Երեկ ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական անդամատոմսեր եւ կրծքանշաններ է տվել 32 քաղաքացիների` մշակութային, քաղաքական, հասարակական գործիչներ, լրագրողներ… ՀՀԿ-ական են դարձել ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, երգչուհի Շուշան Պետրոսյանը, ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը, «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արման Սահակյանը, Հանրային հեռուստաընկերության լրատվական-վերլուծական հաղորդումների տնօրեն, նախկին ՕԵԿ-ական Սամվել Ֆարմանյանը, «Արմենիա» հեռուստաընկերության պրոդյուսեր Վահե Ղազարյանը, «Շարմ» հոլդինգի նախագահ Կարեն Ղազարյանը, ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հրայր Զորյանը, «Արմենիա» հեռուստաընկերության խմբագիր Գագիկ Մկրտչյանը, «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը եւ այլք:
Երգչուհի Շուշան Պետրոսյանն ու Կարեն Ղազարյանը նշեցին, որ իրենք դեռեւս տեղյակ չեն` կընդգրկվե՞ն ՀՀԿ համամասնական ցուցակում, թե՞ ոչ: «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանն էլ նշել է. «Իմ այս ընտրությունը բնական կհամարեն բոլորը, քանի որ երկար տարիներ աշխատել եմ կուսակցության հետ, կուսակցության նախագահի հետ, ես հավատում եմ այս կուսակցությանը եւ այն ամենին, ինչ ասում է կուսակցությունը»: