Երեկ կառավարության նիստերի դահլիճում կայացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարը: Վերջին շրջանում կատարվող իրադարձությունների համատեքստում երեկվա համագումարի ինտրիգներից մեկը եղել է մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ հնարավոր դաշինք կազմելու հարցը: Չնայած համագումարի ընթացքում դրա վերաբերյալ ֆորմալ որոշում չի կայացվել, սակայն դատելով «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի եւ «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթներից, կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի, եւ այս երկու ուժերը հանդես կգան միասին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին` որպես մրցունակ` ազատական-դեմոկրատական գաղափարներին դավանող քաղաքական բեւեռ: Միեւնույն ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք պատրաստ ենք հանդես գալ նաեւ գաղափարական նույն նպատակները հետապնդող այլ քաղաքական ուժերի հետ միասին: Այդ համատեքստում է, որ մենք ցանկանում ենք «Ժառանգություն» կուսակցության հետ կազմել արդար միություն` դաշինք: Դաշինք, որի ձեւավորման հասարակական պահանջարկը, մեր խորին համոզմամբ, վաղուց է հասունացել: Դաշինք, որը կլինի իրավահավասար, ազատ եւ ժողովրդավարական… Ուստի, մեր երկու ուժերի միավորումը եւ հեռանկարային երկարատեւ գործունեությունը կարող է իրապես հանգեցնել երկրում ոչ թե ձեւական, այլ բովանդակային լուրջ փոփոխությունների: Իսկ փոփոխություններն անխուսափելի են»,- հայտարարել է Խ. Քոքոբելյանը: «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էլ իր ելույթում հայտարարել է, որ «Ազատ դեմոկրատների» հետ իրենց միասնական ճանապարհը վաղուց է մեկնարկել, եւ ավելացրել է. «Եվ վստահ եմ, որ կհաղթահարենք հայեցակարգային խնդիրները եւ ձեզ կներկայանանք այլընտրանքային բովանդակությամբ: Եվ մայիսի 6-ին եւ 7-ին մեզ համար կբացվի մի նոր արշալույս: Սա լինելու է քաղաքացիական, քաղաքական համալուծում: Մենք պետք է երկրի շահն ու այս սերնդի ապագան վեր դասենք ամեն ինչից: Ու մենք բերելու ենք այդ օրը միասին, հանուն Հայաստանի` մենք սարեր ենք շարժելու միասին»: Նշենք, որ երեկվա համագումարում «Ազատ դեմոկրատները» որոշում է ընդունել հանձնարարել կուսակցության վարչությանը` որոշում կայացնել առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության ձեւաչափի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, այդ որոշումը կկայացվի առաջիկա օրերի ընթացքում: «Ժառանգության» խորհրդի նիստն էլ կայանալու է վաղը, եւ մեծ է հավանականությունը, որ արդեն երկու օր անց կհայտարարվի, թե այս ուժերն, ի վերջո, ինչ ձեւաչափով են մասնակցելու մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: