Նոր ուժ՝ նոր Հայաստանի համար

17/03/2012 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարը:

Համագումարին հրավիրված էին խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր ընդդիմադիր ուժերը` «Ժառանգություն», «Դաշնակցություն», «Նոր ժամանակներ», ՀԱԿ-ից` «Հանրապետություն», «Հայրենիք եւ պատիվ», «Պահպանողական» եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: Համագումարին մասնակցում էին «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը, այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներ, «Հանրապետությունից»` Արամ Սարգսյանը, Արտակ Զեյնալյանը, Պետրոս Մակեյանը, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Որպես անհատ` համագումարին ներկա էր միայն վերջերս ԲՀԿ-ին անդամակցած Վարդան Օսկանյանը: Համագումարին հրավիրված էին նաեւ գործարար, Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված Գարեգին Նուշիկյանը, «168 Ժամ»-ի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, ով պատրաստվում է առաջադրել թեկնածությունը թիվ 4 ընտրատարածքում: Մասնակցում էին նաեւ հասարակական-քաղաքական դաշտում բազմաթիվ հայտնի մարդիկ: Համագումարին մասնակցում էին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության շուրջ 500 պատվիրակներ Երեւանից եւ ՀՀ տարբեր մարզերից, որոնց մեջ նկատելիորեն գերակշռում էին երիտասարդները:

Համագումարի ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն ու մի քանի այլ հրավիրյալներ: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքերով` «Ազատ դեմոկրատների» համագումարը տեղի է ունենում մի բախտորոշ ժամանակաշրջանում, «երբ յուրաքանչյուրի ակտիվությունը պարտադիր է Հայաստանը մեր երազած հուն բերելու համար»: Նա հիշեց, որ այդ կուսակցությունը պաշտպանել է ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» առաջարկած 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու գաղափարն ու համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը: Ա. Ռուստամյանը հնարավոր համարեց իրենց համախմբված ջանքերի շնորհիվ կանխել իշխանությունների վերարտադրությունը: ՀՅԴ ներկայացուցչի խոսքով` «Ազատ դեմոկրատներն» ու ՀՅԴ-ն համակարծիք են նաեւ ՀՀ պետական կառավարման համակարգի փոփոխության` նախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցնելու հարցում: «Եվ այդ համակարգն արմատախիլ անելու կարեւորագույն քայլերից մեկը ես համարում եմ այն սկզբունքը, որը ձեր կուսակցությունը պաշտպանեց` հրաժարվել այս նախագահական համակարգից ու անցնել խորհրդարանականի` քաղաքական եւ իշխանական համակարգում ամրագրելով ժամանակակից մեխանիզմներ»,- հայտարարեց Ա.Ռուստամյանը:

«Նոր Ժամանակների» առաջնորդ Արամ Կարապետյանը հայտարարեց` «Աստված տա` «Ազատ դեմոկրատներն» անցնեն ԱԺ: Սակայն, եթե մեր խորհրդարանական ընտրություններն անցնեն այնպես, ինչպես միշտ, ապա մենք ձեզ կսպասենք փողոցներում»:

Ելույթ ունեցավ եւ կուսակցության համագումարը ողջունեց նաեւ Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը: «Անհամբեր սպասում ենք այն ազդեցիկ քաղաքական ուժի ծննդին, որն առանց ռեալ-պոլիտիկի աճուկների ետեւում թաքնվելու, առանց ծեքծեքումների կհայտարարի, որ մեր պետականության կայացման խոչընդոտը ռուսական իմպերիալիզմն է, որ մեր պետականության կայացման առաջին քայլը ռուսական գաղութատիրությունից ազատագրումն է, որ մեր անվտանգության ու զարգացման խոչընդոտը ՀԱՊԿ-ի պես փտած ու տոտալ ժանդարմի գործառույթներ ունեցող կառույցն է, որ մեր քաղաքական մշակույթի անկատարությունը ԱՊՀ կոչված անաքրոնիզմն է, որ մեր պետության անվտանգության հուսալի երաշխիքը մեզ իսկապես հարազատ Արեւմտյան քաղաքակրթությունն է` իր անվտանգության համակարգ ՆԱՏՕ-ով»,- հայտարարեց Մ.Հայրապետյանը:

Իր ելույթում «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը նախ ներկայացրեց, թե ինչու ստեղծեցին կուսակցությունը: «Եվս մեկ անգամ հայտարարում եմ` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվեց Հայաստանում իրական ազատական գաղափարախոսության հաստատման համար: Իսկ առանց ազատականության ժամանակակից պետությունը չի կարող կայուն զարգացում ունենալ: «Ազատ դեմոկրատների» անունն արդեն իսկ հուշում է, որ կուսակցությունն իր գաղափարախոսությամբ ազատական, դեմոկրատական արժեքների կրողն է: Իրական եւ հետեւողական կրողը: Այո, անկախ Հայաստանի պատմության ընթացքում շատ կուսակցություններ են հայտարարել այդ արժեքներին դավանելու մասին: Սակայն, ինչպես ցույց տվեց մեր պետության ավելի քան 20-ամյա պատմությունը, ցավոք, նրանց մեծամասնությունը` հայտարարելով այդ մասին, իրականում, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, այլ կերպ է վարվում,- հայտարարեց նա եւ ավելացրեց,- Այսօր վստահաբար կարող ենք հայտարարել, որ կուսակցության ստեղծումից կարճ ժամանակ անց մենք ունենք համախոհների մեծ բանակ եւ միաժամանակ` կուսակցության հեղինակության եւ քաղաքական կշռի նշանակալի աճ: «Ազատ դեմոկրատները» նոր ուժ է Նոր Հայաստանի համար»:

Խ.Քոքոբելյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ ներքին խնդիրներին, նշեց դրանց լուծման իրենց պատկերացումները: Անդրադարձավ արտաքին քաղաքական ոլորտում` ԼՂՀ հակամարտության կարգավորման եւ, ի վերջո, ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, հարեւան երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության` իրենց ձգտումներին: Ինչ վերաբերում է ներքին տնտեսական եւ այլ խնդիրների լուծմանը, Խ.Քոքոբելյանի խոսքերով` «անհրաժեշտ է ընդամենը հաստատել խաղի ազնիվ եւ հավասար կանոններ բոլորի համար` առանց բացառության»: «Դրա համար պետք է ընդամենը քաղաքական կամք, որի բացակայությունը իշխանությունը քողարկում է անընդհատ թմբկահարվող իմիտացիոն բարեփոխումներով: Սակայն հայաստանցին իր մաշկի վրա այդպես էլ չի զգում դրանց արդյունքները: Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ: Փոփոխություններ, որոնք կբերեն կյանքի որակի իրական եւ շոշափելի բարելավման: Մենք գիտենք` ինչպես անել այդ փոփոխությունները: Եվ հաստատ անելու ենք: Թող ոչ ոք չկասկածի»,- հայտարարեց Խ. Քոքոբելյանը:

Համագումարին հրավիրված էին ու ողջույնի խոսքով հանդես եկան բանաստեղծուհի Մարինե Պետրոսյանը եւ քաղաքագետ Կարապետ Ռուբինյանը: Վերջինս ցանկություն հայտնեց, որ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» դաշինքը տեղի ունենա, քանի որ Ռուբինյանի համոզմամբ` դա երկու կուսակցությունների համար միակ հաղթական լուծումն է: Ընդհանրապես երեկվա համագումարի ինտրիգներից մեկն էլ «Ժառանգություն» կուսակցության հետ հնարավոր նախընտրական դաշինք կազմելու հարցն էր, ինչին իրենց ելույթներում երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ անդրադարձան: Նախ իր ողջույնի խոսքում «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ «Ազատ դեմոկրատների» հետ իրենց միասնական ճանապարհը վաղուց է մեկնարկել: «Եվ վստահ եմ, որ կհաղթահարենք հայեցակարգային խնդիրները եւ ձեզ կներկայանանք այլընտրանքային բովանդակությամբ: Եվ մայիսի 6-ին եւ 7-ին մեզ համար կբացվի մի նոր արշալույս: Սա լինելու է քաղաքացիական, քաղաքական համալուծում: Մենք պետք է երկրի շահն ու այս սերնդի ապագան վեր դասենք ամեն ինչից: Ու մենք բերելու ենք այդ օրը միասին, հանուն Հայաստանի` մենք սարեր ենք շարժելու միասին»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը: Վերջինս նաեւ հիշեցրեց, որ «Ազատ դեմոկրատների» սերուցքն այն մարդիկ են, ովքեր եղել են «90-ական թվականի օգոստոսին կառավարության նույն այս նիստերի դահլիճում ազատ Հայաստան կերտողները, եւ հիմա նոր սերնդի հետ մեկտեղ` նրանք պատրաստ են փոխել երկրի իրավիճակը ու միանգամայն հույս եւ հավատ են ներշնչում»:

«Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմելու հնարավորության խնդրին իր ելույթում անդրադարձավ նաեւ Խ.Քոքոբելյանը: «Մենք ցանկանում ենք «Ժառանգություն» կուսակցության հետ կազմել արդար միություն` դաշինք: Դաշինք, որի ձեւավորման հասարակական պահանջարկը, մեր խորին համոզմամբ, վաղուց է հասունացել: Դաշինք, որը կլինի իրավահավասար, ազատ եւ ժողովրդավարական: Մենք պետք է ունենանք քաղաքական կամք, համարձակություն, եղբայրաբար ձեռք սեղմենք` դրանով իսկ հիմք դնելով որակապես նոր քաղաքական մշակույթի ձեւավորմանը: Մենք գտնում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն իրապես այն ուժն է, որն ազնիվ է իր նպատակների մեջ, իր գործունեության մեջ համահունչ է ժամանակի պահանջներին, ուժ է, որը ռեալ գիտակցում է համաշխարհային զարգացումները եւ դրանց արձագանքելու անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը: Ուստի, մեր երկու ուժերի միավորումը կարող է իրապես հանգեցնել երկրում ոչ թե ձեւական, այլ բովանդակային լուրջ փոփոխությունների: Իսկ փոփոխություններն անխուսափելի են»,- հայտարարեց նա:

Համագումարից հետո Խ.Քոքոբելյանն ու կուսակցության ղեկավար անդամները լրագրողների հետ ճեպազրույց ունեցան, որի ժամանակ հնչող հիմնական հարցը նորից «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» նախընտրական հնարավոր դաշինքին էր վերաբերում: Լրագրողները նորից փորձեցին ճշտել` ի վերջո, այս երկու կուսակցություններն ընտրություններին դաշինքո՞վ, թե՞ առանձին են մասնակցելու: Հատկապես, որ կուսակցությունների առաջնորդներն իրենց ելույթներում միասին աշխատելու եւ միասին երկար ճանապարհ գնալու ցանկություններ էին հայտնել: Խ.Քոքոբելյանը վստահեցրեց, որ քաղաքական առումով խոչընդոտներ չկան. խնդիրը տեխնիկական է: Նա նաեւ ասաց, թե համամասնական ցուցակի վերաբերյալ լուրջ տարաձայնություններ չկան: Իրենք կուսակցական շահը բարձր չեն դասում ազգային շահից, համաձայնություն կա, որ ցուցակում ընդգրկվեն նաեւ անկուսակցական, բայց քաղաքական փորձառություն ունեցող մարդիկ: Իսկ հնարավոր դաշինքի դեպքում` Քոքոբելյանը ցանկություն հայտնեց, որ համամասնական ցուցակը գլխավորի Ր.Հովհաննիսյանը: