Զարթնեցին խորը քնից

27/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի քաղաքական դաշտում վաղուց ի վեր մոռացության մատնված կուսակցությունները վերջին շրջանում զարմանալիորեն սկսել են ակտիվանալ: Երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում իր հերթական` 10-րդ համագումարն էր հրավիրել Սամվել Շահինյանի ղեկավարած «Ազգային պետություն» կուսակցությունը: Ի դեպ, 1993 թվականին հիմնադրված այս կուսակցությունն արդեն մի քանի տարի է՝ որեւէ կերպ չէր հիշեցնում իր գոյության մասին: Եվ միայն սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախօրեին հիշեցին, որ իրենք կուսակցություն են ու կարող են համագումար անել: Բայց Սամվել Շահինյանը համաձայն չէ այն ձեւակերպման հետ, թե իրենք այդ տարիներին անգործության են մատնվել: Նրա ձեւակերպումներով` այս ընթացքում թեեւ ակտիվ քաղաքականության մեջ չեն եղել, սակայն եղել են ակտիվ քաղաքագիտության մեջ: Ու երեկ կուսակցության 10-րդ համագումարին Սամվել Շահինյանը սկսեց թվարկել այն հերոսական գործերը, որ կատարել են իրենք: «Ազգային պետություն» կուսակցությունը մասնակցել է 70-ի չափ սեմինարների, որոնցից 15-ը հենց իրենք են կազմակերպել: Բացի այդ, տպագրել են 5 գիրք: Իսկ համագումարի նախօրեին էլ տպագրել են իրենց «Շրջան» թերթի հատուկ թողարկումը: Ի դեպ, Սամվել Շահինյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն ունի ոչ ավել, ոչ պակաս, 7000-ից ավելի անդամներ: Սակայն դրանցից 3700-ն են առավել ակտիվները: Չնայած, որ երեկվա համագումարին հրավիրել էին ընդամենը 101 պատվիրակի, իսկ ներկա էին 72-ը. «Եթե հինգ տարիների ընթացքում շատ կուսակցություններ տրոհվեցին, մեր կուսակցությունն, առանց մեծ աղմուկների, հոգեւոր, մտավոր մեծ աճ ունեցավ»: Կուսակցության տասը տարիների արխիվային նյութերի ամփոփումը ցույց է տվել, որ նախկինում արտահայտած գաղափարներն այսօր եւս արդիական են, քանի որ. «Մենք մի քիչ ավելի առաջ ենք անցել, այդ պատճառով էլ 1994-ին կայացրած որոշումներն անփոփոխ են մնացել»: Ահա այսպիսի վերամբարձ տոնով հայտարարեց պարոն Շահինյանը: Իսկ թե ինչու են միայն վերջերս ակտիվացել, «168 Ժամի» հարցին ի պատասխան, Ս. Շահինյանն ասաց, որ միայն հիմա է զգացվում իրենց կուսակցության պահանջը: Պարզվում է, այս կուսակցությունը հիմնված է միջին խավի գործարարների, ֆերմերների, գիտնականների, ուսուցիչների վրա: Եվ այսօր Հայաստանում այդ խավն արդեն ձեւավորվել է: Հավանաբար, այսքանից հետո ՀԺԱՄ կուսակցության նախագահ Սեյրան Ավագյանը խանդելու տեղ ունի, քանի որ իրենց կուսակցությունն էլ է հիմնված միջին խավի վրա, իսկ կարգախոսն է. «Ձեւավորենք միջին խավ»:

Հ.Գ. Ի դեպ, Սամվել Շահինյանը երեկ իր կուսակցության համագումարի ժամանակ պարծեցավ, թե մի շարք անվանի մարդիկ՝ լրագրողներ, գիտությունների թեկնածուներ, դոկտորներ, իրենց կուսակցության անդամ են: Եվ որպես օրինակ հնչեցրեց նաեւ «168 Ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանի անունը: Նշենք, որ Ս. Սեյրանյանը ոչ միայն «Ազգային պետության», այլեւ որեւէ կուսակցության անդամ երբեք չի եղել: