո՛չ Ավստրիայում: «Զվարթնոցից» մեզ տեղեկացրին, որ իրենց մոտ հնարավոր չէ նման դեպք, քանի որ արդեն մի տարի է, ինչ օդանավակայանում տեղադրված են տեսախցիկներ, եւ բեռնափոխադրման ամեն մի քայլը հսկվում է: Վ. Կրյուգերի խոսքերով, նման հնարավորություններ ունեն նաեւ ավստրիական օդանավակայանները, սակայն ամենեւին էլ հայտնի չէ, թե ինչպես է աշխատում այդ համակարգը:
Իսկ փոխհատուցո՞ւմը: «Հատուկ կանոններ կան, որ եթե տուժող հաճախորդը գնված ապրանքների կտրոնները չի ներկայացնում, ապա ավիաընկերությունը փոխհատուցում է կորուստի 50%-ի չափով, քանի որ հնարավոր են այնպիսի դեպքեր, որ ուղեւորը ներկայացնի ոչ ճշմարիտ արձանագրություն՝ գերագնահատելով գողացված իրերի արժեքը»,- ասում է Վ. Կրյուգերը: Ծիծաղելի պատկեր է ստացվում: Եթե մարդն ուզում է, օրինակ, իր այգու միրգը տանել արտասահմանում բնակվող իր հարազատին, ապա նա անպայման պետք է դրա կտրոնն ունենա՞, որպեսզի գողության դեպքում ավիաընկերությունից կարողանա փոխհատուցում պահանջել:
Այսպիսով, այս եւ նման այլ դեպքերը ցույց են տալիս, որ ուղեւորը, որը գիտենք, թե որքան «կլոր» գումար է հատկացնում ինքնաթիռի տոմսին, դրանով չի ապահովագրում նույնիսկ իր բեռը: Սակայն հետաքրքիրն այն է, որ պատասխանատուներ չկան: Մեր նկարագրած դեպքում «Ավստրիական ավիաուղիներ» ընկերությունն ասում է, որ մեղավորն օդանավակայաններից մեկն է, իսկ վերջիններս բացառում են նման հանցագործության հնարավորությունն իրենց կառույցներում: Իսկ ուղեւո՞րը: Նա էլ պետք է կամ քաշքշուկներից հոգնած՝ դադարեցնի արդարություն պահանջելը, կամ էլ գործը հասցնի «դիվանբաշուն»: Եվս մեկ հարց է առաջանում. ո՞վ է «դիվանբաշին»: Հարցն այս դեպքում բոլորովին էլ բեռի քիչ կամ շատ թանկարժեք լինելը չէ: Դա կարող է լինել լուցկու չոփ եւ կամ՝ թանկարժեք ադամանդ: