ՀԱԿ տարածած հաղորդագրության համաձայն` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է Գերմանիայի կառավարության Մարդու իրավունքների քաղաքականության եւ Մարդասիրական օգնության Հանձնակատար Մարկուս Լոնինգի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ստեղծված իրավիճակը: Զրուցակիցներն ընդգծել են ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու նշանակությունը Հայաստանի առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ` եվրոպական կառույցներ Հայաստանի հետագա ինտեգրացիայի համար: Ըստ հաղորդագրության` Զուրաբյանը կարեւորել է միջազգային կազմակերպությունների, անհատ երկրների ուշադրությունը, որ առկա է Հայաստանում արժանահավատ ընտրություններ անցկացնելու համար: Անդրադարձ է եղել քարոզարշավի լուսաբանման խնդիրներին: ՀԱԿ ներկայացուցիչները շեշտել են հեռուստատեսային ալիքների կողմնակալ վերաբերմունքը ընդդիմության գործունեության լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաեւ այն փաստը, որ քարոզարշավի մեկնարկի շեմին հանրային եւ մասնավոր հեռուստաընկերությունների կողմից չեն կազմակերպվում քաղաքական դեբատներ: