Երեկ ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել մարտի 14-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղի ունեցած բախումների վերաբերյալ: Հիշեցնենք, որ մարտի 14-ի երեկոյան ժամը 22:00-ին բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասված էր. «Հենց նոր կրպակների հետեւը ոստիկանները քաղաքացիական անձանց միջոցով սուտ կռիվ սարքեցին, ուժեղ գոռգոռոցներով ու հայհոյանքներով, հետո մեր ուշադրությունը շեղելով այդ կողմ` լցվեցին մոտ հարյուր ոստիկան, փակեցին շրջանաձեւ վրանը, ընդ որում` վրանի մեջ մարդիկ կային քնած, քաշեցին ճղեցին վրանը, մարդիկ մնացին գետնին, իրանք էլ քարշ տալով տարան, դրանից անմիջապես հետո կրպակների չափառների հետեւի ոստիկանները դարձան մոտ երեքհարյուր… Բոլորդ իջեք այգի, ոտնահարում են մեր իրավունքները, բռնի ուժով խաղաղ ցուցարարներին չեն թողնում իրենց խաղաղ ցույցը անցկացնեն»:
Իսկ երեկ ՀՀ ոստիկանությունն իր հաղորդագրության մեջ` անդրադառնալով այդ միջադեպին, գրել է. «ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողություններ, որոնք տարբեր գնահատականների են արժանացել մի շարք հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական նախաձեռնությունների, կուսակցությունների ներկայացուցիչների կողմից: Չնայած ՀՀ ոստիկանությունն իր նախորդ հայտարարության մեջ հանգամանորեն անդրադարձել է իրականացված գործողությունների իրավական հիմքերին, այդուհանդերձ, ԶԼՄ-ներով արտահայտվել են տարաբնույթ եւ իրարամերժ կարծիքներ ու տեսակետներ իրականացված գործողությունների իրավաչափության վերաբերյալ: ՀՀ ոստիկանությունը կարեւորում է հանրության ներկայացուցիչների տեսակետները նաեւ այն դեպքերում, երբ չի կիսում դրանք, եւ համաձայն վերջին ժամանակահատվածում ձեւավորվող ավանդույթի` իր պատրաստակամությունն է հայտնում իրենց դիրքորոշումն արդեն իսկ հրապարակած, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, «Մենք ենք այս քաղաքի տերը», «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտի», «Թռչկան», «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնությունների, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ` այլ շահագրգիռ կողմերի հետ անցկացնել կլոր սեղանի շուրջ քննարկումներ հետեւյալ հարցերի շուրջ.
– Ընդհանուր ազատությունը («թույլատրելի է այն ամենը, ինչն արգելված չէ օրենքով»)` որպես սկզբունք եւ իրավունք,
– «Հասարակական կարգ» եւ «հասարակական անվտանգություն» եզրույթների հասկացությունն ու բովանդակությունը,
– Հասարակական վայրերում վրանի/վրանների տեղադրման իրավաչափությունը,
– Ոստիկանության հայեցողության սահմանները, հարկադրանքի կիրառման նախապայմանները,
– Լարվածությունը թուլացնելու սկզբունքը Ոստիկանության գործելակերպում,
– Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը եւ ԵԱՀԿ չափորոշիչները վերը նշված հարցերի համատեքստում»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: «Կլոր սեղանի» քննարկումները տեղի կունենան մարտի 17-ին` ժամը 16:30-ին, ՀՀ ոստիկանության շենքում: