Մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին թվում էր, թե հայաստանյան քաղաքական իրականության մեջ ամենակարեւոր իրադարձությունը Հանրապետական կուսակցության հերթական` 13-րդ, համագումարն էր, պարզվեց` ո՛չ: Առավել մեծ է հետաքրքրությունը ԲՀԿ-ի այսօրվա համագումարի շուրջ:
Ամեն դեպքում երեկ որոշ կայքերում հայտնվեց նման բովանդակությամբ տեղեկություն: Ըստ այդմ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարի հանդեպ հասարակության մեջ «աննախադեպ հետաքրքրություն է ձեւավորվել», եւ որ հասարակությունն առավել անհամբերությամբ սպասում է հատկապես ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ելույթին: Ելույթը լինելու է պատմական, քանի որ, ըստ տարածված հաղորդագրության, հնարավորություն է տալու մարդկանց ստանալ «հուզող հարցերի պատասխաններ»: Կարճ ասած` համագումարն ամբողջությամբ կհեռարձակվի «Կենտրոն» հ/ը եթերով` մթագնելով շաբաթօրյա հեռուստաեթերի մյուս հաղորդումները:
ՀՀԿ համագումարի մեխը նախագահ Սարգսյանի ելույթն էր, որի համար, եթե հիշում եք, հաճելի նախադրյալներ ստեղծեց ՌԴ Պետդումայի պատգամավոր Արթուր Չիլինգարովը. նա իր բարիտոնով ընթերցեց ՌԴ նորընտիր նախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Վլադիմիր Պուտինի ուղերձը համագումարի պատվիրակներին: Բայց ՀՀԿ-ն նաեւ եվրոպական արժեքների կրող է, եւ դա ազդարարեց Եվրոպայի ժողովրդական կուսակցության փոխնախագահի ներկայությունը դահլիճում:
Վլադիմիր Պուտինի ողջույնն ակնկալում են նաեւ ԲՀԿ-ում: Սակայն ԲՀԿ համագումարը խոստանում է լինել ավելի ներկայացուցչական: Համագումարին հրավիրված են հեռավոր Չինաստանի կոմունիստական կուսակցության ակտիվիստներ, հյուրեր եղբայրական Բելառուսից եւ Ուկրաինայի իշխող` «Ռեգիոնների կուսակցությունից»: ԲՀԿ համագումարին անհամբեր սպասողների համար նաեւ անակնկալ կա. ներկա են լինելու նաեւ «եվրոպական որոշ քաղաքական ուժեր»: ԲՀԿ առաջնորդից հետո լինելու են տասնյակ ելույթներ: Համագումարից հետո նախատեսվում է հրապարակել կուսակցության համամասնական ցուցակը` լի հեղինակավոր ու անվանի անուններով:
Իշխող կուսակցությունների համագումարները հիշեցնում են մեր մանկության տարիները. միացնում ես հեռուստացույցը, իսկ այնտեղ, լեփ-լեցուն դահլիճներում, նստած են Կոմունիստական կուսակցության հազարավոր պատվիրակներ: Դահլիճում ասեղ գցելու տեղ չկա: Բոլորի դեմքին քարացած ակնածանք կա Առաջնորդի հանդեպ: Առաջնորդը մոտենում է ամբիոնին. ողջ դահլիճը հոտընկայս ծափահարում է: Նա մի կում ջուր է խմում: Հետո էլի է խմում… Ավարտում է ելույթը, դարձյալ օվացիա է:
Պատուհանից այն կողմ 21-րդ դարն է: Իսկ իրականությունը բացարձակ չի փոխվել: Խոշոր իմաստով` այնքան պարզ է խորհրդարանական ընտրությունների, պատգամավոր դառնալու փիլիսոփայությունը: Այդ դեպքում` ինչո՞ւ է այս մեծ իրարանցումը: Ինչի՞ համար են հանրապետության ողջ տարածքում կուսակցությունների զբաղեցրած այդքան շտաբները: Ի՞նչ ուղերձ ունեն ցածրարժեք սյուժեով համագումարները, որոնց վրա այնքան գումար ու էներգիա է ծախսվում:
Եվ այդ կուսակցություններն ամեն օր համալրվում են նոր մարդկանցով, մանր կուսակցություններով, որոնց գոյության մասին դժվար էր մինչ այդ գլխի ընկնել:
Տարօրինակ են մարդիկ. ազատությունը, սեփական կարծիքն ունենալը ու այն, առանց կուսակցության ղեկավարին հղում անելու, արտահայտելը ստորադասում են կուսակցական պայմանականություններին: Խորհրդարանական միապաղաղ, ստեղծագործական միջավայրից զուրկ մթնոլորտը գերադասում են իրենց բուն աշխատանքով զբաղվելու հաճույքին:
Մինչ վերջերս թյուրիմացաբար ընդունված էր համարել, որ նա, ում մասին ասում են` «հեղինակավոր» կամ «հեղինակություն», անվանի գիտնականներ, մտածողներ են: Հայաստանի անկախության 15-ամյակին երգիչ Թաթա Սիմոնյանին վաստակավոր արտիստի կոչում շնորհելուց հետո այդ թյուրիմացությունը վերջապես հաղթահարվեց: Մտածող, կարող մարդիկ ասպարեզից հեռացան` իրենց տեղը զիջելով ամեն կարգի վաստակավորներին: Եվ խորհրդարանում ցանկություն են հայտնում ներկա լինել երգչուհիներ, դիջեյներ: Եվ խնդիրն այն է, որ կուսակցություններն իրե՛նք են առաջարկում շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` որպես խոշոր հեղինակություններ, համալրել իրենց շարքերը:
Հ.Գ. «Գարնան 17 ակնթարթ» կինոնկարում Շտիռլիցն ասում էր, որ հիշվում է երկար խոսքի միայն վերջին միտքը: Հիշենք` բոլոր ընտրություններից հետո հաղթողները ծափահարում են եւ… բոլորին խնդրում ցրվել իրենց տները: