«Այսօր մեզ համար պատմական օր է. ոչ միայն այն առումով, որ Հիմնադիր համագումարից հետո սա մեր կուսակցության առաջին համագումարն է, այլեւ նրանով, որ այսօր մենք ընդհանրացնում, համակարգում եւ իմաստավորում ենք մեր անցած ուղին եւ ազդարարում ենք մեր ակտիվ քաղաքական գործունեության` արդեն որակապես նո՛ր փուլ մտնելու պաշտոնական մեկնարկը: Մեզ շատ են հարցնում, թե հայաստանյան քաղաքական դաշտում գործող կուսակցությունների առատության պայմաններում ինչու ստեղծվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Ես հայտարարում եմ, որ` Ազատական գաղափարախոսությամբ մշտապես առաջնորդվող մի խումբ գործիչներիս երկարամյա քաղաքական գործունեությունն էր, որ հանգեցրեց քաղաքական նոր ուժի ձեւավորմանը, 21-րդ դարում Հայաստանի առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներով, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական եւ քաղաքական ճգնաժամով մեր մտահոգվածությունն էր, որ հանգեցրեց մեր միավորմանը, ներկա եւ ապագա սերունդների առջեւ մեզանից յուրաքանչյուրի` որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու ուղղակի եւ անմիջական պատասխանատվության գիտակցումն էր, որ հանգեցրեց մեր միավորմանը, Հայաստանում իրավական, ժողովրդավարական պետության հաստատումը, ազատական տնտեսության ձեւավորումը եւ քաղաքացիական հասարակության կայացումն էին այն հիմնական նպատակները, եւ դրանց հասնելու գործում մեզանից յուրաքանչյուրի մտավոր, քաղաքական, մարդկային պոտենցիալի եւ կարողությունների ռեալ գիտակցումն ու գնահատումն էր, որ մենք համարձակորեն միավորվեցինք նոր քաղաքական ուժի ձեւավորման գաղափարի շուրջ եւ հիմնադրեցինք «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը: Պատասխանատու եւ դժվարագույն մի քայլ, որը գնալով ապացուցում է իր ճշմարտացիությունն ու արդարացիությունը: Միեւնույն ժամանակ, բազմիցս նշել ենք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվեց Հայաստանում իրական ազատական գաղափարախոսության արմատավորման եւ կայացման համար: Իսկ առանց ազատականության ժամանակակից պետությունը չի կարող կայուն զարգացում ունենալ: «Ազատ դեմոկրատների» անունն արդեն իսկ հուշում է, որ կուսակցությունն ազատական, դեմոկրատական արժեքների իրական եւ հետեւողական կրողն է: Այո՛, անկախ Հայաստանի պատմության ընթացքում շատ կուսակցություններ են հայտարարել այդ արժեքները դավանելու մասին:
Սակայն, ինչպես ցույց տվեց մեր անկախ պետության ավելի քան 20-ամյա պատմությունը, նրանց մեծամասնությունը, ցավոք, միայն հայտարարում է այդ մասին, մինչդեռ իրականում, քաղաքական կոնյունկտուրայից ելնելով, դրսեւորում է այլ գործելակերպ: Այս պայմաններում զարմանալի չէ, որ Հայաստանում ձեւավորվում են այնպիսի քաղաքական դաշինքներ եւ կոալիցիաներ, որոնցում համերաշխորեն գոյատեւում են թե՛ իբրեւ ազատական դեմոկրատական արժեքներ կրող քաղաքական ուժերը, թե՛ սոցիալ-պոպուլիստները, թե՛ պահպանողական ու նույնիսկ ազգայնական գաղափարախոսության կրողները: Այս իրավիճակն, իհարկե, բազմաթիվ պատճառներ ունի, որոնցից հիմնականը իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող քաղաքականությունն է` ուղղված քաղաքական դաշտի գաղափարազրկմանը, լղոզմանը եւ, ի վերջո, փոշիացմանը: Դրա արդյունքում, հասարակական ընկալման մեջ, քաղաքական ուժերը հիմնականում դիտարկվում են ընդամենը որպես գործիքներ` անձնական եւ նեղ խմբային շահերը սպասարկելու համար: Ցավոք, այս գնահատականները վերաբերում են գրեթե ողջ քաղաքական դաշտին` թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր: Այս եւ մի շարք այլ գործոնների ազդեցությամբ Հայաստանում այսօր ձեւավորվել է իրական ազատական, դեմոկրատական, քաղաքակիրթ աշխարհի զարգացման միտումներին համապատասխանող քաղաքական ուժի հասարակական պահանջ: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հավակնում է բավարարելու հենց այդ հասարակական պահանջը եւ սատար կանգնելու այդ պահանջատերերի ձայնին, պաշտպանելու նրանց գաղափարները եւ նրանց կողմից դավանվող արժեքները:
Եվ այս ամենի արդյունքում, մենք վստահաբար կարող ենք հայտարարել, որ այսօր` կուսակցության ստեղծումից կարճ ժամանակ անց, մենք ունենք համախոհների մեծ բանակ եւ կուսակցության հեղինակության ու քաղաքական կշռի նշանակալի աճ:
«Ազատ դեմոկրատները» նո՛ր ուժ է Նո՛ր Հայաստանի համար:
Ցավոք, մեր քաղաքական համակարգում այսօր գերակայում են կեղծավորությունը, թուլամորթությունը, շողոքորթությունը, արդյունքում` իմիտացիոն վարքագիծ ու վիրտուալ գործելակերպ: Հատկանիշներ, որոնք տեղ չունեն առողջ հասարակությունում, հատկանիշներ, որոնք դեմ են մարդկային էությանն ու բնույթին: Ժամանակն է, որ բոլորս գիտակցենք դա: Մե՛զ` Ազատ դեմոկրատներիս համար, կարեւոր է, որ քաղաքականության մեջ լինեն ոչ միայն ինտելեկտուալ ու բանիմաց գործիչներ, այլեւ համարձակ, ազնիվ, բոլորի եւ յուրաքանչյուրի խնդիրներով մտահոգ ու ամենակարեւորը` ռեալ քաղաքական գործիչներ: Մեր կուսակցությունը հավակնում է` ներկայանալու որպես այդպիսի մարդկային ռեսուրսների միավորում եւ լրացնելու քաղաքական դաշտի այդ բացը: Մեր նպատակներին հասնելու եղանակները հիմնվում են անցյալի մոտեցումների վերանայման եւ ներկայի ու ապագայի խնդիրների հստակ գիտակցման ու ձեւակերպման վրա: Այդ մոտեցումներն են, որ պետք է հանգեցնեն հասարակության մեջ դեմոկրատական արժեքների եւ ինստիտուտների իմաստավորմանը: Դրա արդյունքում մենք կունենանք իրավական պետություն, ազատական շուկայական տնտեսություն, քաղաքացիական հասարակություն, անվտանգության ժամանակակից եւ մրցունակ համակարգեր:
Մենք գտնում ենք, որ քաղաքական համակարգը պետք է ունակ լինի սպասարկելու հասարակության պահանջները, այլ ոչ թե հասարակությունը ստիպված լինի հարմարվել քաղաքական համակարգին:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Ցավով պետք է անդրադառնամ այն տագնապային վիճակին, որն այսօր առկա է Հայաստանում: Պետությունն այսօր կանգնած է ոչ միայն խոր սոցիալ-տնտեսական, այլեւ օրինականության, պետական կառավարման եւ արժեհամակարգային ճգնաժամի առաջ: Ավելորդ եմ համարում մանրամասնել այդ իրավիճակը, դա բոլորիս համար ակնհայտ է եւ դառը իրողություն: Բավարարվեմ միայն դրա հիմնական պատճառները նշելով: Իմ խորին համոզմամբ, առաջին հերթին դրանք են` իրական մրցակցության եւ անկախ դատական համակարգի բացակայությունը: Մրցակցության բացակայություն` առանց բացառության բոլոր ոլորտներում` քաղաքականությունից մինչեւ տնտեսություն, հասարակական հարաբերություններից մինչեւ մտածողություն:
Նշվածի ամենացայտուն դրսեւորումը, թերեւս, տնտեսական մրցակցության իսպառ բացակայությունն է, որի հետեւանքով Հայաստանում հաստատվել է օլիգարխիկ տնտեսություն: Բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը ստեղծել է ավատատիրական հասարակարգին բնորոշ միջավայր, որտեղ որոշիչ են վայրի օրենքները: Այս պայմաններում փոքր ու միջին բիզնեսը գործում է ոչ թե բիզնեսի քաղաքակիրթ կանոններով, այլ գոյատեւում է մինչեւ այն պահը, երբ խժռվում է տնտեսական գիշատիչների կողմից: Այն գիշատիչների, որոնք ունեն քվոտավորված հովանավորչություն:
Հայաստանի տնտեսությունը ժամանակակից աշխարհին բնորոշ տնտեսություն դարձնելու համար հայտնագործություններ պետք չեն: Ժամանակակից աշխարհը վաղուց տվել է այդ խնդիրների բոլոր լուծումները, որոնք ընդամենը պետք է կիրառել: Անհրաժեշտ է ընդամենը հաստատել խաղի ազնիվ եւ հավասար կանոններ` բոլորի համար` առանց բացառության: Դրա համար պետք է ընդամենը` քաղաքական կամք, որի բացակայությունը իշխանությունը քողարկում է անընդհատ թմբկահարվող իմիտացիոն բարեփոխումներով: Սակայն հայաստանցին իր մաշկի վրա այդպես էլ չի զգում դրանց արդյունքները: Մեր ժողովրդին պետք են ոչ թե բարեփոխումներ, այլ փոփոխություններ: Փոփոխություններ, որոնք կբերեն կյանքի որակի իրական եւ շոշափելի բարելավմանը: Մենք գիտենք ինչպես անել այդ փոփոխությունները: Եվ հաստատ անելու ենք: Թող ոչ ոք չկասկածի:
Ցավոք, այսօրվա արդարադատության համակարգն ընդամենը գործիք է արտոնյալներին սպասարկելու համար: Քաղաքացին չի վստահում դատարանին, չի վստահում արդարադատությանը, չի վստահում պետական եւ ոչ մի ինստիտուտի:
Մինչդեռ, չկա ժողովրդավարություն` առանց անկախ դատական համակարգի եւ, ինչպես ասում են` պետության մասին դատիր այնպես, ինչպես նրանում դատում են:
Զարմանալին այն է, որ արդարադատության, մարդու իրավունքների, մասնավոր սեփականության պաշտպանության մասին խոսում են նրանք, ովքեր գործնականում ամեն ինչ անում են անհավասարության, անարդարության, ամենաթողության եւ անպատասխանատվության մթնոլորտը պահպանելու համար: Արդյունքում Հայաստանում ձեւավորվել է արտոնյալների խավ կամ, ինչպես իրենք են սիրում անվանել, էլիտա: Հայաստանին պետք է ոչ թե դեգրադացված էլիտա, այլ վերնախավ` մտավոր, գիտական, մշակութային, տնտեսական:
Վերնախավ, որը կծառայի մարդուն, այլ ոչ թե հակառակը: Մեր ամենամեծ կապիտալը Մարդն է:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծման հիմքում դրվել է անհատի գերակայության սկզբունքը: Ժողովրդավարությունը ոչինչ է` առանց մարդու ազատության: Ազատությունը բացարձակ արժեք է, ինչպես մարդու կյանքը:
Միայն ազատ Հայաստանը կարող է ապահովել իր քաղաքացիների բարեկեցությունն ու անվտանգությունը: Իսկ ազատությունը չի կարող պահպանվել հասարակության մեջ, որը չի ձգտում արդարության: Չկա ազատություն` առանց արդարության: Արդարությունը պահանջում է ձգտել ոչ միայն իրավունքների հավասարության, այլեւ քաղաքացիների հնարավորությունների հավասարության` իրենց ստեղծագործական ներուժը եւ ունակություններն ինքնիրացնելիս, ինչպես նաեւ` երաշխավորել արժանապատիվ գոյություն նրանց համար, ովքեր զրկված են դրանից:
Բոլորն են խոսում պայծառ ապագայում բարեկեցիկ կյանքի մասին: Սակայն մենք առաջին հերթին պարտավոր ենք ապահովել բարեկեցիկ ներկա: Մենք չպետք է հարմարվենք այսօրվա իրականության հետ եւ մտածենք միայն ապագայի բարեկեցության ու զարգացման մասին: Դա հարմարվելու եւ թուլության նշան է:
Մենք պարտավոր ենք մտածել Հայաստանի ամենօրյա եւ դինամիկ զարգացման մասին, որտեղ քաղաքացին պետք է լինի հիմքերի հիմքը: Վերջապես պետք է հասկանալ, որ ժամանակն է անցնել մարդակենտրոն քաղաքականությանը: Այլապես երկիրը պետություն չի դառնա: Միայն պետությունը կարող է եւ պարտավոր է դիմակայել հասարակության առջեւ ծառացած մարտահրավերներին, այդ թվում` եւ առաջին հերթին` կասեցնել սոսկալի արտագաղթը, որը Հայաստանը հյուծում է այնպես, ինչպես ներքին արյունահոսությունն է հյուծում մարդուն: Հետեւաբար պետք է փոխել իշխանությունը, այլ ոչ թե հայրենիքը:
Արտաքին քաղաքականության ոլորտում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության որդեգրած հիմնական սկզբունքներն են` հակամարտությունների խաղաղ կարգավորումը, բարիդրացիական հարաբերությունների հաստատումը, մրցունակ, ժամանակակից ազգերի ընտանիքում արժանապատիվ դեր ունեցող, միջազգային կառույցներին ինտեգրված եւ բարձր հեղինակություն վայելող պետության կայացումը: Մեր գերակայություններն են` Առաջին. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը, ԼՂՀ իշխանությունների մասնակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցություններին,
Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը հասնելը, Լեռնային Ղարաբաղը պետք է ունենա ապահով սահման Հայաստանի Հանրապետության հետ:
Երկրորդ. Հայաստանը պետք է ձգտի բարիդրացիական հարաբերություններ հաստատել բոլոր հարեւանների հետ: Հայ-թուրքական հիմնախնդիրը պետք է կարգավորվի առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհով, ինչը հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների համապարփակ զարգացման համար:
Երրորդ. Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը: Հայ ժողովրդի ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել եվրոպական քաղաքակրթական արժեքների համատեքստում: Ճանապարհը դեպի Եվրոպա Հայաստանի բարեկեցության ամենակարեւոր գրավականն է: Եվ մենք կդառնանք քաղաքակրթությունների կամուրջ:
Մենք խորապես գիտակցում ենք, որ մեր ընտրած ճանապարհը հեշտ չէ: Սակայն ոչինչ կյանքում հեշտ չի տրվում: Առավել եւս` քաղաքական պայքարում: Այս իրողությունների հստակ գիտակցմամբ` մենք մտնում ենք ընտրապայքարի մեջ, քանի որ մեր ծրագրերի իրականացման ամենաբնականոն ճանապարհը ընտրություններին մասնակցելն ու հաղթելն է: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որպես ազատական եւ դեմոկրատական ուժ, ընտրությունների միջոցով, Հայաստանի Հանրապետության իշխանության ձեւավորմանը մասնակցելու ուղին համարում է ամենագերադասելի, անցնցում եւ, թերեւս, միակ ճանապարհը: Այդ իսկ պատճառով, մենք ամենայն պատասխանատվությամբ ենք պատրաստվում մայիսի 6-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա ընտրություններին` որպես մրցունակ` ազատական-դեմոկրատական գաղափարներին դավանող քաղաքական բեւեռ: Միեւնույն ժամանակ, ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք պատրաստ ենք հանդես գալ նաեւ գաղափարական նույն նպատակները հետապնդող այլ քաղաքական ուժերի հետ միասին: Այդ համատեքստում է, որ մենք ցանկանում ենք «Ժառանգություն» կուսակցության հետ կազմել արդար միություն` դաշինք: Դաշինք, որի ձեւավորման հասարակական պահանջարկը, մեր խորին համոզմամբ, վաղուց է հասունացել: Դաշինք, որը կլինի իրավահավասար, ազատ եւ ժողովրդավարական: Մենք պետք է ունենանք քաղաքական կա՛մք, համարձակությո՛ւն, եղբայրաբար ձեռք սեղմենք` դրանով իսկ հիմք դնելով որակապես նո՛ր քաղաքական մշակույթի ձեւավորմանը: Մենք գտնում ենք, որ «Ժառանգություն» կուսակցությունն իրապես այն ուժն է, որն ազնիվ է իր նպատակների մեջ, իր գործունեության մեջ համահունչ է ժամանակի պահանջներին, ուժ է, որը ռեալ գիտակցում է համաշխարհային զարգացումները եւ դրանց արձագանքելու անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը: Ուստի, մեր երկու ուժերի միավորումը եւ հեռանկարային երկարատեւ գործունեությունը կարող է իրապես հանգեցնել երկրում ոչ թե ձեւական, այլ բովանդակային լուրջ փոփոխությունների: Իսկ փոփոխություններն անխուսափելի են:
Վերջում խոսքս ուղղում եմ Ձե՛զ, սիրելի՛ կուսակիցներ: Շնորհակալ եմ Ձեր հաստատակամության, սկզբունքայնության, ինչո՞ւ չէ` նաեւ քաջությա՛ն համար:
Վաղը մենք հաղթելու ենք` հանուն մեր գաղափարների ու նպատակների իրագործման, հանուն մեր երկրում բարեկեցիկ եւ արժանապատիվ ապրելու համար:
Մենք հաղթելու ենք մեր գաղափարներով ու ծրագրերով: Մենք հաղթելու ենք մտքի ուժով: Մենք հաղթելու ենք մեր վճռականությամբ»: