«20 տարին շատ վտանգավոր ժամկետ է»,- ասում է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը

17/03/2012

«Ղարաբաղի հարցով երկու տասնամյակ շարունակվող բանակցություններն ու սառեցված հակամարտությունը լուրջ վտանգ են տարածաշրջանային խաղաղության համար»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի` ադրբեջանական ընդդիմադիր «Obyektiv TV» ինտերնետ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է փորձագետը: Նրա դիտարկմամբ` «20 տարին շատ վտանգավոր ժամկետ է, քանի որ մարդիկ սկսում են մոռացության մատնել պատերազմի ավերածությունները»: «Ավելին, երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ սկսում են մտածել, որ կարելի է պատերազմական գործողություններով խնդիրներ լուծել: Հարկ է արձանագրել, որ անպտուղ բանակցությունների երկու տասնամյակից հետո նման տրամադրությունները [Ադրբեջանում] իրոք առկա են»,- համոզված է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը: Նա, սակայն, խորհուրդ է տալիս ադրբեջանական իշխանություններին եւ հանրությանը այդ տրամադրություններին տուրք չտալ` զգուշացնելով, որ հակառակ պարագայում հայ-ադրբեջանական հակամարտության գոտում կարող է կրկնվել այն ամենը, ինչ կատարվեց Հարավային Օսիայում 2008թ. օգոստոսին: «Հարկ է հիշել, թե ինչպես Վրաստանում 2008թ. պատերազմի ժամանակ բոլորին թվում էր, թե մեկ-երկու օրում հնարավոր է լուծել բոլոր խնդիրները: Առաջին օրը նույնիսկ էյֆորիկ տրամադրություններ կային, բոլորին թվում էր, թե Ցխինվալին արդեն գրավել են: Հետագայում, սակայն, տեղի ունեցավ այդ արյունալի ջարդն, ու ստեղծվեց մի վատ իրավիճակ, որն այսօր էլ առկա է: Ես չէի ցանկանա, որ նման իրադրություն ստեղծվեր նաեւ Լեռնային Ղարաբաղում»,- նշում է Թոմաս դե Վաալը: Նա, սակայն, չի կարծում, որ սառեցված հակամարտությունների առատության պայմաններում ռազմական դաշինքներում ներգրավվածությունը կարող է դառնալ Հարավային Կովկասում անվտանգություն ապահովելու լավագույն միջոցը: «Ես դեմ եմ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի Հարավային Կովկաս: Ես կարծում եմ, որ Կովկասը` գտնվելով Արեւմուտքի եւ Արեւելքի, Իրանի եւ Ռուսաստանի միջեւ, ավելի չեզոք պայմաններում պետք է գտնվի: Իմ համոզմամբ, ՆԱՏՕ-ի ներկայությունը Հարավային Կովկասում առաջացնելու է Ռուսաստանի դժգոհությունը, այնպես, ինչպես ռուսական ռազմաբազաների` Հայաստանում տեղակայված լինելու փաստը նյարդայնացնում է Ադրբեջանին ու Վրաստանին»,- հայտարարել է «Քարնեգի» հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը: