Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայն իր տեսաուղերձում մեկնաբանել է, թե ինչ կարող է անել ՆԱՏՕ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: «ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորմանը միջամտելու պլաններ չունի»,- ասել է նա` հավելելով, թե իրենք աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընթացող բանակցություններին: Նրա խոսքով` Մինսկի խումբը հատկապես վերջին շրջանում բախվել է լուրջ դժվարությունների հետ: Ըստ նրա` վերջին շրջանում ռազմական հռետորաբանությամբ կողմերից յուրաքանչյուրը փորձում է ցույց տալ իր ռազմական հնարավորությունները: «ՆԱՏՕ-ն հուսով է, որ հակամարտության լուծումը կգտնվի, սակայն ցանկանում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ դաշինքն այդ գործընթացում ներգրավված չէ: Մենք միայն պատրաստ ենք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբին` խաղաղ կարգավորմանն ուղղված հարցերում»,- ասել է Ապաթուրայը: Նրա դիտարկմամբ` միջազգային լրատվամիջոցները բավարար ուշադրության չեն արժանացնում այս տարածաշրջանը, սակայն այն իրականում կարեւոր` ռազմավարական նշանակություն ունի դիրքի, պոտենցիալի եւ էներգետիկ ռեսուրսների տարանցման առումով: