Բագգրատյանի արձագանքը – 2

17/03/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀԿ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը լսելու պահին արդեն իսկ պարզ էր, որ նրա ներկայացրած թվերի շուրջ բուռն քննարկումներ են ծավալվելու։ Բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ բանավեճը այսքան կերկարի։

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանի ելույթի հաջորդ իսկ օրը ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը շատ շտապ բաց նամակ գրեց՝ քննադատության ենթարկելով գրեթե բոլոր ցուցանիշները։ Հ. Բագրատյանը քաղաքակիրթ եւ մասնագիտական լեզվով իշխանությանը պարզապես մեղադրել էր սեփական ժողովրդին ապակողմնորոշելու մեջ։ Հասկանալի էր, որ Բագրատյանին պատասխանելը իշխանության պատվի հարցն էր դառնալու. անպատասխան թողնել` կնշանակեր` համաձայնել այդ մեղադրանքներին։ Ի տարբերություն Բագրատյանի, իշխանությունից պահանջվեց մի քանի օր՝ պատասխան ձեւակերպելու համար։ Դա հասկանալի է, քանի որ մի շարք կետերի շուրջ հակադարձելը բավական դժվար էր, գրեթե անհնարին։ Սակայն պատասխան եղավ։ Իհարկե, ոչ թե նախագահից (ում ուղղված էր բաց նամակը) կամ վարչապետից, այլ ֆինանսների փոխնախարար Վ. Արամյանից։ «Թվերի գիտակցված մանիպուլյացիա» հոդվածում Արամյանը կետառկետ պատասխանել էր Բագրատյանին՝ երբեմն վիրավորական ձեւակերպումներ անելով (զուգահեռներ անցկացնելով նախկին վարչապետի եւ ծույլիկ ուսանողի միջեւ)։ Սակայն հաշվի առնելով, որ Բագրատյանը նամակը գրել էր միայնակ, մեկ օրում (ինչի պատճառով որոշ վրիպակներ արել էր), եւ այն, որ նրան պատասխանել էր մի ամբողջ գերատեսչություն՝ արդեն իսկ որոշակի «ֆոռա» տալիս էր առաջինին։

Ինչեւէ, պատասխանը եղավ։ Եվ, ինչպես սիրում են ասել մեր դիվանագետները, գնդակը հայտնվեց Բագրատյանի դաշտում։ Բագրատյանի համար արդեն բավական դժվար էր։ Ոչ թե պատասխան գտնելու առումով (այդ առումով քչերը կմտածեն, որ նա նման խնդիր կունենա), այլ ավելի սկզբունքային տեսանկյունից՝ արժե՞ պատասխանել, թե՞ ոչ։ Նախկին վարչապետը հրաշալի գիտակցում է, որ պատասխանելու դեպքում մտնում է մի ցիկլի մեջ, որը կարող է անորոշ ժամանակով շարունակվել՝ պատասխան, հետո` պատասխանի պատասխան, պատասխանի պատասխանի պատասխան, եւ այդպես շարունակ։ Սակայն ավելի մեծ դժվարությունն այն էր, որ Բագրատյանը պետք է իջեցներ բանավեճի նշաձողը։ Նախկինում նա բանավիճում էր վարչապետի հետ, բուն նամակն էլ ուղղված էր նախագահին։ Իսկ այժմ նա պետք է պատասխաներ ֆինանսների փոխնախարարին։ Այդուհանդերձ, Հ. Բագրատյանը որոշեց պատասխանել, սակայն «Բաց նամակ Սերժ Սարգսյանին – 2» նամակում Հրանտ Բագրատյանը հստակեցնում է. «Անմիջապես ասեմ, որ ես սա ընկալում եմ իբրեւ Ձեր պատասխանը (նկատի ունի` Սերժ Սարգսյանին. – Բ.Թ.)։ Չեմ կարող ասել, թե նշված անձը Ձե՞ր, թե՞ իր անունից է պատասխանել։ Քանի որ խոսում է բոլոր թվերից ու բոլոր կառավարական, պետական մարմինների անունից, ենթադրում եմ, որ նրան հանձնարարված է եղել պատասխանել։ Եվ ուրեմն, ես այն համարում եմ Ձեր պատասխանը։ Ինչ որ ասել է, համարում եմ Ձեր ասածը։ Նրա հետ ես գործ չունեմ։ Նորմալ երկրում ու նորմալ պրեզիդենտի առկայության պայմաններում ես պետք է որ պատասխանը ստանայի Ձեզանից, հանգիստ տոնով, առանց վիրավորանքների»։

Այսինքն՝ Հ. Բագրատյանը բանավեճը դիտարկում է ոչ թե իր եւ փոխնախարարի, այլ իր եւ նախագահի միջեւ։ Նախկին վարչապետն անդրադարձել է նաեւ փոխնախարարի նյութի վերնագրին («Թվերի գիտակցված մանիպուլյացիա»)։

Հետո արդեն անդրադարձել է իր առաջին նամակի արձագանքի առանձին կետերին։ Փոխնախարարն իր պատասխանի մեջ անդրադարձել էր Հ. Բագրատյանի՝ «բյուջեն պետության աշխատավարձն է» ձեւակերպմանը՝ այն համարելով անհասկանալի եւ վերագրելով փիլիսոփայության ոլորտին։ Սրան ի պատասխան` Հ. Բագրատյանը գրում է. «Ձեզ անհասկանալի է «բյուջեն պետության աշխատավարձն է» արտահայտությունը։ Դե անհասկանալի է, անհասկանալի է: Ես ի՞նչ անեմ։ Ավելի պարզ բացատրել անհնարին է»։ Հետո Բագրատյանը պարզաբանում է, թե ինչպես կարելի է գնահատել՝ բյուջեն կատարվե՞լ է, թե՞ ոչ։ «Ֆիննախը վերջերս զեկուցեց, որ 2011-ի բյուջեն կատարված է` 848 մլրդ դրամ։ Հիմա դուք պետք է իբրեւ երկրի ղեկավար գնահատեք, դա ճի՞շտ է, թե՞ ոչ։ Նախ, պետական բյուջեն հաստատված էր 852 մլրդ: Ուրեմն, այն ուղղակիորեն չի կատարվել 0.5%-ով: Երկրորդ, տնտեսական աճը (ձեր պաշտոնական վիճակագրությամբ) 4.2%-ի փոխարեն եղել է 5.9%։ Ուրեմն բյուջեն հարաբերականորեն թերակատարվել է եւս 1.7%-ով։ Երրորդ, գնաճը 4+/-1.5%-ի փոխարեն եղել է 7.7%։ Բյուջեն հարաբերականորեն չի կատարվել եւս առնվազն 2.2%-ով։ Այսպիսով, 2011-ի բյուջեն կատարված լինելու համար այն առնվազն փաստացի պետք է լիներ: 852 + 14.4 (852×0.017) + 18.7 (852×0.022) = 885.1 դրամ։ Այս թվից ցանկացած փոքր թիվ նշանակում է բյուջեի հարաբերական թերակատարում եւ տնտեսական իրավիճակի բացարձակ վատթարացում։ Ուրեմն, ձեր 2011թ. պետական բյուջեն կատարվել է 95.8%-ով (848։885×100%)»,- գրել է Բագրատյանը։ Նա նաեւ շեշտել է, որ նման վերլուծություններ անում է շատ արժեքավոր լսարաններում, ու «մարդիկ դրա համար շնորհակալություն են ասում, այլ ոչ թե ինձ աճպարար անվանում։ Իսկ աճպարարի համար ես ձեզ չեմ պատասխանի։ Կարող եմ ասել, չէ՞, աճպարարը …հարեւանդ է։ Չեմ ասում»։

Փոխնախարարը անհամաձայնություն էր հայտնել նաեւ Բագրատյանի այն դիտարկմանը, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում հիմնականում արձանագրվում է ՀՆԱ-ի կրճատման արդյունքում, եւ հարց ուղղել «Պարոն Բագրատյան, իսկապե՞ս վստահ եք, որ այլ հավասար պայմաններում կարելի է բարելավել հարկեր /ՀՆԱ հարաբերակցությունը ՀՆԱ իրական աճի հայտարարված մեծությունից պակաս աճ ապահովելով»։

Բագրատյանն էլ հարցին պատասխանել է այսպես. «Հարկեր/ՀՆԱ մասով դիտողությունները պարզապես բարբաջանք են։ Ի դեպ, այստեղ տեղին խոստովանություն կա առ այն, որ հարկերը կարելի է ավելացնել, երբ տնտեսությունն իջնում է։ Իհարկե կարելի է։ Քանզի ձեր հարկային համակարգում գերակշռում են անուղղակի հարկերը։ Իսկ դրանք արտադրության ծավալների հետ անմիջական կապ կարող են չունենալ։ Բացի այդ, ումից ինչքան հարկային ավանս ուզում` վերցնում եք։ Բացի այդ, ոչ մի կոպեկ ԱԱՀ մարդկանց հետ չեք տալիս։ Եվ այդպես շարունակ»։

Քանի որ նամակի ծավալը մեծ է, ամբողջությամբ չենք հրապարակում Բագրատյանի պատասխանը։ Նշենք միայն, որ նախկին վարչապետը նամակը գրել է իրեն հատուկ ոճով, անկեղծ եւ հումորով։ Խորհուրդ կտանք ամբողջությամբ կարդալ. այն հրապարակված է մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներում։

Սակայն նամակի վերջնամասը չտպել չենք կարող։ «Այսքանը։ Մի տխրեք։ Կգանք` կարգի կբերենք։ Ֆինանսների փոխնախարարին էլ գործից չազատեք։ Ընդհակառակը` խրախուսեք։ Եթե ցանկություն ունեք պատասխանել՝ լավ կլինի։ Բայց եկեք հեռուստատեսությամբ։ Իբրեւ մեծահոգության դրսեւորում. համաձայն եմ բանավիճել վարչապետի եւ/կամ ԿԲ նախագահի հետ։ Դուք կարող եք չգալ։ Ի վերջո… Բայց մի 2 շաբաթից։ Ինտելեկտուալ խոպանչի ենք, մի քիչ փող աշխատենք, բերենք համ տուն պահենք, համ էլ դատարանների փողերը տանք։ Դուք ուրիշ եք։ Կոմպլեքսներ չունեք պաշտոնն ու փող աշխատելը համադրելու»։

Դժվար է ասել, թե այս ամենը ինչ շարունակություն կունենա։ Դեռ նախորդ հրապարակման մեջ (երբ հրապարակվել էր Վ. Արամյանի պատասխանը), մենք նույնպես հույս էինք հայտնել, որ կկազմակերպվի հեռուստաբանավեճ։ Սակայն գնալով համոզվում ենք, որ դա գրեթե անհնարին է։ Նախագահը կամ վարչապետը երբեք չեն համաձայնի բանավիճել Բագրատյանի հետ ուղիղ եթերում, Բագրատյանն էլ չի համաձայնի բանավիճել փոխնախարարի հետ։ Այնպես որ, նամակները, ըստ երեւույթին, շարունակություն են ունենալու։